Էնքան զրկանք, որ ես եմ տեսել, Սերժին ու Քոչարյանին պաշտպանե՞մ

Էնքան զրկանք, որ ես եմ տեսել, Սերժին ու Քոչարյանին պաշտպանե՞մ

Նախօրեին Գյումրիից Երեւան ճանապարհին Փաշինյանի ավտոշարասյունը «պատահաբար» կանգնեցնող- ողջունողների թվում էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամ աշնակցի Ժորա Սափեյանը։ Նա նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի աջակցության հանրահավաքի կազմակերպիչներից էր՝ Թալինից մարդկանց էր հավաքել, բերել Երեւան։ Սափեյանը 2008 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական փուլում Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի պետն էր, եւ հունվարի 27-ին մի ծեծկռտուքից հետո նրան ու եղբորը մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հոդվածով, Ժորա Սափեյանը երկուսուկես տարի կալանք կրեց ու ազատվեց միայն 2010 թվականին:

Մի քրեական պատմության մեջ էլ Սափեյանները հայտնվել էին 2019 թվականին։ Եղբայրներից մեկի որդին՝ Անդրանիկ Սափեյանը, նշանակվել էր Թալինի ՋՕ պետի տեղակալ, սակայն նշանակումից մեկ օր անց ՋՕ ընկերության գործադիր տնօրենի կողմնակիցների հետ քաշքշուկ, ծեծկռտուք էր եղել, ու քրեական գործ էր հարուցվել։ Երեկ խոսեցինք Ժորա Սափեյանի հետ՝ հասկանալու համար, թե պատերազմով անցած մարդն ինչ մղումով է պաշտպանում պատերազմում պարտված իշխանություններին։ Սափեյանն ինքը նախահարձակ եղավ, թե ինչու էինք գրել, որ հավաքի կազմակերպիչն է։

- Ես ընդամենը գնացել էի քար բերելու էդ գյուղից, իմացա՝ ժողովուրդը հավաքվել ա, կանգնա ընդեղ, բայց ամբողջ մամուլը իմ անունն ա շոշափում, որ ես եմ կազմակերպել։ Չի կարելի, չէ՞։ Էս երկրի համար ոչ մեկ էնքան բան չի արել, որքան ես, իմ ընտանիքի անդամները վիրավորվել են արցախյան պատերազմին, երեք պատերազմ անցած մարդ եմ, ես բացի բարի գործերից, ծառ եմ տնկում, մի տարվա մեջ 4 հազար հատ դեկորատիվ ծառ եմ տնկել, երկիրը գեղեցկացրել։ Իսկ ինձ ասում են՝ Նիկոլի մարդկանցից ա, ի՞նչ Նիկոլի մասին ա խոսքը, ես պատահական կանգնել եմ Մաստարա գյուղի մոտ, քարի հանք գնալուց։ Բայց իմ անունն են տալիս, թե Ժորան ա կազմակերպել, ես ի՞նչ գործ ունեմ, որ կազմակերպեմ։

- Նոյեմբերի 18-ին է՞լ էիք պատահաբար հայտնվել Հանրապետության հրապարակում։

- Կոչը լսելով՝ եկել եմ Հանրապետության հրապարակ, բայց ոչ մի մարդու հետս չեմ բերել, մեր մարզից մարդ էլ չեմ տեսել ընդեղ։

- Դե, փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, խոսում են։

- Ի՞նչ են խոսում, ես ըտենց եմ ուզել, եկել եմ, որովհետեւ ես տեսել եմ, ընդեղ էդ պահին եթե զինադադար չլիներ, մարդ չէր մնա, ես էլ՝ հետը։ Կոչը լսելով, որ հավաքվում են հրապարակ, ասի՝ ես էլ գնամ, հաջորդ օրն էլի գնացել եմ։ Ես 44 օր չէ, 60 օր եղել եմ դիրքերում։ Պատերազմը վերջացել, զինադադար է կնքվել, երկրապահի տղերքի հետ գնացել եմ Շուռնուխ, Դավիթ Բեկ։ Ամենածանր զրկանքները կրել եմ, բայց իմ անունը շահարկում եք։ Ես ո՛չ երկրի թալանին եմ մասնակցել, ո՛չ մի բան։ Բարձրագույն կրթություն եմ ստացել, իմ հողուջրով ապրում եմ, աշխատում․․․ դարձել եմ ուրվական։ Բայց ըտենց չի կարելի, չէ՞, գրել «նիկոլական»։

- Լավ չեմ հասկանում․ մեկ ասում եք՝ աջակցում եք Նիկոլին, մեկ վատ եք զգում, որ «նիկոլական» են գրում։

- Աջակից եմ, բայց ոչ թե գնում եմ հատուկ իր համար հավաք կազմակերպում։ Ես ընդամենը հեղափոխության պաշտպան եմ, ես լեւոնական էլ եմ, արամսարգսյանական, ով առողջ է դատել, ես իր կողքին եմ։ Ինձ ո՛չ պաշտոն է պետք եղել, ո՛չ ձգտել եմ, ո՛չ էլ հիմա եմ ձգտում։ Ես եմ եղել պատերազմի մեջ, ես եմ տեսել զրկանքները, ես գիտեմ, որ եթե զինադադար չլիներ, ինչեր կլիներ։

- Իսկ Դուք չե՞ք լսել, որ շատ սխալներ ու թերացումներ են եղել, որ ասում են՝ եթե շուտ կանգնեցներ պատերազմը, այդքան զոհ չէինք ունենա, ԶՈՒ շտաբի պետը 4-րդ օրն է ասել՝ կանգնեցրեք, այսինքն՝ 5 հազար զոհը հե՞չ։

- Քաղաքական բաները ուրիշ է, բայց որ ես իմ աչքով տեսել եմ՝ զինված ուժերում ինչքան փոփոխություն ա եղել, սննդի ինչ ձեւի մատակարարում ա եղել, ինչ ձեւի է եղել հրամանատարների դավաճանությունը, դրա համար էլ ասում եմ՝ իրավիճակի լրջությունը պետք է ձեր աչքով տեսնեիք, որ հասկանայիք։

- ԶՈՒ շտաբի պետը, փաստորեն, իր աչքով չի տեսել եւ լսելո՞վ է ասել՝ կանգնեցրու պատերազմը։

- Հիմա էդ իրանց մակարդակի գործ է, ես ինձ թույլ չեմ տա ԶՈՒ-ն թերագնահատել, բայց ես տեսել եմ էդ մարդու արածն ու կոչը, բարեփոխումները, ես էդ արժեքն եմ պաշտպանել, թե ով ինչ է ասել, էդ իրենց խնդիրն ա։

- Փաստորեն, Դուք էլ եք կարծում, որ «մայկա-տռուսիկով» կամ ելակով բանակը հզորացրել են։

- Բա ո՜նց, մայկա-տռուսիկով․․․ հիմա դու եթե սոված ստամոքս ունենաս, կստացվի՞ աշխատանքը, ցուրտ տեղը նստեք, կստացվի՞ աշխատանքը։ Մայկա-տռուսիկ պիտի ըլնի, որ ամբողջ օրը էդ անձրեւին․․․ փոխան չկար մարդկանց հագը, բայց էդ օրը կար։ Քառօրյա կռվին ես տեսա, որ ոչ մի բան չկար, տռուսիկ-մայկան հագնում էին՝ ներկած էր, ներկը մնում էր մարդու մաշկի վրա, բայց էս պատերազմին փոխում էին, սումկի մեջ 4 հատ նասկի էր դրած, 6 հատ տռուսիկ, 6 հատ մայկա, խի՞ էդ տարբերությունները չեք ասում։

- Բայց, փաստորեն, առանց «տռուսիկի» կարողացանք պատերազմը հաղթել, իսկ «տռուսիկով» հանձնեցինք Արցախի մեծ մասը։

- Դե, էդ դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանին խի՞ Արցախի հերոսի կոչում չէիք տալիս, ասում էիք «հողատու», էդ մարդը էդ ժամանակ հաղթել էր, թե՞ Քոչարյանն ու Սերժն էին հաղթել։

- Դա ի՞նչ կապ ունի իմ ասածի հետ։

- Դե, էդ դեպքում Լեւոնին էլ թող չասեն «հողատու», ասեն «հաղթող նախագահ»։

- Բայց ո՞վ է ասել «հողատու»։

- Չգիտեմ, մամուլում են ասում։

- Իսկ կարո՞ղ է Ձեր նիկոլապաշտությունն ավելի շատ նախկինների նկատմամբ վրեժից է գալիս՝ նստել եք։

- Բայց ո՞վ է ասում, որ ես նիկոլապաշտ եմ։ Ես ասեցի, որ հեղափոխության արժեքների համար եկա հրապարակ․․․

- Ինչի՝ ամո՞թ է, որ Ձեր մտերիմներին էլ ասեք՝ եկեք գնանք պաշտպանենք հեղափոխությունը։

- Ես ինձ թույլ չեմ տա մարդ բերեմ։

- Ինչո՞ւ։

- Ի՞նչ գործ ունեմ ուրիշի հետ, բա որ ճանապարհին ավտովթար լինի, ասեն՝ Ժորայի պատճառով եղավ։ Մենակ պատերազմ գնալուց իմ ընտանիքին ասեցի՝ գնում եմ, կարող ա զոհվեմ, տղես հետս ա եկել, ախպերս, ախպորս տղեն եկան, վիրավորվեցին։ Էդ ո՞ր ընտանիքից է էդքան մարդ գնացել։

- Ընտանիքներ կան, որ երկու ժամկետային ծառայող եղբայրներ, հայր են կորցրել, ի՞նչ եք ուզում դրանով ասել։

- Ես ի՞նչ անեմ, որ ես չեմ զոհվել։ Ուզում եմ իմանալ՝ ո՞ր մեկն ա իմ չափ էս երկրի համար արել։

- Այսինքն, ով գնացել ու ողջ է մնացել, պիտի շնորհակալությո՞ւն հայտնի Նիկոլ Փաշինյանին, պաշտպանի՞ նրան։

- Չհասկացա, ա՜յ քեզի բան։ Բա ի՞նչ անեմ՝ Սերժի՞ն պաշտպանեմ, թե՞ Դաշնակցությանը, որ հարյուր տարի էս երկիրը քանդել են։

- Այսինքն՝ պիտի պարտադիր մեկին պաշտպանե՞ք, եթե ոչ նրան՝ ուրեմն մյուսի՞ն։

- Բա ի՞նչ անեմ, խելոք նստեմ տո՞ւնը․․․ Էնքան զրկանք, որ ես եմ տեսել, Սերժին ու Քոչարյանին պաշտպանե՞մ։ Որ մի բառի համար մարդիկ էին ծեծում, հեռուստաընկերություն էին փակում, ինձ Օպերայի փողոցն անցնելու համար բանտ են դրել, ընդամենը միտինգի համար։ Դատվել ենք, պատիժս ամբողջությամբ կրել եմ, իմ վրա ո՛չ համաներում է կիրառվել, ո՛չ բան։

- Վերջերս էլ հարցազրույց տվեցիք՝ ասելով, թե իբր Արթուր Աղաբեկյանն է կազմակերպել Հադրութի նահանջը, ասել է՝ հողերը վաճառված են, մարդիկ էլ փախել են, Աղաբեկյանը լկտի սուտ որակեց այդ հայտարարությունը։ Սրանով է՞լ էիք հեղափոխությունը պաշտպանում։

- Ես ինչ որ ճիշտն ա, ասել եմ, հիմա լրագրողը մի կետ փոխել է՝ հետ առաջ․․․ Ես իմ ամեն բառի, տառի համար պատասխանատու եմ։ Ես չեմ հասկանում՝ Դուք ինչի՞ եք դոշ տված պաշտպանում էդ հանցագործներին։

- Ո՞ւմ եմ պաշտպանել, այսինքն՝ եթե հարց եմ տալիս, նշանակում է պաշտպանո՞ւմ եմ։

- Հա, ըտենց է գալիս։ Մոռացել եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի միտինգներին ինչ զրկանքներ ենք տեսել։

- Մենք չենք մոռացել, դուք եք հաստատ մոռացել, որ ձեզ այդ օրերին պաշտպանողներից մեկն էլ մեր թերթն էր։

- Դե հիմա էլ օբյեկտիվ եղեք։

- Օբյեկտիվ ենք, որ հարցնում ենք՝ կարո՞ղ է նախկինների դեմ վրեժ ունեք, դրա համար եք Նիկոլին պաշտպանում։

- Ով էլ ըլնի, իրանցից լավ կլինի, ով լինի, մենակ դրանք չլնեն։
Դու ի՞նչ ես կպել Նիկոլին․․․ Զատո գիտեմ, որ Նիկոլը մաքուր մարդ ա, թալանչի չի։

- Ընդամենը մի քանի օր առաջ լրատվամիջոցները գրեցին՝ որտեղի՞ց Նիկոլի կնոջը 600 դոլարանոց շարֆ, ընտանեկան ճոխ ծախսերի մասին չենք ասում։

- Լավ, էլի, էդ ինչե՞ր եք ասում, կնգա թեման իմ համար բան չէ, ես չեմ ուզում մտնել էդ կանացի թեմաների մեջ։

- Բայց ժամանակին Քոչարյանի ու Սերժի կանանց «թալանի» մեջ մտնում էիք։

 Սափեյանն անջատեց հեռախոսը։