Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»՝ հայերեն

Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»՝ հայերեն

Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» գիրքը հայերեն թարգմանությամբ դրվել է ընթերցողի սեղանին: Գիրքը հայ ընթերցողին են ներկայացնում «Էդիթ Պրինտ» եւ «Կարապ» հրատարակչությունները: Թարգմանիչն է Քրիստինե Չիլինգարյանը: 
Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաեւ աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից եւ Ուիլյամ Շեքսպիրից: «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»՝ իր նորարարական վերջաբանով, նոր էջ բացեց դետեկտիվ ժանրի պատմության մեջ։ 1926 թ. լույս տեսած վեպը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ ստեղծագործություններից մեկը։

Անգլիայի խաղաղ գյուղակներից մեկը՝ Քինգզ Էբոթը, ցնցվում է տեղի մեծահարուստ ու հարգարժան մարդկանցից մեկի՝ Ռոջեր Էքրոյդի սպանության լուրից։ Առաջին հայացքից պարզ թվացող գործն աստիճանաբար ավելի ու ավելի խճճված ընթացք է ստանում։ Եվ միայն Էրքյուլ Պուարոն, որ երջանիկ պատահականությամբ անցել էր հանգստի ու ինկոգնիտո բնակություն հաստատել Քինգզ Էբոթում, կարող է բացել կծիկը։ Այս հարցում նրան օգնում է բժիշկ Շեփարդը, որի անունից էլ ներկայացվում է պատումը։

Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով եւ թարգմանվել աշխարհի շուրջ 100 լեզուներով: 2013-ին՝ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպի լույսընծայումից 87 տարի անց, Գրող-քրեագետների բրիտանական ասոցիացիան այն համարել է աշխարհի լավագույն դետեկտիվներից: