ՔՊ-ն ոչ թե կուսակցություն է, այլ՝ տոտալիտար աղանդ
Տեսակետը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ թե գաղափարների ու արժեքների շուրջ համախմբված մարդկանց միավորում է, այլ տոտալիտար աղանդ, ավելի ու ավելի մեծ հաստատումներ է ստանում: ՔՊ-ական վերնախավը Նիկոլ Փաշինյանին դիտարկում է ոչ թե կուսակցության ղեկավար, որին իրենք ընտրել են՝ որոշակի ծրագրեր եւ նպատակներ իրականացնելու համար, այլ համարում են իրենց ուսուցիչն ու դաստիարակը, որն ամեն պահի կարող է պատժել իրենց՝ թույլ տված յուրաքանչյուր զանցանքի կամ բացթողնման համար: Եվ դաստիարակն է յուրաքանչյուր անգամ որոշում՝ ով է սխալ եւ ով՝ ճիշտ, առաջնորդվելով միայն իրեն հայտնի նորմերի եւ վարքագծի կանոններով:
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Հովիկ Աղազարյանի անձնական կյանքին Փաշինյանի ունեցած հասանելիությանը, ասում է. «Մենք ԱԺ պատգամավորներ ենք եւ, ըստ էության, կարող է կոպիտ հնչի՝ չունենք անձնական կյանք, անձնական տվյալներ»: Իհարկե, հանրային գործիչների անձնական կյանքն ավելի հրապարակային է, որովհետեւ, եթե շարքային մարդը կարող է թաքցնել, թե ինքն ինչպիսի տան մեջ է ապրում, ինչ միջոցներով է ձեռք բերել այդ տունը, մեքենան կամ ամառանոցը, ինչպիսի անձնական կյանք է վարում, ապա հանրային գործունեություն իրականացնող անձանց դեպքում կա հրապարակայնության պահանջ: Հասարակությունն ուզում է իմանալ, թե արդյոք այդ միջոցները գողացված չե՞ն իրենից` բյուջեից, արդյոք այդ մարդը պահպանո՞ւմ է հանրային բարոյականության նորմերը, քանի որ նա տնօրինում է ոչ միայն իր անձնական կյանքը, այլեւ, ունենալով իշխանական լծակներ, կարող է ազդեցություն ունենալ հազարավոր, անգամ միլիոնավոր մարդկանց ճակատագրի վրա: Բայց պատգամավորի կամ նախարարի անձնական կյանքի հրապարակային լինելու պահանջը չի նշանակում, որ նրա անձնական տվյալներին պետք է հասանելիություն ունենա միայն երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը՝ կարողանալով այդ անձնական տվյալներն օգտագործել՝ ազդելու տվյալ անձի վարքագծի վրա, ստիպելու նրան՝ վայր դնել պատգամավորական մանդատը, կամ պետական պաշտոնից հրաժարականի դիմում պարտադրելու: Որ ում ուզենա, պատժի, իսկ ում ուզենա, ների գործած մեղքերի համար՝ իրեն դնելով Աստծո տեղը, ինչպես որ անում է Նիկոլ Փաշինյանը: Պետական գործիչների անձնական կյանքի հրապարակային լինելու հանրային պահանջը ենթադրում է, որ նրանց գործունեությունը պետք է տեսանելի լինի ողջ հանրությանը, եւ հանրությունը պետք է որոշի՝ տվյալ անձը խախտե՞լ է հանրային բարոյականության նորմերը, թե՞ ոչ, արժանի՞ է զբաղեցնել տվյալ պաշտոնը, թե՞ պետք է պաշտոնազրկվի:
Այն, որ Փաշինյանը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», ստեղծել է տիպիկ տոտալիտար աղանդ, դժվար չէ համոզվել՝ կարդալով, թե ինչպես են տարբեր գիտնականներ` հոգեբաններ, հոգեբույժներ, սոցիոլոգներ, բնորոշում տոտալիտար աղանդը: Ընդհանրական եզրակացությունն այն է, որ տոտալիտար աղանդները շարժումներ եւ կազմակերպություններ են, որոնք ցանկանում են լիակատար վերահսկողություն ունենալ մարդկային վարքի եւ մտածողության վրա, «հատուկ տեսակի ավտորիտար կազմակերպություններ են, որոնք ուղղված են իշխանության ու փողի տիրապետմանը` ղեկավարության եւ մերձավոր շրջապատի համար, որոնք թաքնվում են տարբեր դիմակների հետեւում»: Հաստատ՝ ՔՊ-ի մասին է գրված:
Ռուս սոցիոլոգ եւ գիտնական Դվորկինի սահմանման համաձայն, որը նա տվել է իր «Աղանդաբանություն․ տոտալիտար աղանդները» գրքում, «տոտալիտար աղանդները հատուկ կազմակերպություններ են, որոնց առաջնորդները, ձգտելով իշխանության իրենց հետեւորդների նկատմամբ եւ շահագործելով նրանց, թաքցնում են իրենց մտադրությունները կրոնական, քաղաքական, հոգեթերապեւտիկ, առողջապահական, կրթական, գիտական, մշակութային եւ այլ դիմակների տակ։ Տոտալիտար աղանդները դիմում են խաբեության, կպչուն քարոզչության՝ նոր անդամներ ներգրավելու համար, օգտագործում են գրաքննություն՝ իրենց անդամներին տրամադրվող տեղեկատվության նկատմամբ, եւ դիմում անհատների նկատմամբ վերահսկողության այլ ոչ բարոյական մեթոդների` հոգեբանական ճնշման, ահաբեկման եւ կազմակերպության անդամներին վերահսկելու այլ ձեւերի: Այսպիսով, տոտալիտար աղանդները ոտնահարում են մարդու ազատ աշխարհայացքի, ապրելակերպի, ազատ տեղեկացվածության իրավունքը»:
Անդրադառնալով տոտալիտար աղանդների հանցավոր լինելու կամ աղանդում հանցավոր բաղադրիչի հնարավորության վերաբերյալ հարցին՝ Ա. Դվորկինը նշում է. «Տոտալիտար աղանդներում կարող են լինել քրեական հանցագործության տարրեր, կարող են եւ չլինել։ Բայց գլխավորն այն է, որ եթե առաջնորդի կամքը բացարձակ է, ապա այդ հանցագործությունը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Ինչպես գիտեք, իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես։ Տոտալիտար աղանդի առաջնորդի համար ամենակարեւորն այն իշխանությունն է, որն ինքն ունի աղանդի անդամների նկատմամբ։ Հասկանալի է, որ այդ իշխանությունն էլ փող է տալիս, փողն էլ բազմապատկում է իշխանությունը, բայց, այնուամենայնիվ, իշխանության տենչն առաջնային է»։ Այնպես է նկարագրված, կարծես Դվորկինն ուսումնասիրած լինի հենց փաշինյանական իշխանությունը եւ տոտալիտար աղանդի մասին իր եզրահանգումները կառուցած լինի Փաշինյանի վարքագծի հիման վրա:
Ֆրանսիական հետազոտողները գրում են, որ կուլտային խմբում ներգրավվածության եւ պահպանման հիմնական մեխանիզմը «մտքի հսկողությունն» է, որն ուղղված է հետեւորդների արժեքային կողմնորոշումների համակարգի փոփոխմանը` կույր հնազանդություն առաջնորդին կամ կազմակերպությանը: Ըստ նրանց՝ հետեւորդներին գրավելու եւ պահելու, նրանց հոգեկանն ու վարքը հարկադրաբար վերահսկելու համար աղանդներն ակտիվորեն օգտագործում են հոգեբանության եւ քիմիայի բնագավառում գիտական զարգացումները՝ հոգեֆիզիոլոգիական ազդեցության մեթոդներ, հոգեմետ դեղեր, հոգեակտիվ նյութեր եւ թունավոր նյութեր:
Այս առիթով հետաքրքիր էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա, անդրադառնալով ՔՊ-ի ներքին էությանը, գրում է. «Իշխող խմբակի անմարդկային եւ ոչ գործընկերային, անհանդուրժողական հարաբերությունները միմյանց նկատմամբ՝ իրար պետական դավաճանության մեջ մեղադրելով, տպավորություն է ձեւավորվում, որ ՔՊ-ականների մեծ մասը թմրամոլներ ու գործակալներ են»: Կարելի՞ է արդյոք պատահականություն համարել, որ անձնական կյանքի գաղտնիության բացառման մասին խոսող պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտնի է նրանով, որ ոստիկանությունը նրա մոտ թմրանյութ է հայտնաբերել: Բայց Հովհաննիսյանի դեպքում Փաշինյանը նրա արարքը համարել է ներելի եւ թույլ է տվել, որ շարունակի պահել մանդատը եւ ծառայի իրեն, իսկ, օրինակ, Հովիկ Աղազարյանի դեպքում նորին աստվածային մեծությունը համարում է, որ Աղազարյանը պետք է մանդատը վայր դնի:
Իհարկե, մտածել, որ ՔՊ անդամների մեծ մասը Փաշինյանին համարում է նոր աստվածություն, իսկ իրենց էլ՝ նոր հավատի հետեւորդներ, միանգամայն միամտություն կլիներ․ թե՛ Փաշինյանը եւ թե՛ նրա աղանդի հետեւորդները ունեն մեկ աստված, դա փողն է եւ այդ փողին հասնելու հնարավորություն տված իշխանությունը: Երբ նրանց փորձում են զրկել այդ սրբությանը` փողին խոնարհվելու հնարավորությունից, նրանք միանգամից ուրանում են թե՛ Փաշինյանին, թե՛ նրա ուսմունքը: Վկան Հովիկ Աղազարյանն էր, որը վերջում հայտարարեց, որ իր համար Փաշինյանից ավելի բարձր հեղինակություն կա, ինչը տոտալիտար աղանդի քայքայման եւ կոռոզիայի ամենավառ դրսեւորումն է, որի համար էլ առաջացնում է Փաշինյանի ջղագրգիռ արձագանքը:
Կարծիքներ