Վարչական ռեսուրսով վարչապետը Եռաբլուրում ու Սյունիքում

Վարչական ռեսուրսով վարչապետը Եռաբլուրում ու Սյունիքում

Դեկտեմբերի 19-ին իմքայլական վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր աջակիցները գործի դրեցին ամբողջ վարչական ռեսուրսը դեպի Եռաբլուր սգո երթին մասնակցություն ապահովելու համար։ Բացի մարզպետարանների, պետական գերատեսչությունների աշխատակիցներից, մեծ մաս էին կազմում նաև նրանց ազգականները։

Այդ նույն օրը ծեծկռտուք եղավ Փաշինյանի ելքը Եռաբլուր արգելող քաղաքացիների և Փաշինյանի կողմնակիցների միջև, որոնց հարձակումը պատ կազմած ժողովրդի վրա սկսվեց ոստիկանական ուժերի կիրառումից հետո։ Արդյունքում բախումներ, փոխադարձ վիրավորանքներ ամենավերջին հայհոյանքներով, ու այս ամենն ընդամենը կապիտուլյացիա ստորագրած, Հայաստանում և սոցցանցերում ատելություն գեներացնող ինչ-որ մեկի համար, որը զբաղեցնում է վարչապետի աթոռը։

Դեկտեմբերի 21-ին էլ սյունեցիներն էին հավաքվել Սյունիքի դարպասների մոտ՝ թույլ չտալու Փաշինյանը մուտքը մարզ։ Այդ օրը իշխանությունը մեծ թվով ոստիկանական ուժեր կենտրոնացրեց այդ հատվածում, իսկ ինքը դեպի Սյունիք ճանապարհի մի մասն ուղղաթիռով գնաց, կարողացավ Սիսիանում հանդիպել փոքրաթիվ մարդկանց հետ, սակայն այդպես էլ ոտք չդրեց Մեղրի, Կապան, Գորիս համայնքներ, որոնք մերժել էին գործադիր իշխանության ղեկավարին ու պահանջել հրաժարականը։ Այդ օրը Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել․ «Առավել եւս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երեւան»։ Սակայն պարզ էր, որ ուժային գործողությունների չգնալու պատճառը ոչ թե սուգն էր, այլ մերժված և ոչ ընդունված լինելու հանգամանքը։ Եթե նա սուգ հարգող լիներ, նույն բանը չէր անի Եռաբլուրի դեպքում, առավել ևս սգո երթը չէր օգտագործի որպես իր՝ առանց այդ էլ «ասֆալտին հավասարվող» վարկանիշի ցուցադրության համար։

Անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառմամբ երթը կազմակերպելուն, դիմադրությունը ճեղքելով Փաշինյանի՝ Եռաբլուր մտնելուն ու բախումներին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոյանն ասաց, որ Փաշինյանն ուզում էր ցույց տալ, թե ինքը դեռևս ունի որոշակի աջակցություն, քանի որ միշտ ասում է, որ իր «աջակցիները ժողովուրդն են»։

«Ըստ էության երբ ինքը բաժանեց այսօրվա քաղաքական պայքարը «էլիտաների բունտի», չէ՞, որը որ «սահմանափակում է ժողովրդի ձայնը», ինքն ուզում էր ասել, որ մի կողմից էլիտաներն են, բայց մյուս կողմից ժողովուրդն է, բայց ակնարկում էր, որ, իբր, ժողովուրդն իր կողմից է։ Ես խիստ կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ կհիշեր, որ պետք է սգո օր հայտարարվի։ Ըստ էության, ինքը սգո օրը փորձեց օգտագործել երթը կազմակերպելու համար, որպեսզի փորձի ցույց տալ, թե իր հետևից ինչ-որ ուժեր դեռևս կան։ Ես կարծում եմ, որ ինչ-որ ժողովուրդ կա, չակերտների մեջ։ Դա պետք էր իրեն, որպեսզի ցույց տար ոչ թե ընդդիմությանը կամ հանրությանը, այլ նախևառաջ իր թիմին։ Որովհետև ինչպես ռուսներն են ասում՝ «разброд и шатания» (շփոթություն և տատանում - ՀՐԱՊԱՐԱԿ), այսինքն՝ տեսնում ենք, որ մարդիկ դուրս են գալիս, պաշտոնյաներ են հրաժարվում, մանավանդ շատ ցավագին է Փաշինյանի համար, որ ուժային կառույցներից են մարդիկ դուրս գալիս», - նշեց Հակոբյանը։

Ըստ նրա՝ սա ցույց տալու համար էր, որ ունի հենարան, աջակցություն, միևնույն ժամանակ Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ դա կարող է բերել բախումների, բախումների էր գնում ուժ ցույց տալու համար։ «Ցույց տալու, որ ուժայինների միջոցով, ինչ-որ օլիգարխների թիկնապահների աջակցությամբ կարող է, այսպես ասեմ, դիմադրություն ցուցաբերել։ Առանձանպես ոչ մի ուրիշ իմաստ այս ամեն ինչում չկար», - ընդգծեց քաղաքագետը։

- Սյունիք էլ գնաց՝ ճանապարհի մի մասն ուղղաթիռով, նույնիսկ այն համայնքները, որոնք մեծամասամբ մերժում են իրեն, չփորձեց մտնի, չդիմեց ուժայինների օգնությանը, ինչո՞ւ այդպիսի քայլի չգնաց Սյունիքի դեպքում։

- Եռաբլուր հնարավոր եղավ մտնելու, օրինակ, 3-4 հազար ուժայիններով՝ դրան գումարած մարզերից և պետական այլ կառավարչական համակարգերից վարչական ռեսուրսով, այսպես ասած, քերած-բերած մարդկանցով։ Կարծում եմ, որ Սիսիանում իրեն հայտնեցին, որ չի կարող, որովհետև այս անգամ այդ վարչական ռեսուրսով բերված մարզերից մարդիկ չկային։ Այսինքն՝ ինքը պետք է ապավիներ միայն զուտ ուժայիններին՝ առանց մեծ տուրուդմփոցի, գուցե նաև առանց արյունահեղության, հնարավոր չէր լինի մտնել։ Այն ժամանակ երթ էր ինքն անում, հետևից մարդիկ կային, բացի ուժայիններից նաև այլ մարդկանց որոշակի քանակ կար, որոնք հենց ֆիզիկապես էլ կարող էին մտնել։ Չնայած, մենք տեսանք, որ նույն տուրուդմփոցը եղավ, բայց կարծում եմ, որ Փաշինյանի ուժային խորհրդականները կամ ուժայիններն իրենց հասկացրին, որ առանց լուրջ բախումների, գուցե առանց արյունահեղության հնարավոր չէ։ Ինքն էլ իր ֆեյսբուքյան ստատուսում գրեց, որ իբր սգո օրով ուժային գործողությունների չի դիմում։ Պարզ էր, որ եթե մի 5 տանկ էլ ունենար Գորիսը կարող էր գրավել, Կապանն էլ, Մեղրին էլ հետը, բայց, ես կարծում եմ, որ իրեն ասեցին, որ այստեղ դիմադրությունը շատ ավելի լուրջ է, ու հղի է շատ ավելի լուրջ բախումներով։ Դրա համար էլ փոքրիկ մանիպուլյացիայով իր գրառումների մեջ, մունաթով, այսպես ասենք, իբր լավություն անելով կամ, չգիտեմ՝ ինչով, ինքն այդպիսի «ատմասկայով» դուրս եկավ խաղից։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նախ Եռաբլուր և Սյունիք այցելությունները համեմատեց 2 տարի առաջ Ազգային ժողովի լուծարման գործընթացների հետ։

«Տեսնում ենք, որ եթե 2 տարի առաջ վարչապետն առանց որևէ մի պաշտպանի կոչ արեց հասարակությանը միանալ Ազգային ժողովի շրջափակմանն, ապա շատ կարճ ժամանակ անց, բնականաբար առանց որևիցե վարչական ռեսուրսի, հազարավոր մարդիկ հավաքվեցին Ազգային ժողովի մոտ և աջակցություն հայտնեցին վարչապետին՝ լուծարելու այն ժամանակվա Ազգային ժողովը, որը հիմք դրեց արտահերթ ընտրությունների։ Այն ժամանակ վարչական ռեսուրս չկար, և զուտ վարչապետի կոչով տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան նրան պաշտպանելու։ Հիմա եթե համեմատում ենք այս այցերի հետ, մենք տեսնում ենք, որ վարչապետի կոչն այլևս չկար, և մարդիկ եկել են ոչ թե նրան աջակցելու, այլ քայլելու։ Իհարկե, հնարավոր է, որ շատ փոքրաթիվ կողմնակիցներ կային, բայց եթե առաջ տասնյակ հազարներ էին, հիմա շատ փոքրիկ խմբակ է, իսկ հիմնական մասը վարչական ռեսուրսով հավաքված մարդիկ էին, այն էլ ամբողջ վարչական ռեսուրսով ինչքան էլ հավաքեցին, հավաքեցին, մաքսիմում 8-10 հազար մարդ կարողացան հավաքել։ Այն էլ՝ այն վարչական ռեսուրսով, որը ստիպված էր գալ, ասենք, ոստիկանություն, արտակարգ իրավիճակների նախարարություն։ Այսինքն՝ այն կառույցներից, որոնք ուղղակի հրաման կատարողներ են և շատ դեպքերում ուղղակի չէին կարող չգալ», - նշեց Բադալյանը։

Քաղտեխնոլոգի խոսքերով՝ սա ցույց է տալիս, որ Փաշինյանի վարկանիշն էականորեն ընկել է ու մոտեցել ցածր ցուցանիշի, որն այլևս թույլ չի տալիս նրան հասարակության մեջ ունենալ տասնյակ հազարավոր կողմնակիցներ․ «Էլ չեմ ասում, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Իմ քայլի» օգտին քվեարկել է ընտրությունների մասնակիցներից 750 հազար մարդ»։

Հարցին՝ եթե համեմատում եք նախկինում Հանրապետականների կազմակերպած միջոցառումներին, իրավիճակը նո՞ւյնն է, պատասխանեց, որ Հանրապետականները մի քիչ ավելի գրագետ էին գործում, նրանց նկատմամբ կար ատելություն, դժգոհություն, բայց Ղարաբաղի այս վիճակը չկար։ «Հանրապետականներն էլ էին վարչական ռեսուրս բերում, այնպես չէ, որ նժդեհական գաղափարախոսության կողմանկիցներն էին գալիս, այնտեղ իրենք էլ մարդիկ ունեին, որոնք իրենց կողմնակիցներին էին։ Վարչական ռեսուրսը սկսեց աշխատել 1993-94 թվականներից, երբ որ արդեն սկսեց ընտրությունների կեղծման գործընթացը։ Եռաբլուրում, ըստ Բադալյանի, Փաշինյանը ցանկացավ ցույց տալ, որ «իմ դեմը խաղ չկա», «Հայաստանի Հանրապետությունում ես ում վրայով ուզեմ, ջարդելով կմտնեմ, իմ ուզածը կանեմ», եռաբլուրում դա հաջողվեց, իսկ Սյունիքում՝ ոչ։

- Ինչո՞ւ Սյունիքում այդպիսի քայլի չգնաց։

- Որովհետև Եռաբլուրը փոքր տարածք է, հնարավոր է ճեղքելով մտնել՝ բազմաթիվ ուժեր կենտրոնացնելով։ Բայց Սյունիքը մարզ է, այնտեղ շատ տեղեր պետք է ճեղքես-գնաս, մեքենաներով կարող են ճանապարհները փակել, Եռաբլուրը, հո՞ չէին կարող մեքենաներով փակել, այնտեղ մարդիկ են կանգնում։ Երբ որ մարդկանց դեմ դու բերում ես պարապած մարդկանց, այսինքն՝ ֆիզիկական ուժը հաղթում է ֆիզիկական ուժին։ Բայց Սյունիքում ուրիշ էր, այնտեղ արդեն մեքենաներով էին փակում։ Դու չէիր կարող անընդհատ մեքենաները ջարդելով գնայիր։ Մի խնդիր էլ կար․ արդեն ինքը սահմանամերձ տարածք է։ Այնտեղ էլ կամավորներ կան, կամավորները զենք ունեն, և ոչ ոք չի կարող 100 տոկոսանոց երաշխիքներ ունենալ, որ այդ իրավիճակում ինչ-որ մեկը հոգեբանորեն չի հայտնվի ոչ ադեկվատ վիճակում ու չի կրակի, եթե ոչ վարչապետի վրա, իրեն ուղեկցող ոստիկանների վրա։ Մի քանի հոգու էլ կրակի, այդտեղ կարող են բավականին լուրջ խնդիրներ առաջանալ։ Ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ այդպես չի լինի։

Փաշինյանը խիստ տապոռային ձևով է օգտագործում վարչական ռեսուրսը։ Հանրապետականն ավելի շատ էր օգտագործում, որովհետև ամբողջ իշխանական բուրգը հանրապետականացված էր՝ երրորդ նախագահից մինչև հեռավոր գյուղի գյուղապետ, դրա հետ միասին դպրոցի տնօրեններ, դրա հետ միասին ԺԷԿ-ի պետեր և այլն։ Քանի որ այսօր վարչապետի հենարան մնացել են միայն ոստիկանությունը, իր պահնորդական ծառայությունը և մի քանի ուժային նախարարությունները, բնականաբար նա կարող է վարչական ռեսուրսը միայն այդ կառույցներիից օգտագործել։ Իսկ շատ դեպքերում, ասենք՝ բուհերում և այլն, նա չի կարող ռեկտորին հրամայել, որ «քո դասախոսներին բե՛ր, մասնակի՛ց դարձրու» գործըթնացին, որովհետև բուհերից շատերը վարչապետի հրաժարականն են պահանջում։ Եթե դու վարչական ռեսուրսը վատ ես օգտագործում, թույլ, սխալ ես օգտագործում, դա սկսում է քո դեմ աշխատել, որովհետև դա էլ է տեխնոլոգիա։ Հիմա վարչապետի դեմ է աշխատում, որովհետև ինքը չկարողացավ, այն օգտագործելով, Սյունիք մտնել։