Քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան

Քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան

Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տունը։

«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։

«Մենք համապատասխան միջնորդություն ենք իրականացրել։ Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, որ անձին թույլ չի տրվում որոշումը կարդալ։ Պատճառաբանություններ, որպես այդպիսին, չեն բերվում։ Այնպիսի աննախադեպ իրավիճակ է, որ ես չեմ կարողանում մեկնաբանություններ բերել», - հայտարարեց Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել ենք, որ ՀՔԾ-ն դիմել է դատարան Հրայր Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու համար։  Ըստ հրապարակման՝ առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է, և վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը բավարարել է այն։ Արդյունքում, երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը և համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները։