Երբ նախարարը առանց տուգանվելու կկարողանա պատվաստել մի ողջ հանրություն․․․

Երբ նախարարը առանց տուգանվելու կկարողանա պատվաստել մի ողջ հանրություն․․․

Հարցազրույց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանի հետ 
-Որպես Առողջապահական խորհրդի անդամ՝ ինչ կարող եք ասել՝ Առողջապահության նախարարությունն ինչպե՞ս է արձագանքում խորհրդի կողմից բարձրացված հարցերին։ Արդյոք բա՞ց է առաջարկների համար։ 

-Մեր կոալիցիայի փորձից ելնելով՝ կարող եմ գնահատական տալ, որ նախարարությունը չափազանց փակ է աշխատում: Ցավոք, բայց առողջապահության ոլորտի քաղաքականություն մշակող մարմինը կամ մարմնի ղեկավարությունը չի գիտակցում, որ առողջապահական համակարգը ոչ թե իրենց «մտքերի» իրականացման հարթակ է, այլ բնակչության առողջության պահպանման և վերականգնման պատասխանատվության բեռ:

Կարող եմ բազում օրինակներ բերել այդ գործելաոճի և գերատեսչության, մասնավորապես գերատեսչության ղեկավարի այլ կարծիք կամ քննադատություն լսելու ունակության բացակայության վերաբերյալ: Մենք պետք է գիտակցենք, որ առողջապահությունը բոլորի համար է, այլ ոչ միայն «հեղափոխականների»:

-Որքան տեղյակ եմ՝ ԱԱՏՄ ում 3 վարույթ կա հարուցված ընդդեմ Առողջապահության նախարարության։ Մեկը Վահե Տեր-Մինասյանի, մյուսը Ձեր հայցով,  մեկն էլ՝ Մարինա Խաչատրյանի դեմ՝ ԱՆ-ի հակընդդեմ հայցն էր։

-Այո, կան վարույթներ, որոնց ընթացքը ԱԱՏՄ իրավասության տակ է և ես այժմ չեմ կարող տալ որևէ գնահատական այդ գործընթացին, սակայն ինձ խիստ մտահոգում է Առողջապահության նախարարության արձագանքը ԱԱՏՄ գործելաոճին և օրենքով այդ կառույցին վերապահված գործողություններին:

Ստացվում է այնպես, որ եթե ԱԱՏՄ-ն օրենքի սահմաններում վարույթներ է հարուցում և տուգանում է սովորական բուժաշխատողներին կամ ինչ-որ կառույցների,  դա լավ է, իսկ եթե այդ նույն օրենքի սահմաններում վարույթ է հարուցվում և տուգանվում է Առողջապահության նախարարության քարոզիչը կամ հենց նախարարը, ապա դա «հակապետական» գործունեություն է…

Տհաճ է գիտակցել, որ առողջապահության նախարարը, ով հանդիսանում է պետական գործիչ, կարող է ձեռնամուխ լինել մեկ այլ պետական կառույցի՝ ԱԱՏՄ ղեկավարին աշխատանքից հանելու գործին, ինչի մասին հենց նախարարը եթերում բարձրաձայնել է:

Արդյո՞ք մենք չենք կարող դա գնահատել, այնպես որ  առողջապահության նախարարը ցանկանում է ԱԱՏՄ ղեկավարին  տեսնել սեփական «դրածո», ով կտուգանի և, ինչպես լրատվականներն են մեջբերում՝ «պասլատ կանի» նախարարության գործելաոճը քննադատողներին։

Սակայն, օրինակ,  նախարարը կկարողանա առանց տուգանվելու նախարարության նիստերի դահլիճում պատվաստել մի ողջ հանրություն: Հասկանանք հետևյալը՝ օրենքի առջև հավասար են բոլորը՝ կլինի  նախարար թե նախարարի քարոզիչ: Այս աշխատելաոճը տարածվում է նաև այլ դեպքերում՝ ով համաձայն չէ նախարարության քաղաքականության կամ որևէ ծրագրի հետ, պիտակավորվում է, որպես «հակահեղափոխական»,  անհայտ անձանց կամ կենտրոնների կողմից «ֆինանսավորվող» և այլն… այսինքն եթե չկա լծակ լռեցնելու, կիրառվում են պիտակներ… 

-2020 թվականի համեմատ ԱՆ-ը ավելացրել է առաջնային ծառայությունների համար ֆինանսավոորւմը։ Արդյո՞ք բաշխումները տրամաբանական են ու իրատեսական։

-Առողջության առաջնային պահպանման օղակի աշխատավարձերի բարձրացման մասին առաջին որոշումը ընդունվեց 2018 թվականի օգոստոսին, իսկ երկրորդը՝ 2019 թվականի հունվարին: Միանշանակ ճիշտ է, որպեսզի բժիշկը ստանա արժանավայել աշխատավարձ և այդ մասին մենք դեռ 2014 թվականից բարձրաձայնել ենք, սակայն աշխատավարձի նման բարձրացումը պետական բյուջեին արժեցավ մոտ 7 մլրդ դրամ, ինչի արդյունքում յուրաքանչյուր բժշկի աշխատավարձը բարձրացավ մոտ 10-20.000 դրամով, ինչը չի կարող բժշկի կյանքի որակի փոփոխության գրավական լինել:

Այս փաստի հետ մեկտեղ ՀՀ քաղաքացիներին տրամադրվող բուժօգնության որակի բարելավում ևս չդիտվեց: Փաստացի, պետությունը ծախսեց 7 մլրդ դրամ և մենք որևէ նշանակալի փոփոխության ականատես չեղանք, այնինչ այդ գումարով հնարավոր էր լուծել որոշակի խնդիրներ, ինչի արդյունքում բնակչության ավելի մեծ շերտ կտեսներ շոշափելի արդյունք:

Իմ կարծիքով՝ աշխատավարձերի բարձրացման որոշումը հանդիսանացավ, այսպես ասած, «մեղքերի թողություն» նախարարի համար, քանի որ նրա ոչ էթիկական արտահայտությունները, մասնավորապես «փոքրիկ դագաղների» մասին, ինչպես նաև նրա պահվածքը ու արժեքների համակարգը, թույլ չէին տալիս, որ մասնագիտական հանրությունը «ընդունի» նրան, և աշխատավարձերի, թեկուզ չնչին, բայց բարձրացումը որոշակի հույս տվեց, որ նախարարը «կընդունվի»… սակայն այդ մեթոդն էլ մասնակի ազդեց…

-Ընդհանուր գծերով՝ ինչպե՞ս կարող էիք բնութագրել ԱՆ քաղաքականությունը այս մեկ տարվա ընթացքում։

-Հիմնականում պոպուլիստական… առողջապահության նախարարությունը որդեգրել է շատ վտանգավոր աշխատաոճ՝ մի կողմից լրատվամիջոցներով հայտարարություններ է տարածվում, որ այս կամ այն խմբի կամ այս ինչ հիվանդության պարագայում բուժօգնությունը անվճար է, բայց մյուս կողմից՝ այդ «դրական» ֆոնի վրա փորձում են իրացնել «իրենց վրա մնացած» պատվաստանյութեր, նույնիսկ ցուցումներից դուրս կիրառելով… մի կողմից նախարարությունը բարձրացնում է բժշկի աշխատավարձը, իսկ մյուս կողմից այդ նույն բժիշկներին լռեցնում է՝ սպառնալով աշխատանքից ազատումով և այս մեթոդներով փորձ է կատարվում հաստատել  միակարծություն և մենիշխանություն առողջապահության ոլորտում: