Ինչ է լինելու Արցախի ճակատագիրը

Ինչ է լինելու Արցախի ճակատագիրը

Վերջին 40 օրերի ընթացքում, ռուս-ուկրաինական պատերազմին զուգահեռ, աշխարհում ամենից շատ խոսվում է Լաչինի միջանցքի փակման մասին, բազմաթիվ քննարկումներ են եղել, տարբեր երկրներ, միջազգային կառույցներ դատապարտել են Ադրբեջանի պահվածքը, պահանջել են միջանցքի բացում։ Սակայն Ադրբեջանի իշխանությունն անդրդվելի է եւ տարբեր անհեթեթ պատճառաբանություններով դեռեւս շարունակում է փակ պահել այն, փաստացի արհամարհելով այդ արդարացի պահանջը:

Այլ խոսքով, Ադրբեջանն աշխարհին ասում է՝ ես թքած ունեմ ձեր պահանջների վրա, դա իմ տարածքն է, իմ ներքին խնդիրն է, ինչ ուզենամ, այն էլ կանեմ, այնպես որ, դուք զբաղվեք ձեր հարցերով: Փաստացի, Ալիեւն այնքան է լկտիացել, որ թքում է ԱՄՆ-ից սկսած բոլոր հզոր երկրների վրա, իսկ նրանք տարաբնույթ ձեւակերպումներով ընդամենը շարունակում են կրկնել իրենց անպտուղ առաջարկությունները՝ հայտնվելով ծիծաղելի իրավիճակում:

Տպավորություն է ստեղծվում, որ, մի կողմից, Թուրքիայի եւ Ադրբեջանի, մյուս կողմից՝ աշխարհի հզորների միջեւ գործում է մի ներքին պայմանավորվածություն. մենք կասենք, իսկ դուք շարունակեք ձերը, մենք ուժային միջամտությամբ չենք խառնվելու ձեր ներքին գործերին, քանի որ պահպանում ենք «դեմոկրատիայի» կանոնները: 

Մենք մեր գործն ենք անում, դուք էլ շարունակեք ձեր գործն անել, իսկ թե ինչ կլինի Արցախի 120 հազար խաղաղ բնակչության հետ, մենք իրավունք չունենք ուղղակիորեն որեւէ միջամտություն իրականացնել՝ խառնվել ձեր ներքին գործերին: Կարող ենք ընդամենը խաղաղության կոչեր հնչեցնել, որը եւ փայլուն կերպով անում ենք: Իսկ այս ամենն անգամ կույրին ու խուլին են պարզորոշ հուշում. հայեր, դուք ձեր գլխի ճարը տեսեք, փորձեք ինքներդ կարգավորել այդ հարցը, մանավանդ որ Հայաստանի իշխանությունը եւս՝ տարբեր մակարդակներով, մի շարք անգամներ հայտարարել է, որ ինքը չնայած կուզենար, որ այդ հարցը լուծվեր` ճանապարհը բացվեր, սակայն չի խառնվելու այդ հարցի լուծմանը, եւ հստակ առաջարկել է, որ դա Արցախի խնդիրն է ու թող ինքն էլ փորձի լուծել այն: Ուրիշ խոսքով, այդ հարցում տարբեր օտար պետությունների եւ Հայաստանի տեսակետները կարծես համընկնում են։ Եթե այդ հարցն Արցախն ինքը լուծի, իրենք չեն զլանա՝ կշարունակեն կոչեր եւ առաջարկություններ բարձրաձայնել...

Բնական է, որ այս հարցը հօգուտ Արցախի չլուծվելու պարագայում, մեծ հավանականությամբ, այն կբերի Արցախի հայաթափմանը, շատ արագ՝ նաեւ հայոց պետության եւ պետականության վերացմանը ...

Կարծում եմ, խնդիրն ավելի քան պարզ է, եւ այն պետք է լուծվի Արցախի, Հայաստանի ժողովուրդների եւ հայկական սփյուռքի մտահոգ հատվածի միասնական ուժերով...
Իհարկե, բոլորս ենք հասկանում, որ կանգնած ենք համարյա անլուծելի, չափազանց դժվար խնդրի առջեւ։ Ինչպես ասում են՝ աշխարհի հայությունը փաստացի հայտնվել է այնպիսի ողբերգական իրավիճակում, որ պետք է գլուխը քարով տա, քարը՝ գլխով եւ փորձի պատվով լուծել հայի, հայոց պետականության եւ պետության լինել-չլինելու այս գերխնդիրը, այլապես իրականություն կդառնա թուրքի վաղեմի երազանքը ...

Սա մեր լինել-չլինելու վերջին կռիվն է, եւ հուսով եմ, որ հայն իր իմաստնությամբ կընտրի խնդրի լուծման լավագույն՝ գուցեեւ միակ տարբերակը ու կշարունակի խաղաղ ապրելու իր հաղթարշավը։

ՀԳ. Հասկանում եմ նաեւ, որ ընթերցողը կարող է հարց ուղղել ինձ. եղբայր, եթե գիտակցում ես իրավիճակը, ինչո՞ւ ինքդ լուծման ճանապարհ չես առաջարկում: Հեշտ է, չէ՞, ամեն ինչ թողնել ուրիշների վրա։  

Ցավոք, սա իրականում մեկ հոգու լուծելու խնդիր չէ, այն պետք է լուծվի ազգովին, չնայած կարող է նաեւ մեկ մարդու առաջարկություն լինել...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ