Նոր նախագիծ՝ հօգուտ գեյերի և ՀՀԿ-ականների

Նոր նախագիծ՝ հօգուտ գեյերի և ՀՀԿ-ականների

ՀՀ կառավարությունը կարծես թե ամբողջ ուժով լծվել է ԼԳԲՏ համայնքի համար Հայաստանում մաքսիմալ ազատ ու իրավահավասար միջավայր ապահովելու սուրբ գործին։ Ավելի շուտ՝ մեր իշխանությունները որոշել են գեյերի, լեսբիների ու տրանսգենդերների համար այնպիսի օրենսդրական բազա ստեղծել, որ նրանք մեր երկրում մաքսիմալ պաշտպանված զգան։ Թեեւ այս գունագեղ համայնքի ներկայացուցիչները մեզանում տարբեր ժամանակներում պետական լուրջ պաշտոններ են զբաղեցրել ու մինչ օրս էլ զբաղեցնում են՝ անկախ այն բանից, թե ով է օրվա իշխանությունը, եւ միշտ ներգրավված են եղել մեր երկրի հասարակական, քաղաքական կյանքում, բայց մեր երիտասարդ իշխանությունները կարծես ավելի հոգատար են նրանց հանդեպ եւ դա անում են նաեւ օրենսդրական ճանապարհով։

ԼԳԲՏ ներկայացուցիչներն այլեւս առաջվա նման չեն թաքնվում հասարակությունից, ոմանք անգամ իրենց թույլ են տալիս մտնել ոստիկանական բաժանմունք եւ ոստիկաններ ծեծել։ Ավանդապաշտ հայերից ոմանք անգամ անհանգստանում են, որ մի օր հասնելու ենք նրան, որ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների իրավունքների պաշտպանությամբ անհրաժեշտ կլինի զբաղվել։

Այս քաղաքականության կողմնակից է նաեւ քաղաքակիրթ աշխարհը։ Հենց նրա թելադրանքով են պատրաստվում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, որտեղ այս խավի ներկայացուցիչների օգտին դրույթներ կան։
Բացի այդ, կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարության, e-draft.am-ում շրջանառության մեջ է դրել «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը, որը նախկինում մշակված, բայց աղմուկի պատճառով այդպես էլ չընդունված խտրականության մասին օրենքն է՝ այլ անունով։ Այս նախագծով ԼԳԲՏ համայնքին արտոնություններ են ընձեռվում, եւ արդյունքում՝ նրանք կարող են դատարաններին ստիպել, որ կլոր տարին իրենց իրավունքների պաշտպանության հայցեր քննեն։

«Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի հետ մեկտեղ, նույն նախագծում ներկայացված է նաեւ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծ, որը թերեւս շեղելու նպատակով է կից ներկայացվել։ Բայց բուն մեխը լրիվ այլ է։ Նախ՝ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծի բոլոր դրույթներում կարմիր թելի պես անցնում է խտրականության արգելքի մասին թեզը։ Օրինակ՝ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանվում է «խտրականություն» հասկացությունը եւ տեսակները, իրավահավասարության ապահովման սուբյեկտները եւ կառուցակարգերը, ինչպես նաեւ իրավահավասարության խորհուրդ է ձեւավորվելու։ Հետո խոսվում է անձանց իրավահավասարության մասին բոլոր բնագավառներում՝ պետական կառավարմանը մասնակցելու հավասար իրավունքներից մինչեւ աշխատանքային հարաբերություններ եւ այլն։ Եթե, օրինակ, մարդը՝ սեռով, ռասայով, կրոնական կամ այլ պատկանելությամբ պայմանավորված, խտրական վերաբերմունքի է արժանացել իր գործատուի կողմից, կարող է դիմել դատարան կամ համապատասխան վարչական մարմնին՝ իր իրավունքները վերականգնելու, նյութական եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում ստանալու համար։ Ընդ որում, խտրականությունը ոչ թե պետք է հայցվորն ապացուցի, այլ պատասխանողը՝ նրա վրա է դրված խտրականության բացակայության ապացուցման բեռը։
Այսինքն՝ ցանկացած ոք կարող է դիմել դատարան ու ասել, որ այսինչ մարմնի կամ ֆիզիկական անձի կողմից ինքը արժանացել է խտրական վերաբերմունքի՝ գեյ, բուդդիստ, սեւամորթ կամ, ասենք, ՀՀԿ-ական լինելու համար, ու պատասխանող կողմը պիտի ձեռուոտ ընկնի՝ ապացուցելու, որ ինքն որեւէ խտրականություն չի դրսեւորել տվյալ անձի նկատմամբ, որ հարգում է նրա ԼԳԲՏ գոյությունը։ Այսինքն՝ ոչ թե տուժողը պետք է ապացուցի դիմացինի մեղքը՝ իր իրավունքների ոտնահարումը, այլ դիմացի անձը պիտի ապացուցի, որ ինքն անմեղ է։

Ի դեպ, ճակատագրի հեգնանքով, այս օրենքի ընդունման պարագայում իրենց իրավունքները կկարողանան դատական կարգով պաշտպանել ոչ միայն գեյերն ու ազգային փոքրամասնությունները, այլեւ ավանդապաշտ ՀՀԿ-ականները։ Նրանք, որոնք իշխանափոխությունից հետո հեռացվել են աշխատանքից՝ ՀՀԿ անդամ լինելու պատճառով, կարող են դատարան ներկայացնել հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարատեսակ հայտարարությունները ՀՀԿ-ականների մասին եւ շահել դատերը։