Նիկոլ Փաշինյանն սկսել է առերեսվել ինքն իր հետ

Նիկոլ Փաշինյանն սկսել է առերեսվել ինքն իր հետ

«Տենց որ ասում ենք՝ ռազմավարություն, հայեցակարգ եւ այլն, եկեք տենց լուրջ դեմքերով ձեւ չանենք, թե մենք պետական կառավարման համակարգում ունենք պոտենցիալը՝ էդ ռազմավարությունները մշակելու։ Մեկ-մեկ նախարարություններից թղթեր ա գալիս, կարդում ես, ասում ես՝ էս ո՞ր դասարանի երեխա է գրել»։

Կառավարության երեկվա նիստում հերթական խոստովանությունն արեց ինչ-որ բանից զայրացած վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թե ինչու էր զայրացել, դժվար է ասել․ հերթական պոռթկումն էր, որը կամաց մենախոսության վերածվեց՝ շեղվելով քննարկվող հարցի թեմայից։ Ու կամաց-կամաց բորբոքվեց, դժգոհեց ու մեղադրեց։ Ում՝ դարձյալ դժվար է ասել, բոլորին՝ բայց ոչ իրեն։

Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նման ինքնախոստովանանքով է հանդես գալիս։ Նախորդ անգամ էլ անկեղծացել էր, թե պատգամավորներ կան՝ այնպիսի մոտեցումներ են ցուցաբերում որոշ հարցերի շուրջ, որ ուզում է պատուհանը բացել ու դուրս շպրտել նրանց։ Կարելի է ասել՝ հեղափոխությունից ավելի քան մեկուկես տարի անց Նիկոլ Փաշինյանի աչքերը սկսում են բացվել։ Եվ նա առերեսվում է ինքն իր եւ այն իրականության հետ, որում հայտնվել է։ Փաշինյանը հասկացել է, որ երկիր կառավարելը բարդ բան է, եւ որ իր հեղափոխական թիմում կան մարդիկ, որոնք պատուհանից դուրս շպրտելու են, կամ որոնց կազմած գրություններն աշակերտական թոթովանքներ են։ Եվ իշխանություն լինելը միայն վոյաժների մեկնելը, շնորհանդեսների մասնակցելը չէ, մեծարումն ու հարգանքը չէ, բարձր աշխատավարձերը չեն։ Երբ այդ ամենը երկնքից ընկնում է տարրական դասարանի մտածողությամբ մանկամիտների ու դիլետանտների գլխին, որոնց մեջ քիչ չեն տգետներն ու մեծամիտները,, ստանում ենք այսպիսի կառավարում եւ այսպիսի խորհրդարան։ Եվ «մանկապարտեզի» «դիրեկտորը» սկսել է քիչ-քիչ գիտակցել դա։

Դա վատ չէ, իհարկե, երբ մարդ կարողանում է ցուցաբերել բավարար կամք՝ ինքն իրեն, իրականությունը ճիշտ գնահատելու համար։ Նա, փաստորեն, առերեսվում է այն ամենի հետ, ինչն այսօր ինքը ստեղծել է։ Բայց Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ընդունել իր իսկ սխալները, իր մեղքի բաժինն այս ամենի մեջ։ Նա ամենուր եւ անընդմեջ մեղավորներ է փնտրում՝ առանց սեփական անձի մեղքը գիտակցելու։ Չէ որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ նա մարդկանց սկսեց հանել իրար դեմ, երկրի թիվ մեկ օրակարգային հարցը դարձրեց մարդկանց ասֆալտին փռելն ու բանտերը մտցնելը, անհեթեթ ու իրարամերժ հանձնարարականներ սկսեց տալ, անապացույց հայտարարություններ անել։

«Եվ ես ասում եմ, որ էս տարվա տնտեսական բոլոր ցուցանիշները եւ, ընդհանրապես, ամեն ինչն արվում ա ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Ես ուղիղ ասում եմ՝ որպես ՀՀ վարչապետ, ինչ հաջողություն եւ ձեռքբերում մենք էսօր ունենք, ամբողջ 100 տոկոս ի հեճուկս պետական կառավարման համակարգի է, ի հեճուկս բոլոր նախարարությունների»,- երեկ զայրացած հայտարարեց վարչապետը։ Ապա նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն էլ է տեղի ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։

«Եվ եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում ա․․․ եւ էդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա՛ ուրիշ տարբերակ, որովհետեւ Հայաստանի ժողովուրդն անձամբ ինձ եւ մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա, եւ ոչ թե մենք տարբեր առիթներով անընդհատ պտտվենք, պտտվենք»,- շարունակեց հակահեղափոխականներ բացահայտել Նիկոլ Փաշինյանը։