Մինչ շտապօգնությունը կմոտենար, վիրավոր կապիտանը մահացել է

Մինչ շտապօգնությունը կմոտենար, վիրավոր կապիտանը մահացել է

Կապիտան Հովհաննես Մարկոսյանը պատերազի օրերին եղել է Արցախի Մարտունիում, այնտեղ է մեկնել նոյեմբերի 3-ին եւ մահացել նույն ամսի 9-ին։ Մինչ այդ զինվորականը ծառայել է Քարվաճառում։

Ըստ կնոջ՝ պատերազմի օրերին հեռախոսազրույց ունեցել են, սակայն  իրեն չի ասել, որ Մարտունի 2-ում է․ «Այդ Մարտունու անունը լսելիս վախենում էի, խաբել էր, ասել, որ իրենք Ասկերանում են, համեմատաբար շատ ավելի հանգիստ տեղ։ Այդ օրն էլ, որ իմացա Մարտունիում է, նեղացա, բայց չէի ուզում ցույց տալ, ինքը հումորի վերածեց, ասաց՝ դու իսկական կապիտանի կին ես, հարցաքննեցիր, իմացար՝ ես որտեղ եմ, քեզնից գաղտնիք պահել չի լինում»։

Նա 2 ընկերների հետ մահացել է ԱԹՍ հարվածից․ «Սկզբում ասացին, որ վիրավոր է։ Մենք տարբեր ինֆորմացիաներ ունենք։ Ամենաճշգրիտներից մեկն այն է, որում ես համոզված եմ, որ ինքն իր տեղը զիջել է իր մյուս ծառայակից 18 տարվա ընկերոջը։ Շտապօգնության մեքենան մոտեցել է, ինքն էլ է նույնչափ ծանր վիրավոր է եղել գլխից, մարտական ընկերն էլ է վիրավոր եղել, տեղը զիջել է ընկերոջը, մյուս շտապօգնությունը չի հասցրել շուտ մոտիկանալ, մոտիկացել է 20-25 րոպե անց, մինչեւ եկել է մահացել է»։

Մինչ կհասցնեին ընտանիքին Հովհաննեսի մահվան լուրը, հարազատներով, ընկերներով բաժանվել են խմբերի եւ տարբեր հիվանդանոցներում նրան ման եկել․ «Իրենք ման էին գալիս որպես վիրավոր, բայց իրեն գտանք մորգում։ Իմ հետ մեծ խումբ էր գալիս տարբեր ուղղություններով, իրեն գտան ընկերները Գեղարքունիքի Մարտունիի հիվանդանոցում»։

12 տարվա նրա կինը՝ Հերմինեն, պատմում  է, որ ճակատագրի բերումով են հանդիպել եւ ամուսնացել, ունեն 2 անչափահաս որդի․ «Մի մարդ, որը չէր հավատում ճակատագրին, ամուսնացավ, սեր էր առաջին հայացքից։ Մենք շատ երջանիկ կյանք ենք ունեցել, ճիշտ է շատ դժվարություններով, բայց ամեն վայրկյանն երջանիկ  է եղել։ Հիմա շատ դժվար է, համակերպվել նրա չլինելու հետ, հնարավոր չէ»։

Կինն ամուսնուն բնորոշում է առաջինը որպես հումորասեր․ «Ընկերները, որ հավաքվում էին, գալիս էին, առանց ծափուծիծաղի չի անցել, ինքն ընկերության, միջավայրի հոգին էր, ընտանիքի հոգին, քայլող ուրախություն։ Ամեն պատմության մեջ հումոր ու արկած։ Երեխաներս հայրիկի հետ չափից ավելի կապված էին, իր խիստ գրաֆիկի մեջ անպայման էրեխեքի համար ժամանակ էր գտնում՝ խաղալու, շփվելու համար, պահը բաց չէր թողնում»։

Հերմինեի ներկայացմամբ՝ ամուսինն իրեն սովորեցրել է լինել ուժեղ ու ինքնուրույն, այդպես էլ ապրելու է․ «Ամեն պարագայում ինձ հիշեցնում էր՝ դու պիտի քայլը անես, բայց ես ամեն ինչ հետաձգում էի։ Ինքն ինձ կյանքի ընթացքում շատ ազատություն է տվել եւ շատ ձիգ ու պինդ մարդ է սարքել։ Իր համար ամենակարեւորն այն էր, որ իր էրեխեքն ունենան ազատ ձայնի իրավունք»։

Նա ծնվել էր 1979 թվականի հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: