Աշխատակազմի ղեկավարին գաղտնալսել են, սակայն նույնիսկ դա մեղադրանքները չի ապացուցում 

Աշխատակազմի ղեկավարին գաղտնալսել են, սակայն նույնիսկ դա մեղադրանքները չի ապացուցում 

Բերդի համայնքապետարանի աշխատակիցների ձեբակալության հիմքում բացի մեկ անձի ցուցմունքից նաև կա գաղտնալսում, որը թեև օրինական է արված, սակայն որևէ կերպ չի ապացուցում մեղսագրվող արարքը։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց երեկ ձերբակալված Սամվել Հովսեփյանի պաշտպանը։ Նա նշեց, որ գաղտնալսվել է աշխատակազմի ղեկավար Հասմիկ Մելիքյանը։

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էր Բերդի համայնքապետի պաշտոնակատար, գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանի տեղակալ Սամվել Հովսեփյանը։ Ավելի վաղ ձերբակալվել էին նաև համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հասմիկ Մելիքյանն ու Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ներկայացուցիչ Լևոն Առաքելյանը, նրանք մեղադրվում են Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենին իրենց քաղաքական ուժի՝ «Զորավոր համայնքի» օգտին քարոզչություն իրականացնելուն ստիպելու մեջ։ Նշված անձինք եղել են «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ցուցակում, և ընտրություններում ՔՊ-ին պարտության մատնելուց հետո ձերբակալվել են։

Ընտրությունների արդյունքներով «Զորավոր համայնքը» ստացել է 5683 քվե, իսկ ՔՊ-ն՝ 4297։ Ձերբակալված Սամվել Հովսեփյանը ցուցակի երկրորդ համարն է, Հասմիկ Մելիքյանը՝ 36-րդը, իսկ 1-ին համարը գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանն է, որը արդեն 11 ամիս է՝ կալանավորված է։ 

Սամվել Հովսեփյանի պաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, և ոչ ցուցմունքներում ոչ էլ գաղտնալսման ձայնագրության մեջ նրա անունը չի շոշափվում, իսկ թե ինչ հիմքով են նրան ձերբակալել, պաշտպանին էլ է շատ հետաքրքիր։ 

«Իրեն առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ մյուս 2 մեղադրյալներին։ Մենք ունենք որոշակի նյութեր մյուս մեղադրյալներին առաջադրված մեղադրանքների մասով, այդքանով կարող եմ ասել, որ փաստացի նույն արարքն է վերագրվում բոլոր երեքին։ Առհասարակ ցուցմունքում որևէ տեղ չի հիշատակվում Սամվել հովսեփյանի անունը, չի հիշատակվում որևէ գործողություն, որը վերաբերվում է Սամվել Հովսեփյանին, կամ որը որևէ կերպ մենք կարող ենք մեկնաբանել Սամվել Հովսեփյանի մասով, նման որևէ տեղեկատվություն չկա։ Հարցը ոչ թե այն է, որ ապացույցները բավարա՞ ր են, թե՞ ոչ, այլ այն, թե ընդհանրապես ապացույց կա՞, թե ՞ չկա, իր անունը որևէ տեղ չի շոշափվում թե՛ ցուցմունքում, թե՛ գաղտնալսման արձանագրություններում։ Ինձ էլ է հետաքրքիր, թե որն է նրան ձերբակալելու հիմքը, իրավական որևէ հիմք ես չեմ տեսնում այստեղ։ Մենք, բնականաբար, դատարանում վիճարկել ենք մեղադրանքները, կալանքի անհրաժեշտությունն ու իրավաչափաությունը, արդեն հերթը դատարանինն է»,- ասաց պաշտպանը։