Իրանը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական առումով ավելի խորը քայլերի է դիմում Աֆղանական ճգնաժամով

Իրանը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական առումով ավելի խորը քայլերի է դիմում Աֆղանական ճգնաժամով

Աֆղանական լարվածության ֆոնին Իրանի փոխոստիականպետն այցել է հարավարևելյան սահմաններ, իսկ իշխանություններն Աֆղանստանից պատվիրակություն են ընդունել։ 

Իրանի ոստիկանության պետի տեղակալ, բրգադային գեներալ Ղասեմ Ռեզայեիի կարծիքով՝ Աֆղանստանում առկա անապահովությունը «տարածաշրջանում գաղութային երկրների ներկայության արդյունքն է»:

Գրել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

«ԱՄՆ առաջնորդած գաղութային տերությունները տարածաշրջանում իրենց ոչ լեգիտիմ ներկայությամբ սարսափելի իրավիճակ են ստեղծել աֆղան ժողովրդի համար», -  ասել է նա՝ այցելելով Իրանի հարավ-արևելյան սահմանները:

Իրանցի գեներալը նշել է, որ համաձայն հաղորդումների, որ ստացել են, «Իրանի սահմանների անվտանգության վերաբերյալ անհանգստություն չկա»:

«Այսօր Աֆղանստանի ժողովուրդը պետք է մարդկայնական օգնություն ստանա աշխարհի այլ երկրներից, բայց նրանց լավագույն օգնությունը կլինի թույլ տալ ժողովրդական կառավարության ձևավորում՝ հիմնված ժողովրդի կամքի վրա, և թույլ չտալ օտարերկրացիներին միջամտել այս երկրի ներքին գործերին», - ընդգծել է Ղասեմ Ռեզայեին։ Իրանցի պաշտոնյան նշել է, որ «Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները տարածաշրջանում ավելի քան 40 տարի իրենց ապօրինի ներկայությամբ խաղաղություն ու հարմարավետություն են վերցրել տարածաշրջանի ազգերից»:

Փաստորեն իրանական ռազմական թևը խորը պատրաստություններ է տեսնում Աֆղանական ճգնաժամի ֆոնին։ Արդեն մի քանի օր է, Աֆղանստանում 1994 թվականին ստեղծված «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ է վերցրել երկրի մեծ մասը։ Թալիբանները հայտարարել են նաև, որ հարևան պետություններն իրենց սահմանների մասով անհանգստանալու բան չունեն, չնայած որ հուլիսի 8-ին հայտնի էր դարձել, որ Տաջիկստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ Աֆղանստանի հետ սահմանը պաշտպանելու մեջ օգնության համար: 

Աֆղանստանը և Տաջիկստանը պատմական խորը կապեր ունեն Իրանի հետ՝ լեզվական, կրոնական, մշակութային տեսանկյունից։ 

Իրանի հարավ-արևելյան սահմաններ ունի Աֆղանստանի  և Պակիստանի հետ։ Աֆղանստանում լարվածության աճի համածիրում հուլիսի 7-ից Իրանում էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը։ Նա նախ հանդիպել էր Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, այնուհետև՝ Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել էին երկկողմ հարաբերությունները, նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, ներառյալ՝ Աֆղանստանում ստեղծված պայթունավտանգ վիճակը կապված Թալիբական շարժման գործողությունների հետ։

Գործողությունների է դիմել նաև Իրանի դիվանագիտական թևը։ Իրանում բանակցություններ են ընթացել։ 

Աֆղանստանի ազգային հաշտեցման բարձր խորհրդի ղեկավարը, ողջունելով Իրանի կողմից միջաֆղանական բանակցությունների անցկացումը, ասել է, որ բանակցությունները աֆղանական ճգնաժամի միակ և լավագույն լուծումն են:

Ելույթ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնած Աֆղանստանի կառավարության պատվիրակության անդամների հետ հանդիպմանը՝ Աբդուլլա Աբդուլլահն ընդգծել է, որ բանակցությունները Աֆղանստանում ներկայիս փակուղուց ազատվելու միակ լուծումն են: «Մենք բազմիցս շեշտել ենք, որ Աֆղանական խնդրին ռազմական լուծում չկա: Մենք ողջունում ենք Թեհրանի բանակցություններում երկու կողմերի համատեղ եզրափակիչ հայտարարությունը », - ասել է նա:

Աբդուլլահը նաև ասել է. «Մենք Թալիբաններին կոչ ենք անում օգտագործել առիթը ապացուցելու համար ազգային մեծ հարցերը բանակցելու և լուծելու իր հանձնառությունները, քանի դեռ շատ ուշ չէ»:

Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պատվիրակության ղեկավար, Աֆղանստանի նախկին փոխնախագահ, խորհրդարանի նախկին նախագահ Յունուս Քանունին իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը հյուրընկալության և հյուրընկալության համար:

Բանակցությունների այս փուլում Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը նախագահում է Յունուս Քանունին, ով համարվում է աֆղան ազդեցիկ գործիչներից մեկը և երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել Աֆղանական ճգնաժամի հաղթահարման գործընթացներում։ 

«Թալիբան»-ի պատվիրակությունը գլխավորում է Մոհամմադ Աբբաս Ստանեկզայը՝ շարժման քաղաքական գրասենյակի ղեկավարի տեղակալը: 

Հուլիսի 7-ին Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները և «Թալիբան» քաղաքական առաջնորդների մասնակցությամբ Իրանի Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում սկսվել էր ներաֆղանական բանակցությունների երկրորդ օրը: Այս հանդիպմանը Իրանի արտաքին գործերի նախարարը նաև Իրանի պատրաստակամություն էր հայտնել աջակցելու միջաֆղանական խաղաղ բանակցությունների գործընթացին՝ առկա հակամարտություններն ու ճգնաժամերը լուծելու համար:

Բանակցությունների ավարտին տարածված համատեղ հայտարարությամբ Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման ներկայացուցիչները համաձայնել էին, որ «պատերազմն Աֆղանստանի ճգնաժամի լուծումը չէ»: