Ի՞նչ կփոխվի Օնիկ Գասպարյանի «վերադարձից»

Ի՞նչ կփոխվի Օնիկ Գասպարյանի «վերադարձից»

Պատերազմի առաջին օրից մինչ այսօր հայ հասարակությունն ինքն իր համար հերոսներ է կերտում՝ հիմնվելով այս կամ այն գործչի մի փոքր գնահատելի արարքի վրա, սակայն շատ շուտով գալիս է հիասթափության փուլը. պարզվում է՝ հերոսը ֆեյք էր: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պատասխանները՝ ուղղված թշնամի երկրների ղեկավարներին՝ «պատերա՞զմ եք ուզում, պատերազմ էլ կստանաք», ոգեւորեց շատերին: Մտածեցինք, որ եթե անգամ Նիկոլը չկարողանա պատերազմ ղեկավարել, Արցախն ապահով ձեռքերում է։ Ոգեւորիչ էր նաեւ վաղ առավոտյան Հարությունյանի՝ սուրճ խմելու լուսանկարը, որին հաջորդեց, իբր, Գանձակի օդանավակայանի պայթեցումը: Մի խոսքով, Հարությունյանը որոշ ժամանակ մերօրյա հերոսն էր: Սակայն  վերջում ջարդուփշուր եղավ այդ հերոսի կերպարը։ Հերոսացման ճանապարհին էր նաեւ Արծրուն Հովհաննիսյանը, ով 44 օր խաբում էր «հաղթելու ենք» ականջահաճո ավետիսներով: Ոմանք անգամ համացանցում գրում էին՝ երեխաս աղջիկ էլ ծնվի, անունը Արծրուն եմ դնելու: Արծրունն էլ, համեստաբար, թե՝ Շուշան դիր: Արծրունի հերոսացման փուչիկն էլ պայթեց: Վերջին «հերոսը» Օնիկ Գասպարյանն է, ում շուրջ խմորումները դեռ շարունակվում են…

Ի՞նչ կտա «Օնիկ ջան»-ի վերադարձը

ԳՇ հայտարարությունը, որով պահանջում էին վարչապետ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը, մեծ ոգեւորություն առաջացրեց ընդդիմադիր հասարակության մոտ, հանրահավաքները դարձան ավելի մարդաշատ, քանի որ արդեն ունեին նաեւ բանակին պաշտպանելու մոտիվացիա: Թվում էր, թե ուր որ է՝ իշխանափոխության հարցը կլուծվի: Օնիկ Գասպարյանը դարձավ թունելի վերջում երեւացող այն լույսը, որը պետք է երկիրը դուրս բերեր փակուղուց: Բայց դրան ի պատասխան, Փաշինյանն ինքը պահանջեց «Օնիկ ջան»-ի հրաժարականը՝ երեսով տալով, թե ով էր Օնիկը մինչ հեղափոխությունը, որ ինքն է նրան արժանացրել գեներալ-գնդապետի կոչմանն ու նշանակել ԳՇ պետ: Գասպարյանի ազատման թուղթը գնաց նախագահական, ետ եկավ, նորից գնաց,… Գասպարյանը նորից հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, թե դիմելու է վարչական դատարան: Բայց երկրորդ հայտարարությունը նման էր նահանջի հայտարարության. «Իմ ծառայությունը հայրենիքին եւ հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»։ Թե ինչ կարգավիճակով եւ ինչպես էր իր պայքարը շարունակելու պաշտոնաթող Գասպարյանը, հասկանալի չէր: Իսկ վերջում հավելել էր. «Հարգելի՛ գեներալներ, սպաներ եւ զինվորներ, զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակել ձեր անձնուրաց եւ ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին եւ ժողովրդին՝ հանուն զինված ուժերի զարգացման եւ Հայաստանի ու Արցախի հզորացման»։ Սա նման էր հեռացողի հուսահատ ուղերձի: Սկսվեց Օնիկ Գասպարյանի «ապահերոսացման» փուլը… Բայց վարչական դատարանը Գասպարյանին նորից վերադարձնում է իր պաշտոնին: Դրան ի պատասխան, վարչապետի աշխատակազմը պարզաբանում տարածեց, որով, կարելի է ասել, հայտնեց, որ հրաժարվում է կատարել դատարանի որոշումը:

Սյունեցի քահանան ու ԳՇ հրամանատարները 

Այնպիսի տպավորություն է, որ ԳՇ հրամկազմը, ինչպես նաեւ Օնիկ Գասպարյանը, որոշակի կաշկանդվածություն ունեն: 44-օրյա պատերազմը լի է մութ ու չբացահայտված իրողություններով, որոնց հետ կապված՝ հաջորդ իշխանության օրոք շատ բացահայտումներ են լինելու, թե ինչու են հրամանատարներն անկազմակերպ ու տարերային թողել ռազմաճակատը: Նրանք, բնականաբար, կատարել են գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները, գուցե նաեւ՝ «հրամանատարուհու»: Բայց երբ գա պատասխանատվության պահը, գերագույն գլխավորներն իրենց բնորոշ ձեւով բոլոր սխալներն ու պարտության տանող քայլերը կթողնեն հրամանատարների ուսերին: Հրամանատարները սա շատ լավ են գիտակցում: Հավանաբար, սա է պատճառը, որ նրանց քայլերում կաշկանդվածություն կա: Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո վարչապետ Փաշինյանը շտապեց գնալ հանդիպել ԳՇ հրամանատարական կազմի հետ՝ սիրաշահելու, գովաբանելու նրանց՝ բորբոքվող կրակը մարելու միտումով: ԳՇ հրամկազմը Փաշինյանի ներս մտնելուն պես ոտքի կանգնեց… հոտնկայս դիմավորեցին մի մարդու, ում հրաժարականը պահանջում են՝ համարելով, որ նրա «...անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»: Ոմանք արդարացնում են, թե դա զինվորական կարգուկանոն էր, որը պետք էր պահպանել: Եթե պահպանում են այդ կարգը, ապա շարունակում են Փաշինյանին համարել իրենց գերագույն գլխավոր հրամանատարը: Իսկ եթե չեն ընդունում նրան որպես այդպիսին, ապա դա ամենահարմար տեղն ու պահն էր, որ հրամկազմն արտահայտեր իր մերժումը եւ վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ: 

Ի՞նչ քայլեր կանի Օնիկ Գասպարյանն իր պաշտոնին վերադառնալուց հետո: Կգնա՞ կոնկրետ եւ գործուն քայլերի, թե՞ կբավարարվի միայն «օդում» հայտարարություններ անելով, դժվար է կանխատեսել: Եթե երկրի ղեկավարը երկիրը տանում է կործանման, եթե նա պաշտոնավարումից ի վեր պարբերաբար ոտնահարում է Սահմանադրությունն ու օրենքները, եթե երկիրը ղեկավարում է կամայականությամբ եւ վտանգում է նրա անվտանգությունը, ապա նրան հեռացնելու համար արդարացված են բոլոր միջոցները… իսկ այդ հնարավորությունն ամենաշատը ունի հենց բանակը, ԳՇ-ն: 

Հիշենք, թե ինչպես Սիսիանի եկեղեցու հոգեւոր հովիվը ձեռքով ցույց տվեց եկեղեցու դուռը` վարչապետին դուրս հրավիրելով եկեղեցուց։ Այսպես են մերժում, այսպես են հրաժարական պահանջում: Թե չէ ինչ-որ կարգուկանոն պահպանել մի մարդու հանդեպ, որը ոչ մի կարգուկանոնի մեջ չի տեղավորվում, ով «ի վիճակի չէ ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում», պարզապես անհեթեթություն է…