Տիգրան Ձիթողցյանը ցանկություն ունի Գյումրիում տուն ձեռք բերելու, արվեստանոց ստեղծելու

Օրերս գյումրեցի հայտնի Ձիթողցյանների ծոռը՝ Գյումրիում էր։
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Գյումրեցի հայտնի Ձիթողցյաններ գերդաստանի ծոռ, նկարիչ Տիգրան Ձիթողցյանին։
Վարդգես Սամսոնյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում անդրադարձել է Ձիթողցյանների հայտնի գերդաստանին, նրանց կողմից քաղաքին թողնված հսկայական ժառանգությանը, Գյումրու մշակութային կյանքում Ձիթողցյանների մեծ դերակատարության մասին ապա ընդգծել․«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Գյումրիում։ Պիտի նշեմ, որ Ձիթողցյանների թանգարանը Գյումրու բռենդներից մեկն է և քաղաք այցելողների հիմնական մասը թանգարանում է առավել մոտիկից ծանոթանում Գյումրու կենցաղին, նիստ ու կացին։ Մեծ է ցանկությունը Ձեզ հետ համագործակցելու և Ձեզ Գյումրիում ավելի շատ տեսնելու։ Պատրաստակամ ենք համագործակցել ու քննարկել Ձեր կողմից ներկայացված բոլոր ծրագրերը»։
Տիգրան Ձիթողցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ապա ընդգծել, որ ցանկություն ունի Գյումրիում տուն ձեռք բերելու, արվեստանոց ստեղծելու, քաղաքի հետ առավել սերտ կապեր հաստատելու և համագործակցելու։
Ողջույնի և շնորհակալության խոսքով հանդես է եկել նաև Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, ապա ընդգծել Տիգրան Ձիթողցյանի պարբերական ներկայության անհրաժեշտությունը Գյումրիում․ «Պատրաստակամ ենք ամեն ինչ անել, որ Ձեր ներկայությունն ավելի շատ լինի Գյումրիում։ Ձեր կողքին ենք և կաջակցենք Ձեզ՝ արվեստանոց ունենալու գործում»,-ավելացրել է Լ․Թովմասյանը։
Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։ 1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)
Կարծիքներ