Ադրբեջա՞նն է ռուսական C 400-ի իրական գնորդը

Ադրբեջա՞նն է ռուսական C 400-ի իրական գնորդը

Հղում անելով թուրքական AHaber-ին, ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ Թուրքիան կարող է Ռուսաստանից ձեռք բերված C 400 զենիթահրթիռային համակարգը տեղակայել Ադրբեջանում: Հայտնի է դարձել, որ թուրքական կողմը մոտ ժամանակներս Ադրբեջան կգործուղի հարյուր զինվորականի` ծանոթանալու ռուսական C 300  զենիթահրթիռային համակարգին:

Թե ինչքան ժամանակ թուրք զինվորականները կգտնվեն Ադրբեջանում` հայտնի չէ: Մամուլը գրում է, որ միայն Ադրբեջանում որոշակի հմտությունների տիրապետելուց հետո է, որ թուրք զինվորականները կմեկնեն Ռուսաստան` տեղում յուրացնելու C 400-ը շահագործելու ունակություններ:

Ուշագրավ է, որ թուրքական մամուլը խոսում է Ռուսաստանից ձեռք բերվող զենիթահրթիռային արդիական համակարգն Ադրբեջանում տեղադրելու մտադրության մասին` նշելով, որ նորագույն զինատեսակն ունակ է ոչնչացնելու ինչպես մարտավարական եւ ռազմավարական նշանակության օդուժի միջոցներ, այնպես էլ վայրկյանում շուրջ հինգ կիլոմետր արագությամբ թռչող հրթիռներ: Ինչպես հայտնի է, Հայաստանը զորահանդեսում ցուցադրել է «Իսկանդեր» հրթիռներ: Բացառված չէ, որ ռուսական C 400 համակարգի իրական գնորդն Ադրբեջանն է, որն այդ զինատեսակը ձեռք է բերում, որպեսզի հակակաշռի հայկական «Իսկանդերի» հնարավոր ազդեցությունը հավանական պատերազմի դեպքում: