Հայերին և մյուս միգրանտներին կտուգանե՞ն ռուսերենով վատ խոսելու համար

Հայերին և մյուս միգրանտներին կտուգանե՞ն ռուսերենով վատ խոսելու համար

Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկում է տուգանքներ մտցնել երկրում ապրող միգրանտների համար՝ ցածր «լեզվական վարկանիշի» համար։

«Լեզվի վարկանիշի ներդրման արդյունավետ ազդեցությունը պետք է գա հարմարվողական շրջանից հետո, օրինակ՝ նույնականացման քարտի ստացման օրվանից մեկից երեք ամիս հետո: Ցածր վարկանիշի դեպքում պետք է կիրառել ադապտացիոն վճար, որպես խթանող գործոն»,- Պետդումայում կայացած կլոր սեղանի ժամանակ ասել է ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան։

Նրա խոսքով, գերատեսչությունն առաջարկում է ներդնել քաղաքացու լեզվական հարմարվողականության գնահատման բալային համակարգ՝ «լեզվային վարկանիշ»: Այն հաշվարկվելու է օտարերկրյա քաղաքացու մասին փաստացի տեղեկատվության գնահատման ալգորիթմի հիման վրա։ 

Դրանից հետո միգրանտներին առաջարկվում է բաժանել մի քանի կատեգորիաների՝ ըստ ռուսաց լեզվի իմացության մակարդակի։

Կազակովայի խոսքով՝ ռուսաց լեզվի լավ իմացության համար միգրանտներին կարող է եկամտահարկի զեղչ տրամադրվել։ Զեղչի չափը, ըստ նախարարության առաջարկի, կարող է հասնել մինչև 50 տոկոսի։

Կազակովան նշել է, որ զեղչի չափը պետք է տարբերակել։ Ռուսերենի իմացության հիմնական մակարդակի համար պետք է տրվի 10% եկամտահարկի զեղչ, միջին մակարդակի համար՝ 15%, ամենաբարձր մակարդակի համար՝ 20%, իսկ ռուսաց լեզվին տիրապետող միգրանտներին պետք է տրվի  50% զեղչի իրավունք: