2018թ․ նախորդ տարվա համեմատ 138 տոկոսով ավելի դիմումներ են ստացել
Ինձ ծանոթ մանկավարժներից մեկը վերջերս հետաքրքիր դիտարկում արեց՝ թավշյա հեղափոխությունից հետո ով ինչ խնդիր ունի, գալիս է դպրոց, բարձրաձայնում, բողոքում։ Իսկ բողոքողների մի ստվար մասը ժամանակին ձայն-ծպտուն չէր հանում, երբ իր իրավունքներն էին խախտվում։ Լավագույն դեպքում նրանք անանուն նամակներ էին գրում գերատեսչություններ կամ թերթերի խմբագրություններ եւ փորձում այդ կերպ իրազեկել իրենց ոտնահարված իրավունքների մասին։
Հիմա վախի, դպրոցի տնօրենից, բուհի ռեկտորից թաքուն բողոքելու ժամանակներն անցյալում են։ Տեսնենք, թե բողոքների, ահազանգերի ինչ պատկեր է ուրվագծվել՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում ստացված բողոք-ահազանգերի, ուսումնասիրությունների արդյունքում։
Պարզվում է, որ ՀՀ կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ ԿՏՄ) 2018 թվականին ստացել է 354 դիմում-բողոք (ներառյալ թեժ գիծը):
Նույն տեսչության նախորդ տարիների ստացված դիմում-բողոքների վիճակագրությունն այսպիսին է. 2017թ.՝ 149, 2016թ.՝ 39, 2015՝ 19, 2014թ.՝ 26 դիմումներ: 2018 թվականին նախորդ տարվա համեմատ ստացվել են 138%-ով ավելի դիմումներ: Առաջին կիսամյակում ստացվել են 132, երկրորդ կիսամյակում՝ 222 դիմում-բողոք։
Ստացված դիմումներից 342-ը վերաբերվում են ուսումնական հաստատություններին, որոնցից 6-ը՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններին, 16-ը՝ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին, 24-ը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններին, 296-ը` դպրոցներին: 12 դիմում-բողոք ընդհանուր բնույթի է։
Դիմումների «առյուծի բաժինը» ստացել են մայրաքաղաքից (124-ը՝ 354-ից (35%)): Բողոքների թվով 2-րդ տեղում ՀՀ Լոռու մարզն է՝ 35 դիմում, երրորդ տեղում են ՀՀ Արարատի և ՀՀ Արմավիրի մարզերը՝ 34-ական: Իսկ ահա ամենաքիչ դիմումներ ստացել են ՀՀ Վայոց ձորի մարզից` 9 դիմում (3%):
Տնօրենի կողմից թույլ տրված անօրինականություններին են վերաբերում դիմումներից 143-ը՝ 40%, Երևանում այդ հարցին անդրադարձել են դիմումներից 39-ում, որը Երևան քաղաքից ստացված դիմումների 31% է: Դրամահավաքությանը վերաբերող հարց է արծարծվել դիմումներից 81-ում, որը կազմում է ընդհանուր դիմումների 23%-ը: Դրամահավաքությանը վերաբերող դիմումներից 41-ը Երևան քաղաքից են (50%-ը):
Անցյալ տարի իրականացված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ են հայտնաբերվել 67 ուսումնական հաստատություններում։
Կարծիքներ