Ծանր փորձություն

Ծանր փորձություն

Եթե անփորձ, երիտասարդ մարդկանց համար ամենամեծ փորձությունը իշխանությունն ու պաշտոնն են, որի «բեռին» քչերն են դիմանում եւ դրանից քչերն են պատվով դուրս գալիս, ապա ցանկացած կուսակցության համար լուրջ փորձություն է իշխանությունից զրկվելը, էլ առավել՝ խորհրդարանական ընտրություններում պարտվելը։ Կաբինետներում ու Ազգային ժողովում ընդդիմություն լինելը մի բան է, փողոցում ընդդիմություն լինելը՝ բոլորովին այլ բան, որից քչերն են կարողանում անկորուստ դուրս գալ։ Այդպես քաղաքական դաշտից, ըստ էության, հեռացան ու վերացան ՀՀՇ-ն, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, «Շամիրամը», «Երկրապահը», կոմունիստները, ՄԱԿ-ը, ՌԱԿ-ը, խամրեցին «Ժառանգությունը», ՀԺԿ-ն, ՀԱԿ-ը եւ շատ ուրիշներ։

Դժվար է դիմակայել, չկորցնել համակիրներին ու անդամներին, ասպարեզում մնալ, երբ չունես մանդատ եւ խորհրդարանական ամբիոն։ Այս ընտրություններից հետո նման փորձության առաջ են կանգնած Դաշնակցությունը եւ Հանրապետականը՝ երբեմնի հզոր, մարդաշատ եւ տասնամյակների, անգամ հարյուրամյակի պատմություն ունեցող 2 կուսակցություն։ Կկարողանա՞ն դիմանալ այս փորձությանը, վերարժեւորել իրենց անցած ուղին, գիտակցել իրենց սխալները, թարմացնել գաղափարախոսությունն ու ղեկավար կազմը եւ գոյատեւել մինչեւ հաջորդ ընտրություններ, թե՞ կհեռանան քաղաքական ասպարեզից՝ որպես կուսակցություն, որպես գաղափարակիցների միավորում։

Դրան, իհարկե, մեծապես կնպաստի նաեւ նոր իշխանությունը՝ արմատախիլ անելով ռեւանշի հնարավորությունը։ Եվ դա կարվի ոչ միայն նրանց մեղքերը  շարունակ «հիշելու» ճանապարհով, այլեւ նրանցից ոմանց աշխատանքային առաջարկներ անելու, նրանց ռեսուրսն օգտագործելու միջոցով։ Կկարողանա՞ն հավատարիմ մնալ իրենց կուսակցություններին եւ զերծ մնալ գայթակղություններից, կերեւա առաջիկայում։