Սարիկ Մինասյանի, ավելի ճիշտ՝ ՔՊ-ի, հայտարարության մեջ շանտաժի տարրեր կան

Ապրիլի 16-ին Գյումրի համայնքի ավագանին իր առաջին նիստում 18 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Գյումրու նախկին քաղաքապետ, «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու Վարդան Ղուկասյանին ընտրեց Գյումրիի համայնքապետ։ Ավագանու նիստը բոյկոտում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նիստի մեկնարկից առաջ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա։ «Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան: Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից»,- գրել էր նա:
Ավագանու անդրանիկ նիստի օրակարգում ընդգրկված էր 6 հարց։ Սկզբում ձևավորվեց ժամանակավոր հաշվեքննիչ հանձնաժողով։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվեց յուրաքանչյուր խմբակցությունից մեկական անդամ։ Այնուհետև համայնքապետի թեկնածուներ առաջադրվեցին։ Ավագանու կազմ անցած ուժերից երեքը՝ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» դաշինքները և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը վերահաստատեցին իրենց նախապես արված հայտարարությունները, որ թեկնածու չեն առաջադրի և կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին։ Վարդան Ղուկասյանն առաջադրումից հետո կարճ ելույթ ունեցավ, շնորհակալություն հայտնեց ավագանու կազմ անցած ընդդիմադիր ուժերին իր օգտին քվեարկելու համար։ Քվեարկությունը տևեց 30 րոպե։ Այնուհետև ևս 10 րոպե ժամանակ տրվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովին՝ ձայների հաշվարկի համար։ Վարդան Ղուկասյանը միաձայն ընտրվեց Գյումրու համայնքապետ։ Ապրիլի 19-ին տեղի կունենա Ղուկասյանի երդմնակալության արարողությունը, և 13 տարվա ընդմիջումից հետո նա կվերադառա քաղաքապետի պաշտոնին։ Ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են սպասվել առաջիկայում, Վարդան Ղուկասյանը կարո՞ղ է հաջողել այս համառ պայքարում, զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ, որի ղեկավարած կուսակցությունը ևս մասնակցում էր Գյումրու ավագանու ընտրություններին, բայց անցողիկ շեմը չհաղթահարեց:
-Իշխանական երկու տարածված նարատիվ կա Գյումրու ավագանու ընտրությունների մասով: Առաջինն այն է, որ որպես պատիժ կառավարությունը չի ֆինանսավորելու Գյումրին և այդ եղանակով Ղուկասյանի կառավարումը տապալելու է, երկրորդն էլ այն է, որ սա ընդամենը քաղաքի մենեջերի ընտրություն է և չարժե դրան այքան լուրջ վերաբերվել: Ըստ Ձեզ՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում:
-Երկու նարատիվներն էլ խիստ չափազանցված են: Իհարկե, համայնքի ղեկավարը մենեջեր է, բայց ընտրությունները համամասնական են, դրանց մասնակցում են կուսակցություններ և չի կարելի ասել, որ հանրապետության երկրորդ քաղաքի ընտրությունների արդյունքները չունեն քաղաքական ենթատեքստ: Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին ու սցենարներին, ապա պետք է ֆիքսել, որ գործող քաղաքապետը չունի ինստիտուցիոնալ մեծամասնություն, չկա ձևավորված կոալիցիա, ինչը ենթադրում է, որ փոքրամասնության քաղաքապետ է Վարդան Ղուկասյանը: Կա քաղաքագիտական աքսիոմ՝ փոքրամասնության քաղաքապետերը և վարչապետները որպես կանոն երկար կյանք չեն ունենում, միևնույն ժամանակ լինում են խոցելի: Վարդան Ղուկասյանը մի կողմից չունի կայուն մեծամասնություն, մյուս կողմից ամեն հարմար առիթով հայտնվելու է իշխանության թիրախում: Վարդան Ղուկասյանին կհաջողվի՞ ավագանիում ձևավորել մեծամասնություն՝ կոալիցիայի տեսքով, սա է հարցերի հարցը: Եթե չհաջողվեց նրան մեծամասնություն հավաքել, խնդիրները անխուսափելի են լինելու:
- Իսկ եթե հաջողվեց…. դա ինչի՞ց է կախված՝ Ձեր կարծիքով:
- Եթե հաջողվեց ավագանին կաշխատի բնականոն կերպով, իսկ կառավարությունն էլ` ուզի, թե չուզի սուբվենցիոն ծրագրեր կսկսի իրականացնել: Վարդան Ղուկասյանն ինքն է այսօր քաղաքապետը և ինքը պետք է ընդառաջ քայլեր անի ընդդիմադիր երեք խմբակցություններին, որպեսզի նրանք ցանկություն ունենան իր հետ քաղաքականության պատասխանատվությունը կիսել: Ես այլ ճանապարհ չեմ տեսնում: Ի վերջո, առանձին մյուս երեք խմբակցություններին պետք չէ խնդիր լուծել, նրանք բացի ՔՊ-ին մերժելուց այլ որևէ պարտավորություն չունեն ստանձնած: Այնպես որ Վարդան Ղուկասյանը չի կարող նման պայմաններում մենակ հաջողել: Ի դեպ, էական չէ, թե խոսքը որ քաղաքի մասին է, եթե պատկերն այսպիսին է, խնդիրներն անխուսափելի են:
- Վարդան Ղուկասյանի անվան շուրջ տարբեր պատմություններ կան, այսօրվա նրա աշխատանքը կտարբերվի՞ նախկինից՝ իշխանության թիրախում չհայտնվելու համար:
- Իշխանություններն ամեն ինչ կարող են անել: Ես ասել եմ ու նորից եմ ասում՝ Վարդան Ղուկասյանը ՔՊ-ի լավագույն այլընտրանքը չէր, իմ նախընտրական ելույթների ժամանակ էլ եմ այդ մասին ասել, բայց մյուս կողմից` կան հասարակական տրամադրություններ, ընդդիմադիր կուսակցություններից նա է ամենաշատ քվեն ստացել և դա պետք է ընդունել ի գիտություն: Իշխանությունը ռեպրեսիվ գործիքների մեծ տեսականի ունի: Սաբոտաժներ, խոչընդոտում, ֆինանսավորումից հրաժարում, տարբեր քայլեր կարող է անել Փաշինյանը: Բայց այստեղ այլ առաջնային խնդիր կա, Վարդան Ղուկասյանը նախ պետք է ավագանիում իր հարցերը լուծի, մեծամասնություն ունենալու համար, հետո նոր մտածի իշխանություններին դիմակայելու մասին: Եթե ավագանիում ես խոցելի, ակնհայտ է, թե իշխանության համար մանևերելը որքան դյուրին կլինի:
- Սարիկ Մինասյանը ասում է, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա: Տեսնո՞ւմ եք նման նախադրյալ:
- Արտահերթ ընտրություններ կարող են լինել, սակայն այս պահին ոչ մի նախադրյալ չկա դրա համար: Ավագանու նիստը տեղի է ունեցել, քաղաքապետ է ընտրվել, այ եթե ավագանու նիստերը հետագայում չլինեն, որոշումներ չկայացվեն, Սարիկ Մինասյանը կարող է նման հայտարարություններ անել: Այժմ այդ մասին խոսելը խիստ տարօրինակ է: Դեռևս մեկ նիստ է եղել և քվորում տեղի ունեցել է: Սարիկ Մինասյանի, ավելի ճիշտ՝ ՔՊ-ի հայտարարության մեջ ավելի շատ շանտաժի տարրեր կան, որ ամեն գնով սաբոտաժներ են անելու և խաթարելու են Գյումրու ավագանու բնականոն աշխատանքը:
Կարծիքներ