Ադրբեջանում խուճապ է. ի՞նչ է տեղի ունեցել սահմանին

Ադրբեջանում խուճապ է. ի՞նչ է տեղի ունեցել սահմանին

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հայկական տարածք ներխուժելու փորձ: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմից հայկական դիրքերին փորձել են մոտենալ «Ուազ» մեքենայով, նախազգուշական քայլերից հետո ադրբեջանցիները հեռացել են, ապա շուրջ երկու ժամ անց կրկնել փորձը՝ կիրառելով նաեւ հրետանային կրակ:

Պատասխան գործողություններից հետո հակառակորդը նահանջել է: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաստատել է, որ ունեցել է երկու կորուստ եւ հինգ վիրավոր: Բայց դրանով ամեն ինչ միայն սկսվում է: Ռազմական գերատեսչության հաղորդագրությանը հաջորդեցին Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիեւի «մեկնաբանությունները»: Ավելի ուշ կարճ տեսակետ տարածվեց նաեւ ԱԳՆ անունից: Այն դեպքում, երբ պաշտպանության նախարարությունը խոսում է հայկական կողմին «պատճառած ջախջախիչ կորուստների եւ հակառակորդի մոտ իշխող խուճապի» մասին, Իլհամ Ալիեւի օգնականը որեւէ հաջողության մասին չի խոսում: Նա միայն ակնարկում է, որ Հայաստանը փորձ է անում «հակամարտության մեջ ներքաշել այն կազմակերպություններին, որոնց անդամակցում է»: Խոսքն, անկասկած, ՀԱՊԿ-ի մասին է: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն միայն ընդհանուր բնույթի նկատառումներ է ներկայացրել՝ իրավիճակի «հետագա սրման համար պատասխանատվությունը» բարդելով Հայաստանի վրա:

Այս ամենի համատեքստում աչքի է զարնում մի նրբություն. Հայ-ադրբեջանական պետական սահմանի այդ հատվածում մարտական հերթապահություն իրականացնում են պետական սահմանապահ ծառայության զորքերը: Միջադեպի առթիվ, մինչդեռ, հաղորդագրություն տարածել է պաշտպանության նախարարությունը: Ավելին, հետագա տեղեկատվությունից պարզ է դառնում, որ սահմանի այդ հատված է գործուղվել ընդամենը երկու օր առաջ պաշտպանության նախարարի տեղակալ նշանակված Նիզամ Օսմանովը, որը, սակայն, ի պաշտոնե պատասխանատու է սպառազինությունների մատակարարման եւ զորքերի նյութա-տեխնիկական ապահովման համար: Ինչու՞ սահման է գործուղվել նա, ոչ թե, ասենք՝ ԶՈՒ ԳՇ պետը կամ նրա տեղակալներից մեկը: Ինչու՞ խոսք չկա պետական սահմանապահ ծառայության տնօրեն Էլչին Հուսեյնովի եւ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մասին:

Ի՞նչ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին: Դա սադրանք է միայն Հայաստանի՞, հակամարտության կարգավորման գործընթացի դեմ, թե ունի նաեւ ներքաղաքական ենթատե՞քստ: Ադրբեջանում արտգործնախարար Մամեդյարովի հրաժարականին սպասում են ժամ առ ժամ: Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է ԱԳՆ հյուպատոսական ծառայության վարչության պետին ձերբակալելու եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցով դատարան մտնելու մասին: Փորձագետները հավանական են համարում նաեւ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պաշտոնանկությունը:

Այս համապատկերին բոլորովին էլ բացառված չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը պայմանավորված է Բաքվում արդեն մի քանի ամիս շարունակ ընթացող ներկլանային սուր մրցակցությամբ: Բանակային վերնախավում, հավանաբար, քիչ թե շատ աչքի ընկած ամեն մի գեներալ իրեն տեսնում է պաշտպանության նախարարի պաշտոնում եւ կարող է ցանկացած արկածախնդրության գնալ: Որ սահմանային միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը չունի միասնական գնահատական՝ պարզ զգացվում է ՊՆ, ԱԳՆ եւ Իլհամ Ալիեւի աշխատակզմի տարածած հայտարարությունների նույնիսկ թռուցիկ վերլուծությունից: Ադրբեջանում քաղաքական տուրբուլենտությունը, կարծես, իրողություն է: Այս իրավիճակում կարող են լինել այլ սադրանքներ եւս: