Մարտի 1-ի գործով դատական համակարգը հատուկ աժիոտաժ է ստեղծել

Մարտի 1-ի գործով դատական համակարգը հատուկ աժիոտաժ է ստեղծել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք, Ավան նստավայրում այս օրերին բազմամարդ է։ Այստեղ արդեն մի քանի օր է ընթանում է Մարտի 1-ի գործով դատավարության առաջին փուլը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը։ Հենց առաջին նիստի ժամանակ ակնհայտ դարձավ, որ այս դատարանը համապատասխան դահլիճ չունի՝ դատավարությունը հանրային մեծ հնչեղություն ունի եւ մեծ թվով մարդիկ են ցանկանում մասնակցել դատավարությանը։ Իսկ դատավարության մասնակիցներից եւ դատը լուսաբանել ցանկացող լրագրողներից բացի քչերին է հաջողվում ներկա գտնվել, քանի տեղերը սահմանափակ են։ Այս պատճառաբանությամբ էլ ներս չեն կարողացել մտնել, մասնավորապես փաստաբան Սեդա Սաֆարյանը եւ ուրիշներ։ Ինչ իմաստ ուներ հենց այս դատարանում անել դատավարությունը, որը Նորքի 4-րդ զանգվածում է գտնվում՝ տեղի իմաստով Երեւանի կենտրոնից հեռու, դահլիճը փոքր եւ լսելիությունը դահլիճում՝ վատ։

Ահա թե ինչպես է բացատրել Նոր Նորք-Ավան նստավայրում դատավարությունը կազմակերպելու փաստը Երեւանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում․

«Շենգավիթի նստավայրում ավելի հարմարավետ դահլիճ ունենք, որտեղ դիտորդների նստատեղերն են քիչ, ավելի լավ պայմաններ են, բայց գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, որ նստում է Ավանի նստավայրում, եւ այն քննվում է Ավանի նստավայրում, շատ նորմալ է, շատ տրամաբանական է, այդպես էլ պետք է լինի»։

Պարոն Վարդազարյանը հավանաբար «մոռացել» է, սակայն մենք չենք մոռացել, որ Հոկտեմբերի 27-ի գործն, օրինակ քննում էր Մալաթիա Սեբաստիա դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը, բայց Վերաքննիչ դատարանի մեծ դահլիճում, որ բոլորը կարողանան մասնակցել։ Նույնը Վանո Սիրադեղյանի գործով՝ երբ Մալաթիա- Սեբաստիա համայնքի դատարանը գործը քննում էր վերաքննիչ դատարանում։ Իսկ Սասնա Ծռերի գործը քննելու համար երկու դատավոր՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանն ու Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը 6 ամիս ժամկետով գործուղվել են Էրեբունի և Նուբարաշենի ընդհանուր իրավասության դատարան, հատուկ այս գործը քննելու համար։ Առհասարակ՝ դատարանի դահլիճը փոխելը կամ՝ որեւէ դատավորի այլ դատարան գործուղելը սովորական պրակտիկա է, որը կիրառվում է արադարադատության համակարգում՝ եթե դրա անհրաժեշտությունը կա։

Իսկ երբ իշխանությունն ուզում է անհարկի աժիոտաժ ստեղծել, իրարանցում, կամ՝ որ դահլիճում հնարավոր քիչ մարդիկ ներկա լինեն, ցանկացողները դուրս մնան եւ անախորժություններ առաջանան, հենց այսպես է վարվում՝ գործն ուղարկում է ամենավատ դահլիճը, ամենավատ ակուստիկայով։