Սերբիայում ողբերգություն է. զոհեր և վիրավորներ կան

Սերբիայում ողբերգություն է. զոհեր և վիրավորներ կան

Սերբիայի Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանի 50-մետրանոց հովարի փլուզման հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։
«Զոհվել է 11 մարդ, երեքը փրկվել են։ Հնարավոր է՝ փլատակներում դեռ դիակներ կան», - ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ փրկարարական աշխատանքներին ներգրավված է մոտ 80 մասնագետ, մեծաքանակ տեխնիկա, իսկ փլատակները քանդելու համար դեռ ժամանակ կպահանջվի:

Նովի Սադի երկաթուղային կայարանի շենքը (կառուցվել է 1960-ականներին) վերանորոգվել է վերջին տարիներին՝ Բելգրադ-Բուդապեշտ ճեպընթաց երկաթուղու վերակառուցման և արդիականացման շրջանակներում։

Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել է «Սերբիայի երկաթուղիների ենթակառուցվածք» պետական ձեռնարկությունը, փլուզված հովարը չի վերանորոգվել ։
Պատահարի բոլոր հանգամանքներն ու պատճառները կպարզվեն:
Սերբիայի կառավարությունը նոյեմբերի 2-ը հայտարարել է սգո օր, իսկ Նովի Սադի իշխանությունները քաղաքում եռօրյա սուգ են հայտարարել։