Հիմա էլ բաժանվել են հայրենասերների ու թրքահպատակների

Հիմա էլ բաժանվել են հայրենասերների ու թրքահպատակների

Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի սահմանին զորավարժությունների են նախապատրաստվում։ Լուրեր են շրջանառվում, որ զորավարժություններին հնարավոր է միանա նաեւ Պակիստանը։ «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի հիմադիր-տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանը չի բացառում, որ դրանով պանթուրքիստական ուժերի համախմբում է իրականացվում։ Ըստ Ղումաշյանի՝ մենք Նախիջեւանով ճամփա տվեցինք ոչ թե Ադրբեջանին, այլ՝ Թուրքիային, ինչը պանթուրքիստական ծրագրի անկյունաքարերից է։

«Ուզում եմ հարց տալ մեզնից յուրաքանչյուրին՝ էլ ինչպիսի՞ փորձություն է հարկավոր, որ կարողանանք համախմբվել մեր անվտանգության ու բանակի շուրջը։ Ի՞նչ պետք է լինի, որ ի վերջո հասկանանք՝ միավորվելն ու բռունցք դառնալն այլընտրանք չունեն։ Գուցե զոմբիացնող վիրո՞ւս են տարածել․․.»։

Թշնամի երկրների օրեցօր ակտիվացման ֆոնին մերոնք զինվելու եւ բանակն ուժեղացնելու փոխարեն կազմաքանդում ու պառակտում են՝ մտահոգվում է հրամանատարը։ «Ավելին՝ ամենաբարձր մակարդակով բանակը քանդելու ագիտացիա է տարվում։ Ի՞նչ է նշանակում ծնողների պահանջը, թե իրենց երեխաներն Արցախում չպետք է ծառայեն։ Սա հակապետական վարքագիծ է՝ քրեորեն դատապարտելի արարք, ով էլ որ դա թույլ տված լինի։ Ռազմական դրության պայմաններում նման հայտարարություն անողներն արդեն պետք է բանտում լինեին։ Եթե մեկ-երկու հոգու նկատմամբ օրենքը կիրառվեր, մյուսներին դաս կլիներ։ Բայց արի ու տես՝ պատասխանատվության կանչելու փոխարեն վարչապետը նրանց ընդունում, բանակցում է հետները…»։

«Սեւերից ու սպիտակներից», «նախկիններից ու ներկաներից» բացի, գնդապետ Ղումաշյանը նոր տարանջատում է նկատում։ Ասում է՝ հիմա էլ բաժանվել են հայրենասերների ու թրքահպատակների։ «Պետության մեջ պետություն եմ տեսնում։ Սա վտանգավոր եւ անթույլատրելի տարանջատում է»։ 

Իր հիմնադրած ռազմամարզական վարժարանում Ղումաշյանը թուրքերենի մասնագետ է հրավիրել, ով սաներին սովորեցնում է թշնամու լեզուն։ Առաջիկայում նաեւ ադրբեջաներեն կսովորեցնեն։ Թշնամու լեզուն իմանալը կօգնի պատերազմի դաշտում ավելի համարձակ ու անկաշկանդ լինել՝ վստահ է գնդապետը։ Նրան անհանգստացնում է մեր դպրոցներում տարվող վտանգավոր քաղաքականությունը՝ թշնամուց վախենալու եւ նրա նկատմամբ հանդուրժող լինելու մասին։ «Դպրոցներում սպանված է ռազմահայրենասիրական ոգին, երեխաներին անընդհատ վախ ու հուսահատություն են սրսկում, սովորեցնում են, որ թուրքն ուժեղ է։ Էդ հոգեբանությամբ ի՞նչ զինվոր ու բանակ ենք ունենալու։ Այնքան հեռուն են գնացել, որ նույնիսկ Լենա Նազարյանն ԱԺ-ում հայտարարում է՝ դուք պարտված երկիր եք։ Իբր ինքն էս երկրից չի…»։ 

Երեք պատերազմ անցած գնդապետը միասնության եւ սպառազինության կոչ է անում։

«Պատերազմը քթներիս տակ է։ Իրար ուտելու փոխարեն՝ եկեք համախմբվենք, սպառազինվենք, ուժեղացնենք բանակն ու պատրաստ լինենք 7-րդ սերնդի պատերազմին»։