Ինքն անփոխարինելի է 

Ինքն անփոխարինելի է 

Էս մարդը չի գիտակցում, որ ինքը հասկանալու հետ խնդիրներ ունի: Խնդրեմ ապացույցը՝ «Կան երկրներ, որոնք ունեն հզորագույն բանակներ, բայց դա չի ապահովում նրանց արտաքին անվտանգությունը, որովհետև չկա խաղաղություն։ Արտաքին անվտանգության միակ երաշխավորը խաղաղությունն է։ Որևէ այլ բան արտաքին անվտանգություն չի երաշխավորում»։ Ենթադրում եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձի խոսքն առաջին հերթին հենց Իսրայելի մասին է: Վերջինս ունի աշխարհի հզորագույն բանակներից մեկը, սակայն այդ երկիրը խնդիր ունի արտաքին անվտանգության առումով: Սակայն դրա պատճառը ոչ թե խաղաղության բացակայությունն է, այլ մեկ այլ երևույթ: Դա այն է, որ Իսրայել պետության գոյությունը ձեռք չի տալիս մեզ բարեկամ Իրանին: 

Միաժամանակ, վաղ միջնադարից այդ երկրի պատմական տարածքներում հայտնված՝ պաղեստինյան կոչված արաբները ցանկանում են իրենց պետականությունը կերտել այդ տարածքների հաշվին: Իսկ Իսրայել պետության ղեկավարությունն էլ, ի տարբերություն Փաշինյան Նիկոլի, չի ցանկանում իր տարածքները զիջել: Ու փորձում է անվտանգությունն ապահովել ոչ թե տարածք զիջելու հաշվին, այլ ամրապնդելով երկրի պաշտպանունակությունը: Որովհետև տարածք զիջելու դեպքում այդ պահանջի վերջը չի երևալու, ինչը բնական երևույթ է: Եվ կստանա ոչ թե խաղաղության կողմից երաշխավորված արտաքին անվտանգություն, այլ պետության կործանում: Որովհետև ոչ թե խաղաղությունն է երաշխավորում արտաքին անվտանգությունը, այլ արտաքին անվտանգության ապահովմամբ է երաշխավորվում խաղաղությունը:

Եվ եթե իսկապես «միջազգային քաղաքականության թիվ 1 ձևակերպիչն ու բնորոշումը անորոշությունն է», ապա պետք է դիմագրավել դրա բերած մարտահրավերներին: Եվ ոչ թե, ինչպես ինքն է կարծում, ընդամենը փորձել հասկանալ «համաշխարհային գործընթացների խորքային պրոցեսները»: Բայց, ինչպես երևում է, խորքային պրոցեսները դիտարկելով էլ ինքը չի հասկանում Ալիևի հռետորաբանության փոփոխությունների պատճառը: Եվ ես ստիպված եմ «մեծարգո պարոն Փաշինյանին» բացատրել, որ դա տեղի է ունենում իր քավորությամբ ՀՀ-ի կողմից Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու հետևանքով: Որքան շատ է նա զիջում, այնքան ավելանում են Իլհամի պահանջները: Եվ դրա վերջը կգա ոչ թե խաղաղության պայմանագիր կոչված թղթի կտորի ստորագրմամբ, այլ Հայաստան պետության վերացմամբ: Ու այդ դեպքում մեր տարածաշրջանում կհաստատվի իրական խաղաղություն՝ մինչև այն պահը, որ սկսվեն խնդիրներ առաջանալ հարևան Վրաստանի հետ: Հատկապես որ առկա են դրա հիմքերը՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքի առումով վեճը և Վրաստանի հարավ-արևելյան մասի՝ Մարնեուլիի շրջանի ադրբեջանականացման վտանգը:

Եվ մի բան էլ. երբ տեղի է ունենում միաբևեռ աշխարհը երկբևեռ դառնալու գործընթաց, ապա ոչ մի թղթի կտոր՝ ինչպիսի անվանում այն կրի, երկար կյանք ունենալ չի կարող: Եվ այդ առումով ամենախոցելի դիրքում գտնվում է մեր հանրապետությունը: Որն անկախություն ձեռք բերելու օրվանից գտնվում է անվտանգային ռուսական համակարգում: Սակայն իր վարչապետության շնորհիվ աստիճանաբար զրկվում է այդ տանիքից: Եվ հընթացս փորձում է ձեռք բերել այդ համակարգին թշնամի երկրոդի աջակցությունը: Ինչը բերելու է ոչ թե անվտանգային համակարգերի մեխանիկական փոփոխության, այլ ցնցումների: Ինչը տեղի է ունենալու հենց մեր գլխին ու մեր հաշվին: Որքան հասկանում եմ՝ խորքային պրոցեսներն ընկալելու փորձ անող անձը դա ուղղակի չի գիտակցում: Եվ մի լրացուցիչ տեղեկություն ևս. աշխարհի փոփոխությունը չի սկսվել 2020 թվականի 44-օրյա պատերազմից: Այն սկսվել է ավելի վաղ՝ 2014 թվականի ուկրաինական երկրորդ «մայդանից»: Եվ հենց այդ ուղղությամբ էլ շարունակվում է մինչև այսօր: Իսկ իր գլխավոր հրամանատարությամբ մեր պարտությամբ արցախյան երկրորդ պատերազմն այդ գործընթացի ոչ առանցքային դրսևորումներից մեկն էր:

Հ.Գ. Ես, օրինակ, կամաչեի, որ լինելով երկրի վարչապետ, աշխարհաքաղաքական խորքային պրոցեսներից գլուխ չեմ հանում: Ու հրաժարական կներկայացնեի վարչապետի պաշտոնից: Բայց, ինչպես երևում է, դա իր համար չի ասված՝ ինքն անփոխարինելի է ու անփոփոխելի է…