Լոուրենս Ֆերլինգետի․ Ես սպասում եմ

Լոուրենս Ֆերլինգետի․ Ես սպասում եմ

Խոսքն ամերիկյան գրականության երակի վրա հայտնված Բիթ սերնդի մասին է՝ ամենաԿոտրված, հեղափոխական եւ խոցելիության աստիճան բաց։ Ամերիկայի անունի տակ՝ խոսքն այսուայն երկրի մասին է, որին վերջիվերջո մեկնումեկը պիտի բացահայտի, պիտի հասնի ինչ-որ Մեյֆլաուըր։ Մարդկանց մասին, որոնք վերջապես կհաղթահարեն-կանցնեն Տագնապի Ժամանակաշրջանները, կտեսնեն պատերազմներ չընդհատվող, Ցասման Ողկույզներն էլ կհավաքեն հաստատ։ Խոսքը Թոմ Սոյերին ինքն իր մեջ սպանելու մասին է։ Բաների, որոնք չեն կատարվի երբեք։ Բաների, որոնք կկատարվեն հեռավոր-հեռավոր մի երեկո, երբ հաջողվի ճիշտ ալիքը միացնել, երբ հաջողվի ողջ մնալ՝ անցնելով փոթորիկների միջով։ Խոսքն իմ եւ քո մասին է՝ շարունակ հրաշքի սպասող, որ ապրելը թեթեւանա օդի պես, դառնա նոր բացված ջրաշուշան կամ կանաչ թթու խնձոր՝ ըստ նախասիրության։ 

 

ես սպասում եմ որ հերթս հասնի
ու սպասում եմ
հրաշքի վերածննդին
եւ ես սպասում եմ ինչ-որ մեկին
որն ի վերջո կբացահայտի Ամերիկան
ու հեկեկում եմ
եւ սպասում եմ
Արեւմտյան սիմվոլիկ նոր սահմանների հայտնաբերմանը
եւ սպասում եմ թե
երբ Ամերիկայի Արծիվը
իսկապես կտարածի թեւերը
կուղղվի ու կթռչի ճիշտ ճանապարհով
ու սպասում եմ երբ Տագնապի Ժամանակաշրջանը
կմոտենա վերջին
եւ սպասում եմ պատերազմի ավարտին
որն աշխարհն ավելի ապահով կդարձնի
անարխիայի համար
եւ ես սպասում եմ
բոլոր կառավարությունների
հիմնահատակ ոչնչացմանը
ու մշտապես սպասում եմ
հրաշքի վերածննդին

ես սպասում եմ Երկրորդ Գալստին
ու սպասում եմ
Կրոնական Վերածննդին
որ կտարածվի ողջ Արիզոնայով
եւ անհամբեր եմ
երբ կհավաքեն Ցասման Ողկույզները
եւ սպասում եմ նրանց ապացույցներին
թե Աստված իսկապես ամերիկացի է
եւ սպասում եմ
երբ եմ եկեղեցու զոհասեղաններին դրված
Աստծուն տեսնելու հեռուստացույցով
միայն թե կարողանան 
ճիշտ ալիքը գտնել
ցույց տալու համար
եւ սպասում եմ
Վերջին Ընթրիքը մեկ անգամ էլ մատուցվի
ինչ-որ տարօրինակ նոր ուտեստով
ու իհարկե սպասում եմ
հրաշքի վերածննդին

ես սպասում եմ երբ են իմ համարին հասնելու
ու սպասում եմ Փրկության Բանակի իշխանության գալուն
սպասում եմ հեզերի օրհնությանն
ու հողակտորի ժառանգմանը՝ առանց հարկերի
եւ սպասում եմ
երբ են անտառներն ու կենդանիները
ետ պահանջելու իրենց հասանելիք երկիրը
եւ սպասում եմ
նացիոնալիզմը ոչնչացնելու
ինչ-որ ճանապարհ գտնեն
առանց մեկնումեկին սպանելու
ու սպասում եմ
երբ թռչուններն ու մոլորակները
անձրեւի պես ցած կթափվեն
եւ սպասում եմ սիրահարներն ու արտասվողները
նորից պառկեն կողք-կողքի
հրաշքի վերածննդի պահին

ես սպասում եմ Մեծ Բաժանումը հատեն-անցնեն
ու անհամբեր սպասում եմ
հավերժական կյանքի գաղտնիքի բացահայտմանը
ինչ-որ անհայտ գլխավոր բժշկի կողմից
ու սպասում եմ
կյանքի փոթորիկների
հանդարտվելուն
եւ երջանկության առագաստները բարձրացնելուն
եւ ես սպասում եմ
որ վերակառուցված Մեյֆլաուըրը
հասնի Ամերիկային
իր պատկերային պատմությամբ ու իրավունքներով
նախապես հնդկացիներին վաճառված
ու սպասում եմ
կորուսյալ երաժշտությունը նորից հնչի
Կորուսյալ Մայրցամաքում
հրաշքի նոր ծնունդի ժամանակ

ես սպասում եմ այն օրվան
որը ջրի երես կհանի ամեն ինչ
ու սպասում եմ՝
երբ Ամերիկան արժանիորեն կհատուցի
ամենի համար,
ինչ արեց Թոմ Սոյերի հետ
ու սպասում եմ
Ալիսը Հրաշքների Աշխարհից
իր ողջ անմեղ երազը
փոխանցի ինձ
ու սպասում եմ
Փոքրիկ Ռոլանդի
ամենավերջին ու մռայլ աշտարակում հայտնվելուն
ու սպասում եմ
Աֆրոդիտեն պարզի ձեռքերը
Վերջին զինաթափության ընթացքում
նոր հրաշքի վերածննդին

ես սպասում եմ
վաղ մանկությունիցս
անմահության մասին որոշ
հայտարարություններ ստանալուն
եւ սպասում եմ
կանաչ լուսաբացները կրկին գան
երիտասարդության լուռումունջ կանաչ դաշտերը վերադառնան
ու սպասում եմ
չկանխամտածված արվեստի մի քանի լարումներ
թափ տան գրամեքենաս
եւ ես սպասում եմ
մեծագույն անջնջելի բանաստեղծություն գրելուն
ու սպասում եմ
մի վերջին երկար անհոգ հիացմունքի
եւ անհամբեր սպասում եմ
երբ Հունական Սափորի վրա վազող սիրեցյալները
ի վերջո կբռնեն
ու գիրկը կառնեն միմյանց
ու ես անհամբեր եւ միշտ
սպասում եմ
ինչ-որ մի հրաշքի վերածննդին

Թարգմանությունը՝ Անահիտ ՂԱԶԱԽԵՑՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ