Սերժը «ճիշտ էր», Նիկոլը սխալվեց

Սերժը «ճիշտ էր», Նիկոլը սխալվեց

Փաշինյանի արտագնա այցերը, գրեթե առանց բացառության, լավագույն դեպքում ավարտվում են մեզ համար զրոյական նշանակություն ունեցող հետեւանքներով: Բացառություն է, թերեւս, Վրաստան կատարած վերջին այցը, որի արդյունքը կարող է կատաստրոֆիկ լինել, եթե, իհարկե, ընդդիմությունը չկարողանա կանգնեցնել Վրաստանում իրեն «կինտոավարի» պահած Փաշինյանին: Ի՞նչ է նշանակում`Վրաստանի վարչապետի միջոցով հաղորդագրություն ուղարկել Էրդողանին, թե արի դիվանագիտական հարաբերություններ հաստատենք:

Ասել ենք, չէ՞, որ Փաշինյանը պատերազմի հրձիգ է, «զակատ արած» կռիվ: Այդ մարդը, որ բացարձակապես չի տիրապետում որեւէ բանակցային գործընթացի, գլխից մեծ գործեր է բռնում, որոնք հղի են անկանխատեսելի վտանգներով եւ կարող են միանգամից ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանում, ոչ միայն ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, այլեւ ողջ տարածաշրջանում` ներառելով այնպիսի հզոր տերությունների, ինչպիսիք են Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Իսրայելը, ԱՄՆ-ն:

Ոչ բարով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, դու ի՞նչ գիտես թուրք-վրացական հարաբերությունների մասին, որ Ղարիբաշվիլուն միջնորդ ես բռնում մեր ու թուրքերի երկխոսության գործով: Կյանքումդ լսած կա՞ս, թե ինչպես է Էրդողանն Աջարիան եւ Բաթումը հայտարարում Թուրքիա: Իսկ գուցե քեզ թվում է, թե Ղարիբաշվիլին է՞լ քեզ նման հողատու դավաճան է: Իսկ Բաթումում իբր կորչելդ ո՞ր օպերայից էր, դա ի՞նչ էպատաժ էր, էդ ո՞ւմ ուշադրությունն էիր փորձում գրավել քեզ վրա:
Իսկ հիմա անուղեղ խորհրդականներիդ ու արտգործնախարարիդ հավաքիր, բան ունեմ ասելու: Հիշո՞ւմ ես Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկը: Ինչի՞ց սկսվեց այն: Այո, Գյուլին զանգելուց: Իսկ որտեղի՞ց զանգեց Սերժը: ՌԴ նախագահի` Մեդվեդեւի կաբինետից եւ, ենթադրում եմ, կրեմլյան գրանցում ունեցող հեռախոսից: 

Չլինի՞ թիմդ համոզված էր, որ դու Սերժից զիլ տղա ես ու կկարողանաս Սեւ ծովում գորտալող տալով՝ թուրքերի հետ դիվանագիտական կապեր հաստատել: Լավ, կարելի՞ է այդքան բոբիկ լինել արտաքին քաղաքականության մեջ, կարելի՞ է հիշողություն ասվածը գրպանը դրած` գլուխը տալ չիմացած պատերին ու փորձանքի մի դուռը չփակած՝ նոր դուռ բացել: Էրդողանը պատասխանեց… Կերա՞ք: Դե տուր միջանցքը, Սյունիքը տուր, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատի մեզ հետ:

Հիշո՞ւմ եք, թե քանի պետություն էր կանգնել Էդվարդ Նալբանդյանի գլխին, որ նա Ցյուրիխում ստորագրի հայ-թուրքական պրոտոկոլները: Այ, այդքան լուրջ էր ամեն ինչ, բայց քանի որ Թուրքիան չկարողացավ Հայաստանից պոկել իր նախապայմանները, այդ պրոտոկոլներն այդպես էլ մնացին թղթի վրա:

Իսկ ի՞նչ ես արել դու, այ ոչ բարով վարչապետ: Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի թիկունքում վաճառքի ես հանել ՀՀ այն տարածքները, որոնք այսքանից հետո էլ դեռ պաշտպանվում են այդ երկրի զինված ուժերի շնորհիվ: Մոսկվայից դեռ չե՞ն արձագանքել: Կարձագանքեն: Կարձագանքեն, եւ կհասկանաս, որ այսքան տվածդ շատ քիչ է խաղաղության դիմաց, ու էլի պիտի տաս` Սյունիքը պիտի տաս, Ցեղասպանությունը պիտի ուրանաս, հայ ազգի հայրենազրկումը պետք է պաշտոնականացնես:

Իսկ գիտե՞ս, որ Թուրքիան հայ-վրացական բախումներ հրահրելու մեծ վարպետ է: Չխորանամ, որովհետեւ սա շատ նուրբ թեմա է եւ հաստատ ձեզ հետ քննարկելու բան չէ: Հիշեք միայն Սամվել Բաբայանի «Իգլայի» պատմությունն ու այդ օրերին Վրաստանի ցամաքային տարածքով Հայաստան մտնող զրահատեխնիկայի մասին տեղեկատվական պատերազմը:

Ինչեւէ, կարող ես համարել, որ «չերեզ Ղարիբաշվիլի» հայ-թուրքական սահմանի բացման եւ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների հաստատման օպերացիան տապալված է: Տապալված է Էրդողանի ցինիկ հայտարարությամբ։ Էրդողանը հստակ հողային պահանջ դրեց Հայաստանի առաջ: 

Ավելի ստույգ` նա մեկ անգամ եւս հաստատեց, որ Ալիեւի հետ քո բանավոր պայմանավորվածությունների ամբողջ փաթեթը չէ, որ հայտնի է դարձել մեզ ու մեր դաշնակիցներին: