Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար. վարչապետը

Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար. վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

Ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ինչի՞ մասին է, ի վերջո, սպառողների իրավունքը: Ես դա պատկերացնում եմ այսպես. երբ, օրինակ, քաղաքացին բենզալցակայանում տեսնում է չափիչ սարքի վրա, որ ինքը գնել է 15 լիտր բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լիտր և համապատասխանի այն ստանդարտին, որը հայտարարված է, երբ մեր խանութներում վաճառվում են խաղալիքներ մեր երեխաների համար, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ այդ խաղալիքները մեր երեխաների առողջությանը չվնասեն, երբ խանութում քաղաքացին գնում է կաթնամթերք, պետք է վստահ լինի, որ իր գնածն իսկապես կաթնամթերք է և այսպես շարունակ: Ընդհանուր առմամբ մենք չպետք է մոռանանք, թե այս տարիներին ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Երբ մեր երկիրն անկախություն ստացավ, հանրային առևտրի ամբողջ համակարգը փոխվեց. մենք սկսել ենք սեղանիկներից, որոնք անկախության առաջին տարիներին առևտրային մի նոր ֆենոմեն էին: Կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին: Դա ժամանակի կամ ավելի ճիշտ այն ցնցումների, այն պրոցեսերի հետևանքներն էին, որոնք մեր երկիրը վերապրեց և ոչ միայն մեր երկիրը»: