Սահմանապահ Կոթի գյուղում արևային ֆոտովոլտային նոր կայան կտեղակայվի

Սահմանապահ Կոթի գյուղում արևային ֆոտովոլտային նոր կայան կտեղակայվի

Շուրջ 38կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող Կոթիում, անվտանգության ապահովման կարևորությունը բոլորն են գիտակցում: Ժամանակ առ ժամանակ հակառակորդի ռմբակոծությանը ենթարկված գյուղում, դեռ գտնվում են տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակված փամփուշտներ և արկի բեկորներ: Շենք-շինությունների  պատերն էլ կրակահերթի «լուռ վկաներ» են դարձել: Կոթիում գիշերային ժամերի անցուդարձն սկսել է ավելի ապահով լինել փողոցների լուսավորության խնդիրը կարգավորելուց հետո: 
 
Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, մեկ տարի առաջ, գյուղում կառուցվել է լուսադիոդային 37 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Լուսավորվել է շուրջ 1450 մետր երկարությամբ ճանապարհ: Իր ներդրումն է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը: 

Տարիների գործընկերներն ազդարարել են սահմանապահ այս գյուղում համագործակցության շարունակության մասին: Այս տարի, Կոթիում 16 կՎտժ դրվածքային հզորությամբ, արևային ֆոտովոլտային նոր կայան կտեղակայվի, որի արտադրած էներգիան թույլ կտա առանց հավելյալ ծախսի, ապահովել խմելու ջրի պոմպի աշխատանքը: Նոր ֆոտովոլտային կայանը կապահովի նաև արդեն իսկ կառուցված՝ 1450 մետր երկարությամբ փողոցային լուսավորություն համակարգի սպառած էլեկտրաէներգիան։ 


 
Էներգախնայող, ԼԵԴ համակարգի գործարկմանը և հետագա աշխատանքների ազդարարմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը և բնակիչներ: 

«16 տարի առաջ մենք որոշում կայացրեցինք առաջնորդվել Կորպորոտիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքով: Կառավարման այդ մոդելը պահանջում էր սոցիալական ներդրումներ, արժեհամակարգային նոր մոտեցում, վճռականություն և կամք: Գիտեինք, որ ճանապարհը ջանք ու եռանդ է պահանջելու: Գիտեինք, նաև, որ որպես նոր մշակույթ, ժամանակ էր հարկավոր, որպեսզի ԿՍՊ-ն մեծացող ձնագնդի պես տարածում գտնի մեր երկրում: Նման ծրագրերն ու սոցիալական ներդրումները կարևոր արդյունք են տալիս: Մենք շարունակում ենք մեր ծրագրերը և առաջնորդվելու ենք նույն սկզբունքով: Դա մեր հայրենակիցների նկատմամբ հոգատարությունն արտահայտելու և երկրին օգտակար լինելու արդյունավետ ճանապարհ է: Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է նպաստել մեր երկրի զարգացմանը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործընկեր կազմակերպություններն ընթացիկ տարում նախատեսում են ևս մեկ թաղամաս լուսավորել: Գյուղի սահմանին հարող, 600 մետր երկարությամբ այդ հատվածը կարևոր նշանակություն ունի Կոթիի բնակիչների համար։ Կատարված աշխատանքների արդյունքում, համայնքի բյուջեն ավելի արդյունավետ կծախսվի. հնարավոր կլինի տարեկան շուրջ 1 մլն 100 հազար դրամի չափով գումար տնտեսել:  Ծրագրում որոշակի ներդրում կունենա նաև  համայնքապետարանը։ 

 

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com