Դաժան ճակատագիր

Դաժան ճակատագիր

Երեք երկարուձիգ տարիների ընթացքում հազարավոր առիթներ ունեցանք՝ համոզվելու համար, որ այն պայծառ ու ժպտերես երիտասարդները, որոնց մի մասն արտերկրում էր կրթություն ստացել, եվրոպամետ հայացքներ ուներ, տարբեր հասարակական կազմակերպություններում առաջադիմական ծրագրեր էր իրականացրել ու ժողովրդավարություն էր քարոզում, հանդուրժողականության եւ մեծահոգության, սեփական սխալներն ընդունելու եւ դիմացինի կարծիքը լսելու ունակությունից իսպառ զուրկ է։ Նրանց համար իրենց քաղաքական հակառակորդները թուրքից ու ադրբեջանցուց ատելի են։ Իրենց հրահանգները չկատարողները վնգստացողներ են։

Իրենց քննադատողները սեւ են եւ խանգարում են երկիրը կառավարելուն։ Իրենց իրավունքները պաշտպանողները թալանչիներ են ու ռեւանշիստներ։ Սյունիքը GPS-ով սահմանազատելուց եւ առանց կռվելու, սուսուփուս մեր տարածքները հանձնելուց դժգոհողները խուլիգաններ են։ Անգամ սեփական կարծիք ունեցող յուրայիններին հազար պիտակ կպցրին՝ դավաճան հռչակեցին, ամոթանք տվեցին, թե՝ ինչու չեք մանդատը վայր դնում, որ մի հերթական հլուհնազանդ «ուսապարկի» համար տեղ բացեք։ Բայց «ուսապարկերին» ու նվիրվածներին էլ առանձնապես չեն գնահատում։ Նրանց հիշում են միայն այն ժամանակ, երբ հարկավոր է մի քանի հոգու գլխում ծագած հերթական խայտառակ օրինագծին կողմ քվեարկել կամ Նիկոլ Փաշինյանի ձախողումներն արդարացնել։

Հանրությանը համոզել, որ Փաշինյանի կայացրած որոշումներն ու քայլերը ճիշտ են։ Քայլեր, որոնց հետ իրենք կապ չեն ունեցել։ Դրանց մասին, որպես շարքային քաղաքացի, տեղեկացել են մամուլից։ Ասենք՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցե՞լ է իր թիմի հետ։ Իհարկե՝ ոչ, բայց թիմը պարտավոր է այսօր արդարացնել նրան ու փաստարկներ գտնել։ Հանուն ինչի՞։