Ես ընտրվել եմ 5 տարով և պաշտոնավարելու եմ․ համայնքապետը ցուցմունք է տվել

Ես ընտրվել եմ 5 տարով և պաշտոնավարելու եմ․ համայնքապետը ցուցմունք է տվել

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, համայնքապետը ցուցմունք է տվել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք իրավապահները քննու՞մ են գործը, ինքը ցուցմունք տվե՞լ է, ասաց Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը։ Համայնքապետին հարցրինք, թե ծեծի դեպքից հետո իր նկատմամբ ճնշումները շարունակվո՞ւմ են:

«Եղբայր ջան, այդ թեման անցել է, հիմա նորից անդրադառնալ նույն թեմային, նույն խոսակցությանը, անիմաստ կլինի։ Ճնշումներ էլ չկան, որևէ բան չկա»,- ասաց Տիտանյանը։ Համայնքապետին հարցրինք, թե ինչպես է պատկերացնում մարզպետի հետ հետագա աշխատանքը, կարո՞ղ է նրա հետ համագործակցել:

«Ես պատկերացնում եմ, չգիտեմ, թե իրենք ինչպես են պատկերացնում։ Ի՞նչ համագործակցություն, ի՞նչ պիտի անենք, որ համագործակցենք, մենք ունենք մեր գործառույթը, մեր աշխատանքը, մեր աշխատանքի բնույթը․․․ ի՞նչ համագործակցելու խնդիր կա»,- պատասխանեց Տիտանյանը։

Նրան հարցրինք, թե վերջնական որոշում է կայացրել, որ հրաժարական չպիտի՞ տա, թե՞ հնարավոր է, որ տեղի տա մարզպետի ճնշումներին և որոշի հրաժարական տալ:

«Բայց ի սկզբանե եղե՞լ է որոշում, որ ես պիտի հրաժարական տամ։ Ես աշխատանքի մեջ եմ, ես ընտրվել եմ 5 տարով և մինչև իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը ես աշխատանքի մեջ եմ, ինչի՞ մասին է խոսքը»,- պատասխանեց Տիտանյանը։

Հիշեցնենք, որ ընտրություններից հետո մարզպետարանի շենքում՝ իր աշխատասենյակում Լոռու մարզպետ  Արամ Խաչատրյանը ծեծի էր ենթարկել Օձունի համայնքապետին և վերջինիս հրաժարականի դիմում գրելու ապօրինի պահանջ ներկայացրել։ Մարզպետին զայրացրել էր այն հանգամանքը, որ Տիտանյանը հրաժարվել էր ընտրությունների ժամանակ հօգուտ Փաշինյանի աշխատել։