Ցինիկաբար գնում են Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ դնում, չթողնեիք արձանը պղծեին. Սաղաթելյան

Ցինիկաբար գնում են Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ դնում, չթողնեիք արձանը պղծեին. Սաղաթելյան

Այս մարդիկ հիմա տարբեր քարոզիչների շուրթերով փորձում են մեզ համոզել, որ Արցախը մերը չէր, Շուշին ադրբեջանական քաղաք էր և այսպես շարունակ։ Այս մասին քիչ առաջ ՊՆ շենքի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց  քաղաքական-հասարակական գործիչ, ՀՀԿ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ մի շարք նախկին զինծառայողներ ակցիա են անում՝ ի աջակցություն հայոց բանակի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։

«Մի անձ էլ  պնդում էր, որ իրենց իրականացրած հեղաշրջումն առավել արժեքավոր էր ազգի համար, քան արցախյան ազատամարտում մեր տարած հաղթանակը»,- ասաց Սաղաթելյանը՝ նկատի ունենալով ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանին։

«Այս տեսակ իշխանամերձ քարոզիչները վերջին շրջանում չափազանց ակտիվացել են։ Նրանք փորձում են մեզ ինչ-որ ձևով հրամցնել, որ մենք ոչ թե խայտառակ տապալել ենք միջազգային դիվանագիտությունը, տապալել ենք բանակցային գործընթացը, այլ պարտվել ենք ռազմի դաշտում։ԳՇ-ի և բարձրաստիճան սպայակազմի հայտարարությունը վկայում է այն մասին, որ իրենք պատրաստ են հասկանալու՝ ինչ է տեղի ունեցել, բայց նրանք պատրաստ չեն քավության նոխազ դառնալու, որովհետև ինչ-որ մեկն այդպես է որոշել առավոտյան»,- պնդեց Սաղաթելյանը։

«Հիմա էլ այդ  մարդիկ ցինիկաբար հավաքվում են և գնում Վազգեն Սարգսյանի շիրմին ծաղիկներ դնելու։ Եթե այդ մարդուն այդքան հարգում ու պաշտում էին, պետք է չթողնեին գոնե, որ իր արձանը պղծեին»,- հավելեց նա։