Զվարթնոցում կնունք անելու դիմաց վերանորոգել են սանհանգույցները

Զվարթնոցում կնունք անելու դիմաց վերանորոգել են սանհանգույցները

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում օրերս մարդաշատ խնջույք է տեղի ունեցել, որն ուղեկցվել է երգուպարով, կերուխումով եւ մեծ հրավառությամբ։ Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով հյուրերի թվում է եղել, Ինստագրամի իր էջի stories բաժնում տեսանյութեր է տեղադրել, որից պարզ է դառնում, որ խնջույքին երգել են նաեւ երգիչներ Էրիկը, Սարոն, Սոսո Պավլիաշվիլին եւ ուրիշներ։ 

Փոքրիկ տեսանյութ է իր էջում հրապարակել նաեւ euphoria wedding գործակալությունը, որտեղից երեւում է, որ տաղավարային սեղաններ են գցվել նաեւ արգելոց-թանգարանի խոտածածկ տարածքում, իսկ մետաղական կոնստրուկցիաներով բեմը հավաքվել է անմիջապես Զվարթնոցի աստիճաններին մոտ։ Գործակալությունից մեզ պատասխանեցին, որ իրենք իրականացրել են միայն վիդեո-ֆոտո նկարահանում, այդքանը։ Թե ով է կազմակերպիչը, մեզ փոխանցեցին, որ չեն կարող ասել, քանի որ միջացառումը փակ է եղել։ Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչքան են վճարել իրենց ծառայության համար, պատասխանեցին․ «100 հազար դոլար»։   

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը ողջ օրն անպատասխան թողեց մեր զանգերը։   

Կապ հաստատեցինք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Գագիկ Գրիգորյանի հետ, ով ասաց, որ իրազեկված չէ տարածքը վարձակալած անձանց ինքնությունից, միայն տեղյակ է, որ առիթը կնունքի արարողությունն է եղել․ «Մնացած հարցերի պատասխանը հուշարձանների պահպանության ծառայությունը կարող է տալ, իրենք են թույլտվությունը տվել։ Մենք իրավասու չենք նման միջոցառումների համար թույլտվություն տալ, մենք ենթարկվում ենք հուշարձանների պահպանության ծառայությանը, նման բաներն իրենք են թույլ տալիս»։

Այդուհանդերձ, ինքը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի պատասխանատուներից է, ի՞նչ է մտածում արգելոց-թանգարանի տարածքում իրականացված մեծ հրավառության մասին, մի՞թե թույլատրելի է հուշարձանի տարածքում հրավառություն անելը։ «Հրավառությունը հուշարձանից հեռու է եղել, հետեւի մասում ամայի տարածք կա՝ այնտեղ է եղել։ Նույնիսկ կարելի է ասել, որ մեր տարածքից դուրս է եղել, այ, էդքան հեռու է եղել»։ Այդուհանդերձ, հրավառության մասշտաբը մեծ է եղել, եւ այդ հրավտանգ բեկորները կարող էին հայտնվել թե՛ հուշարձանի, թե՛ դրա խոտածածկ տարածքի վրա։ «Խոտածածկ տարածք էդ մասում չկա, ու նախօրոք էլ ջուր է եղել, որ հանկարծ ինչ-որ մի բան չլինի․․․»։ 

Պնդեցինք, որ տեսանյութերում պարզ երեւում է՝ հյուրերի համար տաղավարներ են հավաքվել խոտածածկ տարածքի վրա, իսկ բեմն էլ հավաքվել է անմիջապես հուշարձանին մոտ, մի՞թե կարելի է այդ հատվածում մետաղական կոնստրուկցիաներ տեղադրել։ «Տաճարի տարածքում ոչ մի կոնստրուկցիա չի եղել, դրսում է եղել, տաճարին ընդհանրապես վնաս չի եղել, եւ ոչ մի խնդիր չկա»։ Նկատեցինք՝ տեսանյութերն այլ բան են ասում։ «Աշխատակիցները տեղում են եղել, հետո՝ բուն տաճարի մոտ ոչ մի կոնստրուկցիա չի եղել, աստիճանների դիմաց է եղել, բայց աստիճանների վրա ոչ մի բան չի հենվել, դիմացի սալահատակը որ կա, հնություն չէ, էդ հատվածում է եղել, տակերը ռեզիններ են եղել, ամեն ինչ նորմայի սահմաններում է եղել»։ 

Հետաքրքրվեցինք՝ որեւէ սահմանափակում չկա՞, թե որ դեպքերում կարելի է հուշարձանի տարածքում միջոցառում անցկացնել, թե՞ ով վճարում է, նրա առաջ էլ դռները բացվում են։ «Նման բաների թույլտվությունը տալիս է հուշարձանների պահպանության ծառայությունը, խնդրում եմ՝ իրենց ուղղեք Ձեր հարցը։ Մեզ մոտ արդեն գալիս են պայմանագրով, եւ մենք ուղղակի հետեւում ենք, որ այն, ինչ նշած է պայմանագրի կետերով, արվի, եւ ուրիշ ավելորդ բան չլինի»,- ասաց նա ու ընդգծեց, որ տվյալ միջոցառմանը տեղում ներկա է եղել եւ հետեւել, որ ոչ մի խնդիր չառաջանա։ 
Գ․ Գրիգորյանը տեղյակ չէ նաեւ վարձակալության սկզբունքներին ու թե՝ երեխայի կնունքը Զվարթնոցում կազմակերպած ընտանիքն ինչքան է վճարել սույն միջոցառման դիմաց։ «Գիտեմ, որ տվյալ կազմակերպության կողմից, ով էդ միջոցառումը կազմակերպել էր, մեր սպասարկման սրահի սանհանգույցներն են շատ լավ վերանորոգել, մնացածը՝ թե պայմանագրով ինչքան են վճարել, չգիտեմ»,- նշեց Գրիգորյանն ու հավելեց, որ տեղյակ չէ, թե ով է ողջ միջոցառման կազմակերպիչը։   
Անձնապես իր կողմից ընդունելի՞ է հուշարձանի տարածքում ծնունդի, կնունքի եւ նման արարողությունների անցկացումը։ «Եթե բուն հուշարձանի, տաճարի ներսում չէ՝ խնդիր չէ, նորմալ է»,- ասաց նա ու նկատեց, որ դա միակը չէ, լինում են նաեւ զագսի արարողություններ, իսկ վերջերս էլ եղավ տոլմայի փառատոն։ 

Նկատենք միայն, որ սա առաջին եւ վերջին դեպքը չէ, երբ մեր տարբեր հուշարձանների տարածքում նմանօրինակ խնջույքներ են կազմակերպվում։ Մոտ մեկ տարի առաջ էլ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում էր իրականացվել հարսանեկան միջոցառում, եւ ողջ օրը թանգարանի մուտքը փակ էր եղել այցելուների առաջ։ Չնայած ՊՈԱԿ-ի պնդումներին, թե ունեցել են թույլտվություն, ԿԳՄՍ նախարարությունից այդ ժամանակ պարզաբանեցին, որ նման ձեւաչափով միջոցառում անցկացնելու թույլտվություն ՊՈԱԿ-ը չի ունեցել եւ գործել է ինքնուրույն։ Թեեւ բացառված չէ, որ եթե նման աղմուկ չբարձրանար, կլիներ որեւէ պարզաբանում։ 

Ի դեպ, Զվարթնոցի շուրջ մի աղմուկ էլ եղավ տարիներ առաջ, երբ տաճարի տարածքը վարձով տրվել էր ռուսաստանյան «Տրոյկա դիալոգ» ընկերությանը՝ միջոցառում անցկացնելու նպատակով։ Վերջինն էլ այնտեղ «փարթի» էր կազմակերպել, որից հետո համացանցում նկարներ էին տարածվել, թե ինչպես են միջոցառման մասնակիցները կիսամերկ, հարբած շրջում տարածքում։ Այդ ժամանակ աշխատանքից ազատվեց «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչը, իսկ այն ժամանակվա մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով՝ դադարեցվեց միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների եւ թանգարանների տարածքների՝ վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչեւ նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը:     

Մի բան փաստ է՝ նախարարությունը պետք է վերանայի եւ խստացնի մոտեցումները հատկապես պատմամշակութային հուշարձանների վարձակալության հարցում՝ լինի դա մեկ ժամով, թե մեկ օրով։ Այլապես ստացվում է, որ ցանկացած ոք, ով ունի գումար, կարող է մի քանի ժամով վարձակալել այս կամ այն տաճարը եւ այնտեղ հնչեցնել իր ուզած երաժշտությունը, պարեցնել իր ուզած խմբերին, արդյունքում՝ եթե ոչ ուղղակի վնասելով, ապա նվազագույնը խաթարելով հուշարձանի տեսքը, միջավայրը։ Իսկ այս կամ այն թանգարան-արգելոցի տարածքը միայն հուշարձանի տարածքով չի սահմանափակվում, կա նաեւ հուշարձանի, լանդշաֆտի պահպանության գոտի, որն այս դեպքում փաստացի խախտվել է։

Հ․Գ. Ի դեպ, երեկ՝ օրվա վերջում, ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը հայտարարություն տարածեց, նշելով, որ միջոցառումը իրականացվել է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված կարգի, կնքվել է համապատասխան պայմանագիր․

«Հրավառությունը, պահպանելով անվտանգության կանոնները, կազմակերպվել է արգելոցի տարածքում՝ հուշարձանից անհրաժեշտ հեռավորությամբ։ Միջոցառման ընթացքում եղել է նախապես համաձայնեցված երաժշտության ժանրի և երգացանկի խախտում, ինչը մասնաճյուղի ղեկավարության միջամտության արդյունքում շտկվել է։ Հաշվի առնելով սոցիալական հարթակներում առկա արձագանքը՝ հետայսու ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։