Այս վարչապետը ոչ մի բան չի կարողանում կառավարել․ քաղաքացին՝ Երասխի դեպքերի մասին

 Այս վարչապետը ոչ մի բան չի կարողանում կառավարել․ քաղաքացին՝ Երասխի դեպքերի մասին

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:
«Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կրկին նախազգուշացնում է, որ «սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայկական Զինված ուժերն են գնդակոծում Սադարակի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը, իրենք պատասխան կրակ են բացում, կորուստներ չունեն:

Իրադրությունը հայ - ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում լարված է անցած շաբաթվանից, հուլիսի 14-ին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, ադրբեջանական կողմից, ըստ պաշտոնական աղբյուրների, մեկ զինծառայող վիրավորվել է:

«Հրապարակը» շրջեց Երևանի փողոցներով քաղաքացիների կարծիքները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ լսելու համար։

«Իմ կարծիքն այն է, որ ներկայիս վարչապետին ուղղակի պիտի դուրս շպրտեն, էդքան մի բան։ Այդպես եմ մտածում, որովհետև ինքը ինչ նստել է վարչապետ, երկրի վիճակը այս վիճակն է։ Ինքը ուղղակի չի կարողանում ոչ մի բան կառավարել, ոչ մի բան։ Պետք է հանեն այս վարչապետին ու վերջ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։