Ֆազը կալանավորված է, իսկ Չաղ Ռուստամին անգամ հարցաքննության չեն կանչել

Ֆազը կալանավորված է, իսկ Չաղ Ռուստամին անգամ հարցաքննության չեն կանչել

Վերջերս «Հրապարակը» անդրադարձել էր մի սկանդալային պատմության, որի հերոսները կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանն էր՝ Չաղ Ռուստամ մականվամբ և Սերգեյ Գրիգորյանը ՝ Ֆազ մականվամբ։ Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում: Ֆազի ու Չաղ Ռուստամի կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո Ֆազը դիմել էր փախուստի, իսկ Չաղ Ռուստամն ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։ Քրեական գործ հարուցվեց, սակայն Ռուստամին չկալանավորեցին, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորված է։
 
«Հրապարակը» այս միջադեպի հետ կապված զրուցել է Սերգեյ Գրիգորյանի փաստաբան Էմին Խաչատրյանի հետ։

-  Կպատմեք Ձեր պաշտպանյալի՝ Սերգեյ Գրիգորյանի և Ռուստամ Ստեփանյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, ինչ է տեղի ունեցել իրականում։

-  Քանի որ իմ հաճախորդի հետ չունեմ որևէ պայմանավորվածություն` խոսելու միջադեպի մանրամասներից, չեմ կարող տալ որևէ մեկնաբանություն։ Կարող եմ միայն ասել, որ Սերգեյ Գրիգորյանը դատարանի դիմաց եղել է այն պարզ պատճառով, որ իր հարազատ եղբոր՝ Գրիգորի Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստին պետք է ներկա լիներ, այդքան բան։ Դատական նիստը նշանակված էր այդ ժամին, դրա համար էլ ներկա է գտնվել դատարանի բակում։

-Այսինքն, միջադեպի մասնակից չի։  Այդ դեպքում ինչի՞ հիման վրա է քրեական գործը հարուցվել։

-Ոչ, միջադեպի  հետ ընդհանրապես կապ չունի, առաջադրված մեղադրանքն էլ ակնհայտ անհիմն է և ապօրինի։

-Իսկ գուցե ձեր պաշտպանյալի շրջապատի մարդկանցի՞ց են եղել այդ օրվա միջադեպի մասնակիցները։

- Այս պահին Սերգեյ Գրիգորյանին է մեղադրանք առաջադրվել, ես պաշտպանում եմ իրեն, իր հետ կապված հարցերին պատասխանեմ, լա՞վ։

- Իսկ առերեսումներ եղե՞լ են։

-Առերեսումներ եղել են` ըստ էության ոստիկանության ինչ-որ աշխատակիցների հետ։

-Իսկ Ռուստամ Ստեփանյանի հետ առերեսում եղե՞լ է։

- Ոչ, նման առերեսում չի եղել։ Ու չգիտեմ էլ` կլինի, թե ոչ։


- Ի՞նչ փուլում է գտնվում այդ քրեական գործը։

- Կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան, սպասում ենք պատասխանին։

- Իսկ դատ նշանակվա՞ծ է։

- Չէ, դեռ օր նշանակված չի, որովհետև պետք է դեռ Առաջին ատյանից նյութերը հասնի Վերաքննիչ դատարան․ այդ նյութերը պետք է բոլոր ընթացակարգերը անցնեն, որ նոր նշանակվի դատի օրը։

- Ձեր պաշտպանյալն այս պահին կալանավորված է, որտե՞ղ է նա գտնվում։

- Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում։

- Մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ կրկին միջադեպ է տեղի ունեցել։ Ասում են` այս անգամ Ռուստամ Ստեփանյանի մարդիկ  ծեծի են ենթարկել Սերգեյ Գրիգորյանի ընկերներից մեկին։

- Ես չգիտեմ՝ ինչ միջադեպ է եղել, ծեծկռտուք եղել է, թե չի եղել ինչ-որ այլ անձանց հետ։ Բայց պնդում ու հավաստիացնում եմ, որ Սերգեյ Գրիգորյանի ոչ ընկերական շրջապատի, ոչ էլ նեղ հարազատական միջավայրից որևէ մեկի հետ որևէ ծեծկռտուք չի եղել։

- Մեր հարցազրույցի ժամանակ Ռուստամ Ստեփանյանն ասաց, որ ինքը չի ճանաչում ոչ Ֆազ, ոչ նոլուֆազ, նկատի ունենալով Սերգեյ Գրիգորյանին։

-Ռուստամ Ստեփանյանի հարցազրուցը կարդացել եմ, սակայն ինձ չի հետաքրքրում:


«Հրապարակը» վերջին միջադեպի հետ կապված զրուցել է նաև Ռուստամ Ստեփանյանի հետ։

- Մեր տեղեկություններով մի քանի օր առաջ ձեր ընկերական շրջապատի մարդկանց մասնակցութայմբ կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել Սերգեյ Գրիգորյանի շրջապատից մի անձի հետ։

- Չէ, չէ, երեխեքիս արև, սուտ բաներ է, ցավդ տանեմ։ Տենց սուտ չկա աշխարհում։

- Սերգեյ Գրիգորյանը կալանավորված է, Դուք` կալանավորված չեք, անգամ չեք հրավիրվել առերեսման, կամ հարցաքննության։

- Չէ,  չգիտեմ,  չեմ ճանաչում ես էդ Սերգեյին։

- Փաստաբան չունե՞ք այդ գործով։

-Չէ, փաստաբան չունեմ։

-Չէ որ հենց ձեր գործով է կալանավորված Սերգեյ Գրիգորյանը։

- Ես այդ միջադեպի օրը ոչ մեկին ոչ տեսել եմ, ոչ գիտեմ, ոչ էլ ճանաչում եմ։

- Այսինքն, Սերգեյը ձեզ չի մոտեցել։

- Ինձ ոչ մեկը չի մոտեցել։ Էնտեղ տեսախցիկներ կան, բան կա, ինձ ոչ մեկ չի մոտեցել։ Ոստիկաններ կան էնտեղ, միջադեպը` իրենց հետ կապված, ինչ-որ ոստիկանի հետ է եղել։