Հաղթողների չեն դատո՞ւմ

Հաղթողների չեն դատո՞ւմ

Ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանով և նրա նախաձեռնությամբ սկսված սահմանադրական ճգնաժամը ենթադրաբար վաղը կավարտվի ՍԴ-ի նախագահի և փոխնախագահի ընտրությամբ: Բայց, արդյոք, այն կավարտվի՞, և այսուհետ Հայաստանում հպարտորեն կթևածի՞ սահմանադրականությունը:

Իշխանությունների կամ ավելի ճիշտ իշխանության ղեկավարի տեսակետից՝ այո: Մնացած իշխանականների և իշխանամերձների տեսակետի առումով նման պնդում չէի կատարի, իսկ իրական սահմանադրականության ջատագովների առումով՝ ստիպված պիտի կատարեմ հակառակ պնդումը՝ Հայաստանում վերջ դրվեց սահմանադրականությանը: 

Որպես 2018-ի ապրիլյան հեղափոխական շարժման ջատագով՝ պիտի ասեմ, որ եթե ՍԴ-ի և պետական այլ կառույցների վերափոխման խնդիրը դրվեր 2018-ի մայիսի սկզբներին, ապա ամեն ինչ կլիներ բնական ու ընկալելի՝ զանգվածներին փողոց հանած և իշխանություն վերցրած ուժը հեղափոխության իրավունքի ուժով կարող է անել այն ամենը, ինչ համարում է ճիշտ: Կարող է չեղարկել պետական կառույցների գործունեությունը, չեղյալ համարել օրենքները և նույնիսկ Սահմանադրությունը, և ամեն ինչ սկսել զրոյական կետից: Կարող է, սակայն, չանել այդ ամենը, և երկիրը կառավարել գործող կառույցներով, առաջնորդվել գործող օրենքներով և Սահմանադրությամբ: Իշխանությունը գրաված ուժը կարող է գնալ առաջին կամ երկրորդ ճանապարհով, և որևէ մեկը որևէ բան չի կարող ասել այդ ընտրության օրինավորության մասին: Սակայն նույն այդ ուժը չի կարող մի պահ առաջնորդվել առաջին տարբերակով, իսկ մեկ այլ պահ՝ երկրորդով: Դա նույնն է, որ հանդիպելով ճամփաբաժանի՝ ճանապարհորդը սկզբում գնա դեպի աջ, հետո մտքափոխվի և գնա ձախ, այնուհետև կրկին աջ ու կրկին ձախ, և փորձի հասնել նպատակին՝ շարունակ գնալով աջ ու ձախ: Զարմանալի է, բայց մի շարք հարցերի, և այդ թվում՝ սահմանադրականության, առումով, մենք ականատես եղանք հենց այդպիսի քայլերի:   

Այնպես որ, ՍԴ-ի նախագահի և փոխնախագահի ընտրությամբ արտաքուստ կավարտվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի էպոպեան, սակայն իրականում նրա հիմքում դրվել է դանդաղ գործող մի ական, որ ամեն ոչ պատեհ պահի կարող է պայթեցնել հանրապետության ողջ իրավաքաղաքական կառուցվածքը: Ի դեպ, որևէ նշանակություն չունի, թե կոնկրետ ովքեր կընտրվեն որպես ՍԴ նախագահ և փոխնախագահ, քանի որ այսուհետ «ժողովրդի վստահությունը վայելող» (ըստ վարչապետ Փաշինյանի) ՍԴ-ն կանի այն, ինչ կասվի իրեն գործադիր իշխանության ղեկավարի անունից:
ՀԳ. Ինչպես ասվում է՝ հաղթողներին չեն դատում, սակայն հարահոս ժամանակի տրամաբանության դեմ գնացողին հաղթում է հենց ինքը՝ ժամանակը:

Վախթանգ Սիրադեղյան