Սոկրատես, Մակեդոնացի, Ավիցենա. ֆոտոռեալիստական դիմանկարներ՝ արձանների և պատկերների հիման վրա

Սոկրատես, Մակեդոնացի, Ավիցենա. ֆոտոռեալիստական դիմանկարներ՝ արձանների և պատկերների հիման վրա

Իտալացի 20-ամյա  նկարիչ Ալեսսանդրո Տոմազին ֆոտոռեալիստական դիմանկարներ է ստեղծում։

Նկարչին հաջողվում է վերակառուցել Հին աշխարհի գործիչներին ու մտածողներին՝ օգտագործելով արձաններն ու պատկերները, որոնք ցուցադրվում են թանգարաններում։

Թոմազին թվիթերյան էր էջում հրապարակել է նրանց ֆոտոռեալիստական դիմանկարներն ու հարյուրավոր հետևորդներ ձեռք բերել սոցիալական ցանցերում տպավորիչ ծրագրի շնորհիվ։

Գործիչների և մտածողների թվում են՝

Հույն պատմագիր Հոմերոսը (մ.թ.ա. 8-րդ դար), որի հայտնի աշխատություններն են «Իլիականը» և «Ոդիսականը»։

Հոնիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, Միլեթյան դպրոցի հիմնադիր, Հին աշխարհի յոթ իմաստուններից Թալես Միլեթացին (մ.թ.ա. 624/623 – 548/545), ով բոլոր իրերի հիմքը համարում էր ջուրը, և որ ամբողջ տիեզերքը լի է աստվածներով։

Իտալիական փիլիսոփա, Էլեական դպրոցի ներկայացուցիչ Պարմենիդեսը (մ.թ.ա. 540/515 - մոտ 470), որն իր «Բնության մասին» երկում խոսել է կեցության և մտածողության մասին։

Երկրաչափության մեջ հայտնի իտալիական փիլիսոփա, պյութագորական դպրոցի հիմնադիր, մաթեմատիկոս, կրոնական բարեփոխիչ, միստիկ Պյութագորաս Սամոսացին (մոտ մ.թ.ա. 570 - 490), ով ամեն ինչի հիմքը համարում էր թիվը։ Նրա անունն է կրում Պյութագորասի թեորեմը։

Հույն պատմիչ Հերոդոտոս Հալիկառնասցին (մոտ մ.թ.ա. 484 - 425), ով համարվում է «Պատմության հայրն» ու հեղինակել է «Պատմություններ» աշխատությունը։ Անդրադարձել հույն-պարսկական պատերազմներին։

Սոկրատեսյան դպրոցներից մեկի՝ Կինիկների (Ցինիկներ, Շնականներ) դպրոցի հիմնադիր համարվող, Գորգիասի և Սոկրատեսի աշակերտ Անտիստենեսը (մոտ մ.թ.ա. 446 - 366), ով ժխտում էր ընդհանուրի գոյությունը՝ նշելով, որ գոյություն ունեն միայն եզակի իրեր։

Աթենացի փիլիսոփա Սոկրատեսը (մ.թ.ա մոտ 470 - 399), որը համարվում է արևմտյան փիլիսոփայության հիմնադիրներից մեկը։ Սոկրատեսին է պատկանում «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» հայտնի միտքը։

Սոկրատեսի աշակերտ, Աթենացի փիլիսոփա Պլատոնը (մ.թ.ա. 428/427 կամ 424/423 - 348/347), ում փիլիսոփայության հիմքում ընկած էր էյդոսների (գաղափարներ) մասին տեսությունը։

Հունական դասական փիլիսոփայության ներկայացուցիչ, բազմագետ, Պլատոնի աշակերտ Արիստոտելը (Արիստոտելես, մ.թ.ա. 384–322): Իր աշխատությունները վերաբերում են փիլիսոփայությանը, բնագիտությանը, քաղաքագիտությանը և այլն։ Նրան է վերագրվում «Պլատոնն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» միտքը։

Մակեդոնիայի աշխարհակալ տերության արքա Ալեքսանդր Մակեդոնացին (մ.թ.ա. 356 - 323)։ Նրա ղեկավարած տարածքը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հնդուստան թերակղզի և Հիմալայան լեռներ։ Նրա մահվանից հետո տերությունը մասնատվում է մի քանի մասի, որոնցից ամենահզորը Սելևկյանների կայսրությունն էր։ Մակեդոնացու ուսուցիչներից է եղել հույն փիլիսոփա Արիստոտելը։

Կարթագենացի զորավար Հաննիբալ Բարկան (մ.թ.ա. մոտ 247 - 183/181), որը ղեկավարել է Փյունիկիայի Կարթագեն քաղաք-պետության հիմնական ուժերը Հռոմեական հանրապետության դեմ Փյունիկյան երկրորդ պատերազմի ժամանակ:  Ըստ հույն պատմագիր Պլուտարքոսի և աշխարհագետ Ստրաբոնի՝ մ.թ.ա. 189 թվականին Հաննիբալը Սելևկյանների կայսրության թագավոր Անտիոքոս Երրորդի արքունիքից հեռացել ու ժամանել է Հայաստան՝ Արտաշես Ա-ի մոտ. ընտրել է Արտաշատ մայրաքաղաքի կառուցման վայրը և ուրվագծել նրա հատակագիծը, նախագծել այն։ Քաղաքը հետագայում դարձել է Հայաստանի մայրաքաղաքը, որը Հին աշխարհում կոչվել է նաև հայկական Կարթագեն։

Իրանցի փիլիսոփա, բազմագիտակ, բժիշկ, աստղագետ Իբն Սինան (Ավիցենա, Աբու Ալի Սինա, մոտ 980 - հունիս 1037), ով համարվում է իսլամական ոսկե դարաշրջանի ամենանշանակալի բժիշկներից մեկն ու «Բժշկության հայրը»։ Նրա հայտնի աշխատություններն են «Բուժման գիրքը», «Բժշկության կանոնը»։