Ռաշա Աբաս. Բացարձակ ատելության մանիֆեստ

Ռաշա Աբաս. Բացարձակ ատելության մանիֆեստ

Քո խաղերն անհանգիստ են, եւ միշտ թվում է, թե դրանք վատ ավարտ պիտի ունենան։ Օրինակ՝ այս խաղի նման, որը հիմա խաղում ես։

Ես արթնացել եմ, եւ աչքերս ու ձեռքերս կապված են։ Այս ամենն ինձ դուր չի գալիս, բայց ես գիտեի, որ կգաս։ Եվ հիմա ես քեզ ժպտում եմ միայն այն պատճառով, որ վախենում եմ՝ կմտածես, թե ես թույլ եմ, ու կուզենաս ավելի շատ ցավ պատճառել ինձ։ Բայց դեմքիս մկանները հրաժարվում են ցուցադրել այս կեղծ ժպիտը։ Ես հանձնվում եմ եւ պատրաստվում հերթական անգամ կանչել քեզ, թեպետ գիտեմ, որ դա կնշանակի՝ կորցրել եմ։ Դու չես արձագանքում։ Քեզ կանչում եմ երկրորդ անգամ, ու կրկին չես պատասխանում ինձ։ Քո ձայնի փոխարեն կողքի սենյակից ես լսում եմ մեկ ուրիշ մարդու ձայն, ով գոռում է բարձրախոսից։ Նրա ձայնն այնքան անհանգիստ է, որքան քո խաղերը։  

«Եթե շարունակեք այսքան շարժվել, ձեզ էլի թմրանյութ կներարկեն»։ Ես գիտեմ, թե նա ինչ նկատի ունի, երբ ասում է «թմրանյութ»։ Հիշում եմ մեծ ու փայլուն ասեղը, որը տեսնելուց հետո գայթակղությունս վերադառնում է, եւ սկսում եմ տեսնել լույսի շողքերն անգամ կապված աչքերով։ Այն մարդը, ով գոռում էր բարձրախոսից, հիմա լուռ է, բայց ես մոտավորապես կարողանում եմ հասկանալ, թե ինչ են խոսում կողքի սենյակում։ Ինչ-որ մեկը մյուսներին բան է բացատրում, եւ նրանք ընդհատում են խոսողին ժամանակ առ ժամանակ։ Համոզված եմ, որ այս ապակե պատից այն կողմ նրանք հետեւում են ինձ։ Ես ժպտում եմ եւ աթոռին կապված վիճակում փորձում ուղղել կեցվածքս։

Նորից եմ արթնանում եւ այս անգամ գլխավերեւումս առաստաղն ու լույսերն եմ հայտնաբերում։ Ես կապված էի այնպես, կարծես ճոճանակում լինեի, եւ փորձում էի այնպիսի շարժումներ անել, որպեսզի կարողանայի ինձ տեսնել ապակե պատին, որից այն կողմ ինձ, հաստատ, հետեւում են։ Հետո նրանք փորձեցին ինձ նստեցնել էլեկտրական աթոռին, որ չշարժվեմ։ Դեմքս գունատ է եւ նիհար, աչքերս ուռած են, բայց ես, միեւնույն է, հույս ունեմ վերականգնել իմ արտաքին գեղեցկությունը, երբ վերջապես դուրս կգամ այստեղից՝ դեմքս էլ կվերակենդանանա։ Ես ինձ սկսում եմ զգալ թեթեւ մինչ այն պահը, երբ էլեկտրական հոսանքը ցնցում է մարմինս։ 

Ես արթնանում եմ էլի ու հասկանում, որ ինձ կրկին կապել են աթոռից։ Իմ ուղեղն այս անգամ սթափ է, եւ ոչ ոք բարձրախոսից չի գոռում ինձ վրա։ Ես էլի լսում եմ նրանց խոսակցությունները։ Քանի որ վերջին ժամանակներս ես միայն այստեղ եմ, ինձ զբաղեցնում եմ քո մասին մտածելով։ Ես այնքան եմ քո մասին մտածել, որ դա ինձ հյուծել է, եւ ոչ մի ոգեւորություն չեմ զգում ո՛չ քո խաղերի, ո՛չ էլ քո դեմքը տեսնելու մտքից։ Ցավում եմ, ներիր։ Ես կարոտել եմ ծխելուն եւ հիմա վատ եմ զգում, որ ողջ տնով մեկ ծխախոտի կոթուկներ են։ Առաջ այդ քաոսը քեզ բարկացնում էր, եւ դու շրխկացնում էիր դուռը քո հետեւից։ Եթե փոքրիկը լսեր մեր ձայները, կարթանանար ու լաց կլիներ։ Մենք ապրում էինք սովորական ընտանիքի սովորական երազանքներով, բայց ես տեսնում էի, որ դու երջանիկ չես եւ ամեն անգամ, երբ դուռը փակում ու գնում ես, բոլորովին չես ուզում վերադառնալ։ 

Բարձրախոսի ձայնը կրկին լսվեց, եւ ինձ հարցրին, թե արդյոք գիտե՞մ փոքրիկ աղջկա տեղը։ Ես բացատրում եմ նրանց, որ աղջկաս մոտ բալետի դաս է, եւ այս սենյակի փայտե հատակի նման մի այլ հատակին նա պարում է եւ ընթացքում բռնվում ձողերից՝ իր ձգում-վարժությունները կատարելու համար։ Այս ամենը պատմելով՝ ես պատկերացրի հանդերձարանը, աղջկաս զուգագուլպաները, փոքրիկ կոշիկները։ Իմ սիրտը սկսեց արագ բաբախել, եւ ես վերհիշեցի այն, ինչ անցած անգամ էի զգում։

Ես հիշեցի այն մարդուն, ում արտաքինն ինձ բոլորովին դուր չէր գալիս, ով աղջիկների հետ էր եւ ապահովում էր տարածքի մաքրությունը։ Բալետի դպրոցի դուռն ինձ ապահով չէր թվում, եւ կարծում էի, թե ցանկացածը կարող է ներս մտել եւ վնասել աղջիկներին, այդ թվում եւ՝ իմ թանկարժեք փոքրիկին։ Այդ տղամարդը հետեւում էր աղջկաս, իսկ նա կարծես արեւի շող լիներ, որն իր վարդագույն զգեստով եւ նարնջագույն մազերով լույս էր սփռում շուրջբոլորը։

Ես քաղաքավարի խնդրում եմ նրանց՝ ինձ ազատ արձակել, որպեսզի աղջկաս դպրոցից տուն տանեմ, բայց ոչ ոք չի պատասխանում, թեպետ վստահ եմ, որ ինձ լսում են։ Ես կրկնում եմ անընդհատ, որ եթե հիմա չգնամ նրան բերելու, հնարավոր է վտանգ սպառնա նրան։ Իմ աչքերն այրվում են, գլուխս ցավում է, լսում եմ, թե ինչպես է բարձրախոսից նույն ձայնն ինձ ասում, որ չշարժվեմ, իսկ ես փորձում եմ կապված վիճակում մի կերպ հասնել այնտեղ, որտեղից լսվում է ձայնը։ 

Ես նորից արթնանում եմ եւ տեսնում առաստաղը, այս անգամ նրանք ինձ տանում են սովորականից ավելի արագ։ Կոպերս ցավում են, ես փակում եմ աչքերս, պահում եմ շնչառությունս՝ այն հույսով, որ շնչահեղձ կլինեմ, եւ այդպիսով նրանք ոչինչ չեն հասցնի անել, եւ այս ամենը կավարտվի։ Ձեր հավատը չի՞ գալիս, դե՝ հնարավոր է, որովհետեւ դուք չեք լսել ատելության ձայնն այն պահերին, երբ ջարդում էին կողոսկրերս։ Նրանք ինձ ասում էին, որ ես ավելի շուտ պիտի մեռնեի, որովհետեւ ես եմ պատճառը, որ մահացավ նա, ում ես ամիսներ շարունակ պահում էի մեր նկուղում։ Նրանք ինձ ասում էին, որ ես նրան տանջել եմ այն պահից սկսած, երբ դու անհետացել ես։ Տանջել եմ մինչեւ շունչը կփչեր։ Այս ամենն անհեթեթ չափազանցություն է, եւ ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք սա է՞լ է քո խաղի մի մասը։ Տեղի ունեցած պատահարի միակ տեղն իմ միտքն է, գլուխս։ Ես մտովի հետեւում է, թե ինչպես է նա պարապում ուսումնարանում, նախքան ես տուն կբերեի նրան, եւ տեսնում էի, թե ինչպես է նրա անմեղ այտերից եկող կաթի հոտը գերում առնետներին։ Ես տեսնում էի նրան արդեն մեծացած, թե ինչպես է քեզ նման մեկը գալիս ու կրծում նրա նրբագեղ մարմինն ու լքում նրան, դավաճանում ինչ-որ կեղտոտ անբարոյականի հետ, եւ հետո իմ փոքրիկ աղջիկը կոտրված ծնկի է գալիս հենց բեմում, եւ սրտում առկա անտանելի ցավը թույլ չի տալիս նրան անգամ շարժվել։

Եվ հիմա ինձ պատժում են, որովհետեւ ես նրան տանջել եմ։ Նրանք վրդովվել են, որովհետեւ ես գլխի եմ ընկել, որ իմ աղջնակին ընդունում են որպես կատարելության, որը հեռու է մնացել տխմար տղամարդկանցից, որովհետեւ ես պաշտպանել եմ նրան, ի տարբերություն նրանց, ովքեր իրենց երեխաներին համարում են փոքրիկ մակաբույծներ։ Եվ հիմա նրանք ինձ փորձում են վարկաբեկել, որովհետեւ ես ունեմ աղջկաս։ Նրանք փորձում են թաքցնել իմ ունեցածը, թղթի վրա մեղադրանքներ են գրում, որ ես այլանդակել եմ փոքրիկի գեղեցկությունը, թեպետ, մեծ հաշվով, այդ գեղեցկությունն իմ գոյության միակ պատճառն է։ Իմ անկումը ստիպում է նրանց լավ զգալ, դա է պատճառը, որ նրանք ինձ այսքան ցավ են պատճառում եւ էլեկտրական աթոռին նստեցնում։ Սովորաբար միշտ գլխիս էին խփում, իսկ հիմա էլեկտրահարում են։ Նրանք ուզում են իմ մեջ մտնել այնպես, ինչպես դու մտար՝ տղամարդ, բայց դա նրանց չի հաջողվի, որովհետեւ ես կկարողանամ շունչս երկար պահել ու․․․

 

Թարգմանությունն արաբերենից` Էլիզա ՄԽԻԹԱՐՅԱՆԻ 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ