Պատերազմը կշարունակվի՞...

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները ուկրաինական պատերազմի կարգավորման հարցերի շուրջ շարունակվում են, սակայն «թեման չափազանց բարդ է՝ արագ արդյունքներ ակնկալելու համար»։
Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ի հայտարարությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր մոտալուտ խաղաղության համաձայնագրի մասին։
«Մենք շարունակում ենք կապեր պահպանել ամերիկացիների հետ տարբեր ուղիներով: Այս հարցն այնքան բարդ է, որ չարժե խիստ ժամկետներ սահմանել և փորձել կենսունակ կարգավորումը տեղավորել կարճ շրջանակում, սա անշնորհակալ խնդիր է», - ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ասել է, որ Ռուսաստանի հետ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու համար բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է հանի Մոսկվայի հետ երկխոսության արգելքը։
«Եթե ուկրաինական կողմը ցանկանա, եթե ուկրաինական կողմը բաց է, ապա, հավանաբար, որոշ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ օրինականորեն «մաքրելու» այդ խոչընդոտները նման շփումների ճանապարհին: Եթե կա նման պատրաստակամություն»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու անգամ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է ձեռք բերվել արդեն այս շաբաթ:
Ապրիլի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել էր, որ Վաշինգտոնը կհրաժարվի միջնորդությունից, եթե չտեսնի կողմերի պատրաստակամությունը՝ վերջ դնել հակամարտությունն առաջիկա օրերին։
Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը զգուշավոր լավատեսություն հայտնեց՝ նշելով, որ վերջին իրադարձությունները կարգավորման հույս են տալիս։
Կարծիքներ