Ինչպես եղել է

Ինչպես եղել է

30 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններ անցկացվեցին: Հիմքը 1989թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ միավորման մասին որոշումն էր: Պատգամավորության թեկնածուներ էին առաջադրվել Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի եւ Հադրութի շրջաններում: Շուշին, որտեղ ադրբեջանցիները բնակչության ճնշող մեծամասնություն էին կազմում, բոյկոտել էր ընտրությունները : Թե այլուր ինչպե՞ս անցան ընտրությունները՝ չեմ կարող վկայել: Կխոսեմ Մարտակերտի շրջանի մասին, որտեղ կազմավորվել էր երեք ընտրատարածք՝ բուն Մարտակերտը՝ հարակից գյուղերով, Հաթերքի եւ Առաջաձորի ենթաշրջանները:

Մարտակերտում եւ Հաթերքում ընտրությունները մրցակցային էին: Ես, որ Առաջաձորի ենթաշրջանը պիտի ներկայացնեի, գրանցված միակ թեկնածուն էի: Դա կուսակցության Մարտակերտի շրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանի որոշումն էր: Պատգամավորի թեկնածու էր առաջադրվել նաեւ շրջգործկոմի նախագահ Վալերի Ջավադյանը: Վահան Գաբրիելյանը երկուսիս հրավիրեց եւ իմ ներկայությամբ գործկոմի նախագահին խնդրելու նման պարտադրեց, որ մրցապայքարից դուրս գա: «Հիմա երիտասարդության ժամանակն է»- կարճ ամփոփեց եւ գործկոմի նախագահին հրահանգեց ամեն ինչում աջակցել ինձ: Առիթը եկել է, ուզում եմ երախտագիտությունս հայտնել ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ, իմ համագյուղացի Զարմիկ Մարկոսյանին:

Հիմա նա հայկական զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ է: Զարմիկն ամեն ինչ արեց, որպեսզի արտակարգ դրության պայմաններում քվեարկությունը կայանա: Մարտակերտի շրջանից պատգամավոր ընտրվեցին նաեւ Վիգեն Շիրինյանը եւ Զավեն Իշխանյանը: Հադրութից պատգամավոր էր Գրիշա Բաղյանը՝ կուսշրջկոմի նախկին առաջին քարտուղար: Նա հետո Երեւան մշտական բնակության հաստատվեց, հասավ գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնի: Մարտունին ներկայացնում էին Մանֆրեդ Բախշյանը եւ Ռազմիկ Դանիելյանը: Երկուսն էլ՝ հանգուցյալ: Ասկերանից պատգամավոր էր ընտրվել Սլավիկ Առուշանյանը: Ստեփանակերտից՝ Սերժ Սարգսյանը, Գեորգի Պետրոսյանը, Էդուարդ Ղուկասյանը եւ Համլետ Գրիգորյանը: Էդուրադ Իշխանիչն էլ այսօր չկա: Մեզնից բացի Հայաստանի տարբեր ընտրատարածքներից պատգամավոր էին ընտրվել Ռոբերտ Քոչարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Ռոլես Աղաջանյանը, Արկադի Մանուչարովը եւ Վլադիմիր Աղաջանյանը, որ թողել էր Շահումյանի շրջկոմի քարտուղարի պաշտոնը: Կարծես թե բոլորին հիշեցի: Եւ ահա այդ կազմով հուլիսի 20-ին մենք մտանք Հայաստանի կառավարության՝ Մելիք-Ադամյանի վրա  դահլիճը, որտեղ Գերագույն խորհրդի առաջին նիստն էր գումարվել: Երեւանում շոգ էր, դահլիճն՝ էլեկտրականացած: Լուծվում էր իշխանության խնդիրը:  

Բայց դա չէ միայն   տպավորվել է, այլեւ՝ որ պատգամավորական մեր  խումբն հենց առաջին օրերից պարզվեց՝ այնքան էլ միասնական չէ: Այսպես ասած՝ հիերարխիկ բաժանումն արդեն արված էր: Ոմանց համար «Էրեբունի» հյուրանոցում, որտեղ հիմա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն է,  երկսենյանականոց «ապարտամենտներ» էին պատվիրված, մյուսներս պետք է ապրեինք ընդհանուր համարներում:  Արկադի Մանուչարովը կարգ էր սահմանել. օրվա հերթապահը մեծ ընդմիջումից տասը-տասնհիգ րոպե առաջ իջնում էր ճաշարան, բոլորի համար պատվիրում նույն «առաջինը» եւ «երկրորդը»՝ մյուս ատրիբուտներով հանդերձ:

Դրանցից հատկապես տպավորվել է սառը, համեմված թանապուրը: Մեզ հետ ճաշելու չէին իջնում Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որ հենց առաջին նիստում քարտուղարության անդամ էր ընտրվել: Նրանք արդեն վերեւներում էին: Նիստերին մեծամասամբ չէին մասնակցում: Ես  հասկացա, որ մենք «նավից՝ պարահանդես» վիճակում ենք: Մեր խմբից ելույթներ էին ունենում Արկադի Մանուչարովը եւ Վիգեն Շիրինյանը: Մանուչարովը խոսում էր ռուսերեն, Վիգենը՝ մի այնպիսի շեշտադրումներով եւ բարբառային արտահայտություններով, որ հաճախ ծիծաղի տեղիք էր տալիս: Դահլիճում հայ մտավորականության ընտրանին էր:

Այդ շոգ, քաղաքականապես էլեկտրականացած օրերի միակ մխիթարությունը ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի եւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի  մտերմությունն էր մեր խմբի հետ, ինձ համար՝ որ անցած աշնան ծանոթության բերումով երբեմն հաջողացնում, սուրճի սեղանի շուրջ մի տասը րոպե ըմբոշխնում էի Հրանտ Մաթեւոսյանի խոսքը: Եւ՝ որ բարեկամացա Մերուժան Տեր-Գուլանյանի հետ: Ինչ-որ մի տեղ բաժանարար էր գծվել. Լեռնային Ղարաբաղում նոր իշխանությունը պիտի գործ ունենար Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Մյուսներս ֆոն էինք: Մեզնից ոմանք, իհարկե, փորձ եւ անգամ ճիգ արեցին մտնել «ընտրյալների ակումբ»: Չհաջողվեց: Նրանք ծանր տարան: Եւ ակամայից հայտնվեցին արդեն այդ օրերին ձեւավորվող տարաբնույթ խմբերում, խմբակներում: Ես երեսուն տարեկան էի եւ ամեն ինչի նայում էի գերազանցապես լրագրողի աչքերով: Առաջին մեծ ցնցումն ապրել էի՝ 1989թ. նոյեմբերի վերջին օրը «Զվարթնոց» օդանավակայանում ԼՂ Ազգային խորհրդի անդամներիս դիմավորողների մեջ տեսնելով Արմեն Իսագուլովին՝ Կեւորկովի իշխանության օրոք ԼՂԻՄ ՆԳՆ վարչության պետին, ով 88-ի փետրվարի  20-ին իմ աչքի առաջ բարձրախոսով կոչ էր անում ցրվել, ասում էր՝ сессии не будет: Այդպես  է եղել իրականում: Մնացածն արդեն պատմության գեղագրում է՝ գալիք սերունդների համար: Որպեսզի հավատավոր մեծանան եւ մի տխուր օր մեզ նման հուսախաբվեն: