Մեղրիով Հայաստանը ուզում են դարձնել проходной двор

Մեղրիով Հայաստանը ուզում են դարձնել проходной двор

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ

- Դուք՝ որպես պատմաբան, ցանկացել էիք իմանալ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի՞ գաղտնի հավելված, թե՞ ոչ։ Դիմել եք կառավարությանը, պատասխան չե՞ք ստացել։ 

- Երբ պատասխան չես ստանում, սկսում ես անհանգստանալ, մտահոգվել, որ գուցե նման բան գոյություն ունի։ Ինչու․ որովհետեւ ստիպված ենք այս չարաբաստիկ հայտարարության ենթատեքստերն Իլհամ Ալիեւի բացատրությամբ ընկալել։ Մինչեւ վերջին վայրկյանը, առիթ եղել է, ասել եմ, որ Բերձոր քաղաքի եւ 2 գյուղերի՝ Աղավնոյի եւ Սուսի խնդիրը, ի վերջո, իմացանք Ալիեւից՝ իր բացատրությամբ, իր պատկերացմամբ, որովհետեւ այդ փաստաթղթում նման բան գոյություն չուներ, թե նոր ճանապարհ պիտի կառուցվի, որը պետք է շրջանցի այս 3 բնակավայրերը, եւ դրա արդյունքում դրանք եւս պետք է անցնեն Ադրբեջանին։ Նորից եմ ասում՝ այս փաստաթղթում նման բան չկա, եւ հայկական կողմից ոչ մի արձագանք չեղավ։ Այդ շրջանցիկ ճանապարհը, որի մասին խոսվում էր, որ պիտի կառուցվի, վերաբերում էր Շուշիին, որովհետեւ հայկական ու ադրբեջանական կողմերն անընդհատ խաչվում են հենց այդ խաչմերուկում։ Եվ դա խնդիր է առաջացնում նաեւ ռուսների համար։ Եվ որպեսզի բախումներ չլինեն, ճանապարհը, ըստ ամենայնի, պետք է շրջանցի Շուշիի ճանապարհը, եւ նորը կառուցվի։ Բայց դա չի վերաբերում Բերձորին։ Ու հայկական կողմի լռությունը գուցե նշանակում է, որ կարող է կա մի կետ, որի մասին խոսվում է այդ փաստաթղթի գաղտնի մասում։ Հաջորդ փաստը․ երբ ռուսերենով տեքստը հրապարակվեց, ես անմիջապես հայերենի հետ համեմատեցի, տեսա, որ տարբերություն կա․ ռուսերեն տեքստում ասվում էր` պետք է կառուցել комуникации՝ կոմունիկացիաներ։ Եվ պատահական չէր, որ օրերս Ալիեւը հայտարարեց, որ խոսքը Նախիջեւանի հետ կապող մեկ միջանցքի մասին չէ, այլ՝ առնվազն 2։ Եվ վաղը կարող է պարզվել, որ Ադրբեջանը մատը դրել է Սիսիանով, Կապանով, Գորիսով միջանցքի վրա, եւ, բացի Մեղրիից, մի հատ էլ այդպիսի միջանցք պետք է կառուցվի։ 

- Թուրքիայի իշխանական երկու գլխավոր թերթերը «Թյուրքական աշխարհը միավորվում է. ղարաբաղյան հաղթանակի թագն ու պսակը «Թյուրքական ուղին է»» եւ «Մի միջանցքով հասանք Խաղաղ օվկիանոս» վերնագրերի ներքո անդրադարձել են Սյունիքի ճանապարհներին եւ սա գնահատել այսպես․ «Այս միջանցքով բացվեց ռազմավարական առեւտրային եւ էներգետիկ ճանապարհը, որը Թուրքիային հասցնում է Խաղաղ օվկիանոսի ափեր»։ Փաստորեն, անթաքույց հրճվանք։

- Պատասխանեմ հետեւյալ կերպ․ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իմ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործեմ՝ նման բան թույլ չտալու համար, որովհետեւ սա նշանակում է հայկական պետականության վերջը։ Սա միայն Արցախի խնդիրը չէ, համահայկական խնդիր է, ՀՀ շահերն է շոշափում, քանի որ պանթուրքիզմի ճանապարհը բացվում է, եւ թույլ տվեք օտար բառ օգտագործեմ՝ Հայաստանը դառնալու է իրենց համար проходной двор։ Նման բան չի լինելու։ Եթե կարծում են, թե հսկողությունը դրված է ռուսների վրա, եւ նրանք ազատորեն պիտի գնան-գան, մեզ էլ լկտիաբար հրավիրում են, թե դուք էլ օգտվեք էդ ճանապարհից, մեջբերեմ Ալիեւի վերջին հայտարարությունը, որ, իբր, Իրան-Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան, եթե Հայաստանը ցանկանում է, թող ինքն էլ օգտվի։ Պատկերացնո՞ւմ եք ուր ենք հասել։ Միջանցք տրամադրելու մասին երբ խոսում ես, որը Մեղրիի հատվածում 42 կմ է, ուզում եմ հիշեցնել, որ մեկ ուրիշ ավելի կարճ միջանցք գոյություն ուներ, որն այս փաստաթղթով մեզ կարող էր տրվել։ Խոսքը վերաբերում է Երասխավանից Արաքս գետի վրայով 7․5 կմ էստակադա կառուցելով՝ անմիջապես Իրան դուրս գալուն։ Եվ Թեհրան հասնում էիր 6 ժամից, ոչ՝ 14, չորս լեռնաշղթա հաղթահարելով։ Ոչ ոք դրա մասին չխոսեց, ոչ էլ պատկերացում ուներ, որ կա այդ՝ Դրունքի ելուստը։ Տեսեք՝ Թուրքիան կապված է Նախիջեւանի հետ, եւ մենք այդ ելուստի միջոցով կարող էինք օգտագործել հանգամանքը եւ դուրս գալ Իրան։ 

- Կառավարությունը տեղյա՞կ է։

- Չգիտեմ, 2․5 տարի անցել է, ես ոչ մի անգամ ոչ մեկից խորհուրդ ստանալու ակնկալությամբ չեմ հրավիրվել, որովհետեւ ոչ մեկը մեզ հաշվի չի առել, ոչ էլ մտածել է, որ մեր կարիքն առհասարակ կա։

- Հիմա շատ թարմ է պատերազմը, հետեւանքները՝ շատ ակնառու, բայց գուցե առժամանակ հետո կարողանա՞նք դրա մասին խոսել, որովհետեւ մեզ եւս պետք են կոմունիկացիաներ, եւ, ի վերջո, պարզ է, որ Օսկանյանի այն պնդումը, որ 100 տարի էլ կմնանք շրջափակման մեջ ու կզարգանանք, սին էր։

- Աշխարհացունց երկրաշարժից հետո բեռնատար գնացքներն էլի Ադրբեջանով էին գալիս եւ ՌԴ-ից շինանյութ էին բերում, եւ ցեմենտի վրա որ հասնում էր, հիշում եմ, ադրբեջանցիները ջուր էին լցնում, եւ բետոն դարձած ցեմենտի վրա գրված էր՝ շնորհավորում ենք երկրաշարժի կապակցությամբ։ Մարդիկ մոռացել են դա։ Այսինքն, հիմա պիտի ազատ երթեւեկելու հնարավորություն ստանանք եւ ինքներս մեր երկրում վարձո՞վ ապրենք։ Պատկերացրեք, որ որպես սուվերեն պետություն՝ Մեղրիի հատվածով Ադրբեջանի գնալ-գալու հարցում մենք արգելք ենք հանդիսանում․ նա ստիպված է լինում հաշվի նստել Իրանի հետ եւ, անցնելով Արաքսի աջ ափը, գետի ողջ երկայնքով անցնում է ՀՀ դիմացով եւ հասնում Նախիջեւան։ Այսինքն՝ կախվածություն ունի Իրանից։ Հիմա․ Իրանն ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ այդ մենաշնորհն իր ձեռքից անցնի անհասկանալի է, թե ում։ Ալիեւը հպարտորեն բացատրում է, որ Հայաստան այստեղ գոյություն չունի, որովհետեւ այս ճանապարհի հետ կապված՝ իրենք ռուսներին են հաշվետու, եւ ռուսներն էլ՝ իրենց։ Եվ ասես պարզվում է, որ Մեղրին այլեւս մերը չէ, եւ պետք է Մեղրիի հետ կապված սակարկեն ուրիշները։ Չարաչար սխալվում են։ Ես կարծում եմ՝ մենք, այնուամենայնիվ, ունենք մեր հարեւանների վրա ազդելու լծակներ։ Եթե Արցախի ճանապարհները բացվեն, ասենք՝ Մարտակերտից մեկն ուզում է գալ Վարդենիս, եթե նրան իրավունք տրվի, որ անցնի Քարվաճառով՝ մեր կառուցած այս նոր ճանապարհով, այդ դեպքում մենք էլ մտածենք նրանց անցնելու թույլտվության մասին։ Բայց ոչ միայն ռուս սահմանապահների հսկողությամբ, այլեւ ՀՀ քաղաքացի մաքսատան աշխատողների։ Բոլոր բեռները պետք է ստուգվեն, ասենք՝ այն բեռները, որոնք անցնելու են Զանգելանից՝ Կովսականից Օրդուբադ։ Եթե կարծում են, որ Ստամբուլում, Անկարայում ու Էրզրումում պիտի բեռները բարձեն գնացքը, որի հետ էլ կապ չունենանք, եւ որն էլ գալու-անցնելու է Մեղրիով, զենք-զինամթերք տեղափոխեն դեպի Բաքու, չարաչար սխալվում են։ Նման բան չի կարող լինել, այդ դեպքում Հայաստանը որպես սուվերեն պետություն վերանում է։ Դրա համար մենք պետք է, որպես պետություն, մեր խոսքն ասենք։ Բավական է այլեւս շարժվել միակողմանի ակնկալիքներով, թե ինչ կասեն Բաքուն, Ռուսաստանն էլ ինչպես իրենց կընդառաջի։