Քանդողներն ու կառուցողները նույն մարդիկ լինել չեն կարող

Քանդողներն ու կառուցողները նույն մարդիկ լինել չեն կարող

Այս օրերին բարձր հնչեղության մակարդակի վրա է հանքարդյունաբերական ոլորտի օբյեկտներից մեկի հարցը: Բազմաթիվ ու բազմատեսակ խոսքեր ու վերլուծություններ լսեցինք այդ հարցով: Բայց մի զարմանալի խոսք էլ լսեցի ակտիվիստներից՝ երեւի ամենահեղինակավոր դեմքերից մեկից, ով այս վերջին փորձաքննությունից առաջ հայտարարել էր, որ ամեն դեպքում իրենք թույլ չեն տալու, որ այդ հանքը շահագործվի…

Իշխանությունները, կարելի է ասել, խճճվել են այս հարցում: Եթե բավարարվեն դրական եզրակացությամբ, քաղաքական ասպարեզում կկորցնեն բավականին մեծ թվով աջակիցներ: Եթե միանան ամբոխային տրամաբանությանը եւ արգելեն հանքարդյունաբերությունն այդ հատվածում, դրա հավանական վնասաբեր ազդեցությունը կարող է տարածվել նույնանման արդյունաբերությունների վրա, եւ երկրորդ՝ չգիտեն, թե ինչ տնտեսական ցնցումների կարող է գնալ երկիրը: Սա դեռ միայն՝ հարցի պարզ ընկալման տեսակետից: Իսկ եթե հաշվի առնենք արտաքին եւ, ինչու չէ, նաեւ ներքին քաղաքական դերակատար ուժերի ներգործությունը, ապա այս դեպքում կծիկը շատ է խճճվում:

Ահավասիկ, այստեղ է պետք «դուխ» կոչվածը… Մի հին պատմություն եմ հիշում․ իսլամական երկրներում ապրել եւ ապրում են հայկական համայնքներ: Այդ երկրներում, կարելի է ասել, հայությունն ամենահարգված ու տեղի ժողովրդի կողմից սիրված փոքրամասնություններից է: Մանավանդ՝ Իրանում, որտեղ իրանահայությունը հարյուրամյակներից ի վեր ճանաչված է որպես շինարար, ստեղծագործ եւ ձեռներեց փոքրամասնություն: Ասում են, թե մի մեծահարուստ թուրք՝ Օսմանյան կայսրության օրոք, իր նոր շենքի նախագիծը հանձնում է մի հայ շինարարի, որ կառուցի: Ուշադրությամբ հետեւում է, որ տեսնի, թե արդյոք նա առանց խտրականությա՞ն է աշխատանքի ընդունում հայ, թուրք աշխատողներին: Աշխատանքների սկզբում, երբ քանդվում է հին կառույցը, գալիս տեսնում է, որ աշխատողներից եւ ոչ մեկը հայ չէ: Մտածում է, որ այդ մարդը, ըստ երեւույթին, չունի ոչ մի ազգային կամ կրոնական խտրականության հարց: Մի քանի ամիս հետո, երբ արդեն նոր շենքի հիմքը սարքված էր, եւ շենքն արդեն կառուցման փուլում է լինում, տեսնում է, որ այս անգամ բոլոր աշխատողները հայեր են: Նա զարմացած հարցնում է պատճառը:

Շինարարը պատասխանում է, որ ոչ մի հատուկ բան չկա, եւ միայն գործի արդյունավետ ղեկավարման ու բիզնես նկատառումներից ելնելով է այդպես վարվել: Քանդելու համար նրանք շատ լավ էին, հաճույքով էին քանդում եւ մեծ բավականություն էին ստանում, երբ գետնին էին հավասարեցնում հինը: Նրանց միջոցով շատ արագ քանդվեց ու մաքրվեց հին կառույցը: Բայց նորը կառուցելու համար նրանք այլեւս պետք չէին․ դա է այս կտրուկ շրջադարձի պատճառը: Այլ կերպ ասած՝ կառուցելու մեջ հայերն են արդյունավետ։ Այս օրինակը կարելի է տարածել շատ տեղեր՝ տարբեր մասշտաբներով ու իմաստներով:

Պատմությունից գիտենք, որ մեր առաջին հանրապետության ղեկավարները հաճախ կանգնած են եղել շատ բարդ իրավիճակների դեմ հանդիման: Մինչ անկախության հասնելը՝ ազգային ազատագրական պայքարի ասպարեզում կային հերոսի կոչման արժանացած այնպիսի մարդիկ, որոնք, սակայն, ամենեւին պիտանի չէին նորաստեղծ հանրապետությունում որեւէ պաշտոն զբաղեցնելու համար եւ կարող էին իրենց արկածախնդրությամբ լուրջ հարված հասցնել առանց այն էլ բազմաթիվ հարվածների թիրախում գտնվող մեր երկրին: Միայն ուժեղ կամքի եւ վճռականության տեր մարդիկ կարողացան այդ բարդ իրավիճակում ճիշտ ընտրություն կատարել եւ չվախենալ մրթմրթացող դժգոհներից: Հենց նրանք էին, որոնց «դուխը» տեղում էր, եւ կարողացան «անձեւ քաոսից» երկիր ստեղծել:

Արդյո՞ք հիմա նույն իրավիճակում չենք: Ո՞ւր է այն «դուխը», որն այն օրերին քանդելու համար հրաշքներ էր գործում: Իսկ հիմա ամբոխի վախից կմկմում է։ Քանդողներին տեսանք. ծափերով, դհոլ-զուռնայով, գոռում-գոչյուններով եկան քանդեցին։ Բա ո՞ւր են կառուցողները: Ով հավակնում է դառնալ այս երկրի տերը, նա պիտի լավ հասկանա, որ այսպես կամ այնպես, քանդողներն ու կառուցողները նույն մարդիկ լինել չեն կարող: Եթե կառուցողին քանդելու պարտականություն տաս, արդյունավետ չի աշխատի, իսկ քանդողին կառուցելու գործ հանձնելու դեպքում կավիրվի ամեն բան…

Պետք չէ մոռանալ, որ չկառուցելն էլ քանդել է նշանակում: Կառուցելու համար ստեղծագործ միտք եւ նախաձեռնության կամք են հարկավոր: Երկչոտ մարդիկ ոչ մի գործ անելու ունակ չեն: Ասել է թե՝ այն, ինչ որ պիտի կառուցեին, ի սկզբանե արդեն քանդել են: Եթե Երեւանի այն ժամանակվա պատասխանատուներն այսօրվա որոշ պաշտոնյաների նման երկչոտ լինեին եւ վախենային «հին բնակիչների» կամ «հարեւանների» բողոքից, ապա մենք այսօր Հյուսիսային պողոտա չէինք ունենա…

Փարիզի Էյֆելյան աշտարակը միջազգային ցուցահանդեսից հետո պիտի կազմաքանդվեր: Ոմանք այն համարում էին Փարիզի դեմքն աղճատող կառույց, իսկ ոմանք էլ հակառակ կարծիքի էին: Երկու կողմում էլ կային միջազգային համբավի տեր արվեստագետներ, մտավորականներ, ճարտարապետներ: Այնուամենայնիվ, այն մնաց: Մնաց բավարար քաջության եւ վճռականության տեր պաշտոնյաների կամքի շնորհիվ: Դա այս կամ այն խմբի հաղթանակը կամ պարտությունը չէ։ Գործ անելու համար չպետք է տուրք տալ ամբոխային տրամաբանությանը:
Ալեքսանդր Թամանյանին էլ ինչեր ասես, որ չասացին այն օրերի տխրահռչակ «պրոլետարական ճարտարապետները», բայց նա տուրք չտվեց նրանց ու նրանց ետեւից ընկած ամբոխին՝  նույնիսկ իր կյանքին սպառնացող վտանգի դեպքում: Դրա համար էլ ունենք այսօրվա թամանյանական Երեւանը…

Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ