Ռազմի Թեւոնյանն իրեն Արարատի մարզի Ստալին է զգում

Ռազմի Թեւոնյանն իրեն Արարատի մարզի Ստալին է զգում

«Հրապարակն» անդրադարձել է Արարատի մարզում տիրող լարված իրավիճակին. մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը հորդորել է համայնքների ղեկավարներին՝ «լավով» դիմում գրել եւ ազատվել պաշտոններից: Համայնքների ղեկավարները, սակայն, տեղի չեն տալիս: Այժմ հերթը հասել է մարզի այն դպրոցների ու մարզպետարանի ենթակայության տակ գործող բուժհաստատությունների տնօրեններին, ովքեր Փաշինյանի այցի ժամանակ չեն դիմավորել, մարդաքանակ չեն ապահովել, իրենց կոլեկտիվներին չեն ուղղորդել՝ ՔՊ-ին ձայն տալու: Շատերի մոտ պարզապես ստուգումներ են սկսվել, որոնց արդյունքն արդեն «վճռված են»:

Ըստ մեր աղբյուրի, մարզպետի մոտ առնվազն 200 հոգանոց պաշտոնյաների ցուցակ կա, որոնց գլխին կախված է Փաշինյանի պողպատե մանդատն ու մուրճը: Այս ամենը բավականին պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել Արարատի մարզում, ինչը կարող է հասարակական մեծ պոռթկման առիթ հանդիսանալ: Մարզում խնդիրները շատ են, Արմավիրի նման Արարատում նույնպես առկա է ոռոգման ջրի խնդիրը, մարդկանց բերքը չորանում է դաշտերում, ամեն ինչ թանկացել է, գյուղացիները չգիտեն՝ իրենց խնդիրներն ինչպես լուծեն: Թափառող շների ոհմակներն են խնդիր դարձել մարդկանց գլխին, ոհմակներով հարձակվում են մարդկանց վրա: Այս բոլոր խնդիրները լուծելու փոխարեն մարզպետը 37 թվականի քաղաքական ռեպրեսիաներ է իրականացնում՝ ամբողջ էներգիան ծախսելով իշխանության «թշնամիներին» պատժելու վրա, ինչը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:

Մեզ հետ հեռախոսազրույցում Ռազմիկ Թեւոնյանը կտրականապես հերքեց, թե համայնքների ղեկավարներին հորդորել է դիմում գրել: Սակայն տեղեկացանք, որ հենց մեր զրույցից հետո էլ մի շարք համայնքապետերի է կանչել իր մոտ՝ նույն հորդորով: