Ի՞նչ է լինելու մեզ հետ

Ի՞նչ է լինելու մեզ հետ

«Այ որ արցախցի ղեկավարությունը չլքեր արցախը ոնցոր սերժը ու քոչարյանը Արցախը մերը կլիներ բայց նրանք եկան հայաստան ոչ միայն արցախը քանդեցին այլ հայաստան էլ հետը»: Մեկ-երկու օր առաջ նման մեկնաբանության հանդիպեցի հոդվածներից մեկի տակ: Արդեն չեմ հիշում ո՛չ կայքի անվանումը, ո՛չ հոդվածի վերնագիրը և ո՛չ էլ մեկնաբանության հեղինակի անունը՝ եթե, իհարկե, այն իրական էր: Կարևոր չէ նաև տեքստի գրագիտության կամ ավելի ճիշտ՝ անգրագիտության մակարդակը:

Այդ ամենն էական չէ, կարևորը հենց մեկնաբանությունն է, դրա բովանդակությունը: Դա, ինչպես ցույց տվեց հունիսի 20-ի քվեարկությունը, համարյա թե Աստծո ձայնն է՝ ըստ լատինածին «ձայն բազմաց, ձայն Աստծո» ասացվածքի: Այդ «բազմացն», իհարկե, չի նշանակում բացարձակ մեծամասնություն, բայց ժողովրդավարություն կոչվածն ունի հետաքրքիր հատկանիշ՝ մեկ տոկոսով կամ նույնիսկ մեկ ձայնով հարաբերական մեծամասնությունը բավարար է, որպեսզի որոշումներ կայացնի քո փոխարեն՝ տնօրինելով քո ճակատագիրը: Եվ վերը ներկայացված տեքստի հեղինակը փաստորեն այդ հարաբերական մեծամասնության մունետիկն է՝ նրա բոլոր չափանիշներով հանդերձ:

Սակայն այդ մեծամասնության բաղադրիչ մասերից մեկն օրերս հարված ստացավ քթին խորհրդարանի ընտրությունից անմիջապես հետո: Պարզվում է, որ Արմավիրի մարզի մի քանի համայնքում մի քանի օր է, ինչ ոռոգման ջրի խնդիր է ծագել: Իշխանության ուշադրությունը գրավելու համար գյուղացիները ստիպված փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը: Սակայն պարզվում է, որ քարոզարշավի ժամանակ նրանք Փաշինյան Նիկոլին տեղեկացրել են ջրի խնդրի մասին, ու վերջինս պատասխանել է, որ խնդիր չեն ունենա՝ կարևորը իր, այսինքն՝ «նիկոլական ապագային» քվե տալն է: Արմավիրցիներն էլ մեկ մարդու նման (ընտրությանը մասնակցածների 65-70%-ը) իրենց ձայնը նվիրաբերել են Նիկոլին: Իսկ քվեարկությունից մեկ-երկու օր անց նրանց ոռոգման ջուրը կտրել են՝ ասելով, թե վթար է: Իհարկե, հաշվի չեն առել, որ գյուղացիները վարկով սերմեր ու սածիլ են գնել, ու ցանել, իսկ դրանց ջուր է անհրաժեշտ՝ հատկապես նման շոգերին: Բայց դե նրանց ջուրը կտրել են՝ ասելով, թե վթար է տեղի ունեցել: Ու մի քանի օր չեն վերացրել ենթադրական այդ վթարը:

Ինչպես երևում է, Նիկոլի հաղթանակը ծանր է ազդել ենթակառուցվածքների աշխատանքի վրա, քանի որ նույնիսկ Երևանում են անընդհատ լույսն ու ջուրը կտրում՝ անվանելով վթարային անջատումներ, ուր մնաց Արմավիրի մարզը:

Սպասելի էր, որ հայաստանյան ֆեյսբուքը պայթելու էր, և գյուղացիների նկատմամբ վերաբերմունքն արդեն նախկինը լինել չէր կարող: Եվ դա, ճիշտ է, թե սխալ, սակայն նորմալ է: Նորմալ է, որովհետև արմավիրցիների և նրանց նմանների պատճառով հայրենիքի գիտակցությամբ օժտված մարդիկ մեկ շաբաթ խելքի չեն գալիս: 2020 թվականի խայտառակ պարտությունից հետո Աստված մեզ տվեց երեք հնարավորություն, և մենք չկարողացանք օգտվել դրանցից երկիրը նիկոլիզմից ազատելու համար: Հիշեցնեմ՝ առաջին հնարավորությունը պատերազմի ավարտին հաջորդած օրերն էին, երբ Նիկոլը թաքնվել էր անհայտ բունկերում, և մարդիկ գրավել էին կառավարության շենքն ու «դաչաները»: Երկրորդ հնարավորությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավարության հայտարարությունն էր Փաշինյան Նիկոլի հրաժարականի պահանջով, իսկ երրորդը՝ հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունը: Արդեն չգիտեմ, թե երբ կլինի կամ կլինի արդյոք չորրորդ հնարավորությունը, սակայն սա այն դեպքն է, երբ չեմ կարող չասել՝ «Աստված, պահպանի՛ր մեր ժողովրդին»: