Երեւանն ազատագրելու խնդիր ունենք

Երեւանն ազատագրելու խնդիր ունենք

Երեւանի ընտրություններին պետք է պատրաստվել լրջորեն: Բանն այն է, որ այդ ընտրությունները կարող են տեղի ունենալ առանց Նիկոլ Հայաստանում, իսկ դա նշանակում է, որ ընտրությունները կարող են լինել արդար, իսկ արդյունքները՝ խիստ անկանխատեսելի: Էլ չեմ խոսում այն մասին, որ ՔՊ-ն, որպես քաղաքական ուժ, այդ ժամանակ արգելված լինի կամ ուղղակի առանց Նիկոլի չմասնակցի ընտրություններին: Կարո՞ղ է որեւէ մեկն ինձ ասել, թե ով կլինի առանց Նիկոլ ՔՊ-ի թեկնածուն: Տիգրան Ավինյանը կհանդգնի՞: Չեմ կարծում, քանի որ Ավինյանը Նիկոլի թեկնածուն է եւ առանց Նիկոլի որեւէ շանս չունի բարձրացնելու մայրաքաղաքապետ դառնալու ծանրաձողը: Փորձեք ուրիշ անուններ տալ ՔՊ-ից: Դրանք բոլորն էլ ծիծաղելի են, որովհետեւ Նիկոլի ստվերից դուրս մարդ չկա ՔՊ-ում:

Իսկ ի՞նչ է ՔՊ-ն առանց Նիկոլի: Կուսակցությո՞ւն, քաղաքական ո՞ւժ, գաղափարախոսությո՞ւն, փո՞րձ, արհեստավարժությո՞ւն… Ոչ մի բան էլ չէ: Ավելի շուտ՝ փորձանք է, որին Երեւանում ձայն կտան բացառապես «կտտցրածները», այն էլ՝ Նիկոլի հետ կապված «ջերմ» հուշերի ազդեցության տակ: Կարող եք ասել՝ բա ԿԸՀ-ի Վահագն Հովակիմյանը, բա ոստիկանապետը, բա դատախազը՝ բոլորը ՔՊ-ից են: Շատ ներողություն, բայց վրեն, թե ՔՊ-ից չեն: Առանց Նիկոլի ի՞նչ ՔՊ, ի՞նչ Վահագն Հովակիմյան, ի՞նչ ոստիկանապետ, ի՞նչ դատախազ: Նիկոլը պետք է լինի, որ քարոզարշավ անի, ելույթներ ունենա, մարդկանց թլսորի՝ ապագա կա ապագա, Երեւանը դարձնենք խաղաղության մայրաքաղաք, 100 փաստ՝ մետրոյի կայարանների թիվը կրկնապատկելու, նորագույն ավտոբուսներ ներկրելու, կանաչ տարածքներն ընդարձակելու, վերելակները մեծացնելու, զիբիլը լավ թափելու մասին, ու լիքը նման բաներ:

Բայց ինչ էլ լինի, Երեւանի ընտրություններին Նիկոլով հասնենք, թե առանց Նիկոլի, դրանց պետք է պատրաստվել լրջորեն: Երեւանի եւ երեւանցու պատվի հարցն է դա․ ոչ մի ՔՊ-շնիկ, Նիկոլի թեկնածուն լինի, թե անկապ մեկը քաղաքացիական պոռնոգրաֆիա հիշեցնող այդ կազմակերպությունից, չպետք է դառնա Երեւանի քաղաքապետ: Ուղղակի ամոթ է, որ երեւանցիները կրկնեն իշխանասարցիների «ռեկորդը» եւ քվե տան իրենց քաղաքը թուրքի ոտքի կոխան անող քաղաքական ծաղրածուներին: Ինչո՞ւ Հայկ Մարությանին հեռացրին պաշտոնից: Որովհետեւ Հայկ Մարությանը, լինելով միմոս դերասան, 44-օրյա պատերազմից հետո չուզեցավ ճանապարհ գնալ իսկական միմոսների ու ազգային խայտառակությունների հետ: Երեւանի նիկոլա-էդմոնական ավագանին պատժեց Հայկոյին դրա համար՝ քաղաքապետ ընտրելով մեկին, ով պետք է իր նորանշանակ տեղակալի մոտ քաղաքապետ աշխատեր, մինչեւ այդ «նորանշանակին», այն է՝ Տիգրան Ավինյանին, Նիկոլն ընտրություններով դարձներ քաղաքապետ: Էս բոյի էլ աճպարարությո՞ւն: Չի ստացվելու:

Մեզանում տարածված է այն թյուր թեզը, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն: Ոչ, բարեկամներ, դրանք ամենաիսկական քաղաքական ընտրություններ են եւ այդպիսին են հատկապես Նիկոլի Հայաստանում, որտեղ քաղաքական կատեգորիա է գրեթե ամեն ինչ, անգամ մարդկային հարաբերությունները: Հիշեք, թե այսօր քանի ընտրված համայնքապետ կա բանտում: Դա ՏԻՄ ընտրությունները մինչեւ վերջ քաղաքականացնելու հետեւանք է: Ավելի պատկերավոր ասեմ՝ էս երկրում համայնք կա՞, որ վարչապետի ասածը չանի ու նրա թեկնածուին չընտրի…

Վերջ: Անցան այդ ժամանակները, պարոն վարչապետ: Դուք այժմ արդեն պետք է մտածեք ոչ թե հաղթելու, այլ չխայտառակվելու մասին: Կարծում եմ՝ օրերս Հանրապետության հրապարակում Ձեր կողմնակիցների «մարդաշատ» հավաքից դասեր կքաղեք ու կդադարեցնեք Երեւանի քաղաքապետի աթոռի համար ձեր անիմաստ մրցավազքը: Ձեզ չի օգնելու նույնիսկ հայրենասերի թիկնոցը, որ վերջին օրերին փորձում եք քաշել ձեզ վրա: Ձերը, ինչպես հասկացանք, ուրիշի հովանոցի տակ ծվարելն է՝ ռուս լինի, թուրք, թե ամերիկացի:

Իսկ հիմա պոլիտիկան դնենք մի կողմ եւ փորձենք հասկանալ, թե ինչպես է ՔՊ-ն կառավարել Երեւանն այս տարիներին: Մի քանի փաստ բերեմ՝ փոխել է տոնածառը… Կներեք, բայց ես ուրիշ փաստեր չունեմ այլ գործերի մասին, որ ՔՊ-ն արել է ի բարօրություն Երեւանի եւ երեւանցիների: Մայրաքաղաքի բիզնես միջավա՞յրն է ավելի գրավիչ դարձել, թե՞ ներդրումներն են հորդում, փողոցնե՞ր են բարեկարգվել, թե՞ շքամուտքեր նորոգվել, երթեւեկությո՞ւնն է կարգավորվել, թե՞ քաղաքն ավելի հարմարավետ է դարձել հետիոտների համար… Գուցե մենաշնորհնե՞րն են պակասել, գուցե մրցույթնե՞րն են դարձել առավել թափանցիկ: Դեռ չեմ խոսում քաղաքապետարանն ու վարչական շրջանների ադմինիստրացիաները բացառապես յուրայիններով լցնելու մասին: Մտնում ես թաղապետարան՝ եսիմոր գյուղից թշերը կարմիր մի աղջիկ դիմումդ վերադարձնում է ու ասում՝ թաղապետը մերժել ա… Ինչո՞ւ է մերժել, ի՞նչ պատճառաբանությամբ… Չիդեմ, գրել է, որ Ձեր հարցը չի լուծվի, ըդպես օրենք չկա… Մի կերպ հասնում ես թաղապետին, ու պարզվում է, որ թաղապետ ասվածը բոզգեղցի ակտիվ ՔՊ-շնիկ է՝ ո՛չ վարչական շրջանին է ծանոթ, ո՛չ շրջանի մարդկանց խնդիրներին:

Հուսամ՝ հասկացանք, թե ինչու պետք է Երեւանի ընտրություններին պատրաստվենք լրջորեն: Նիկոլով լինեն դրանք, թե առանց Նիկոլ, էական չէ: Նիկոլից ու նիկոլիզմից (ՔՊ-ից) Երեւանն ազատագրելու խնդիր ունենք: