Ծննդատների լուծարման վերաբերյալ

Ծննդատների լուծարման վերաբերյալ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը գրել է․

«Անցած շաբաթ, հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարությունը որոշել է լուծարել հանրապետության մի շարք բնակավայրերում գործող ծննդատները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, այն ծննդատները, որոնք տարվա ընթացքում չեն ընդունում 150 և ավել ծնունդ, ենթակա են լուծարման, իսկ համապատասխան բնակավայրերի բնակչությունը պետք է օգտվի մարզկենտրոնների ծննդատներից։ Հիմնական պատճառաբանությունն այն է, որ այս ծննդատների գործունեությունը տնտեսապես նպատակահարմար չի, և նույն բնակչությունը կշահի, եթե առողջապահական ծառայությունները կենտրոնացվեն փոքր քանակությամբ, բայց ավելի լավ ֆինանսավորվող հաստատություններում։

Սա բարդ խնդիր է, և իրականում չի վերաբերվում միայն ծննդատներին։ Մեր երկրի բնակչության մոտ կեսը ապրում է բնակավայրերում, որոնք 30,000-ից պակաս բնակչություն ունեն, և նրանց համար բազմատեսակ ծառայությունների լիարժեք և բարձրորակ սպեկտր ապահովելն իսկապես հեշտ չի, պատահական չի, որ դրանք կենտրոնացած են հենց մեծ քաղաքներում, և առաջին հերթին Երևանում։
Սակայն ծննդատների դեպքում, մինչև այս պարզ "շուկայական" տրամաբանությունը կիրառելը, պետք է հաշվի առնել բոլոր բացասական հետևանքները։ Թվեմ մի քանիսը՝

ա) Հայաստանում, սկսած 2014 թ, տեղի է ունենում ծնելիության անընդհատ անկում։ Եթե 2014 թ․ ծնվել է 43 հազար երեխա, ապա 2018 թ․՝ ընդամենը 36,6 հազար երեխա, 2019 թ․ նախնական տվյալներով՝ դրանից էլ փոքր ինչ պակաս։ Այս ընթացքում, Հայաստանում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով 14,3 -ից նվազել է մինչև 12,3: Այս միտումների շարունակության դեպքում, 2025-2030 թվականներին, երբ ըստ մասնագետների կանխատեսումների, մենք կհայտնվենք հերթական "ծնելիության փոսում", այն կարող է ընկնել մինչև 1000 բնակչի հաշվով 10 - 11 ծնունդ, որն արդեն բավարար չի նույնիսկ պարզ բնական վերարտադրության համար։ Այս պայմաններում, ցանկացած գործողություն, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ արդեն իսկ ցածր ծնելիության վրա, ինքնին սխալ և դատապարտելի է, մանավանդ մի Կառավարության կողմից, որն իր նպատակն է հայտարարերել 30 տարում բնակչությունը հասցնել 5 միլիոն մարդու։

բ) Եթե Կառավարությունը համարում է, որ առանձին վերցված ծննդատան համար շեմը 150 ծննունդն է տարեկան, ապա պրակտիկորեն ցանկացած համայնք, որը չունի 15 000-ից ավել բնակչություն, ծնելիության հետագա անկման պայմաններում հայտնվելու է ծննդատան փակման վտանգի առաջ։ Կից պատկերում ներկայացված են Հայաստանի այն քաղաքային բնակավայրերը, որոնք ունեն 4 000 - 15 000 բնակչություն։ Այսօր մենք ունենք 22 այդպիսի բնակավայր, որում միասին վերցված ապրում է մոտ 174 հազար բնակիչ, իսկ նրանց մոտակա գյուղերի հետ՝ ավելի քան 300 հազար: Այս բոլոր բնակավայրերը կարող են մնալ առանց ծննդատան, և դա կարող է էապես անդրադառնալ նրանց ընդհանուր ապագայի վրա, մանավանդ սահմանամերձ և հեռավոր քաղաքների՝ ինչպիսիք են Ճամբարակը, Ագարակը, Վարդենիսը, Նոյեմբերյանը, Բերդը, Քաջարանը, և այլն։ Ծննդատների փակվելը լրացուցիչ խթան կդառնա այս բնակավայրերից արտագաղթի, և մեծ հավանականությամբ, մարդիկ ընդհանրապես կհեռանան երկրից։

գ) Գաղտնիք չէ նաև, որ այս բնակավայրերում շատ չեն որակյալ աշխատատեղերը, և ծննդատները այդպիսի աշխատատեղեր ապահովող հազվադեպ հաստատություններից են։ Նրանց կրճատումը հարյուրավոր մասնագետների կթողնի առանց աշխատանքի, քանի որ նրանց մասնագիտությամբ, ըստ սահմանման, իրենց բնակավայրերում այլ աշխատանք չկա, իսկ այլ տեղերում էլ նրանց չեն սպասում։

դ) Վերջապես, ով մեկ անգամ երեխա է ունեցել, հրաշալի գիտի, որ հաճախ են դեպքերը, երբ բժշկական օգնությունը խիստ հրատապ է, այլապես ծննդաբերությունը կարող է վերջանալ ողբերգությամբ։ Երբ մոտակա ծննդատունը գտնվում է 50 և ավել կմ հեռավորության վրա, լեռնային, երբեմն անանցանելի ճանապարհներով, չեն բացառվում այն դեպքերը, երբ այդ օգնությունը իսկապես ուշանա, և երեխայի, կամ նույնիսկ ծննդկանի մահվան պատճառ դառնա։

Ամփոփելով ասածս, կոչ եմ անում Կառավարությանը հետ կանգնել այս հերթական չմտածված ու վնասակար քայլից։ Որպես Կառավարություն, դուք պարտավոր եք մտածել մարդկանց կյանքի որակը բարձարցնելու, և ոչ թե եղածից էլ զրկելու մասին։ Առավել ևս, որ այդպիսի լուծումներ կան համանման երկրներում, երբ փոքր բնակչությամբ բնակավայրերում բժշկական հաստատությունները լուծարվելու փոխարեն տարբեր ճկուն տեխնոլոգիական մոտեցումների միջոցով համապատասխանության են բերվում ծառայությունների փաստացի պահանջարկին։ Մտածեք այդ լուծումների մասին, և մի շտապեք քանդել այն, ինչ դուք չեք ստեղծել, վտանգելով բազմաթիվ բնակավայրերի և ընտանիքների ապագան»։