Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետին ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է
Նոյեմբերի 6-ին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էսենյուրթի քաղաքապետ Ահմեդ Օզերի կալանավորման դեմ բողոք է ներկայացվել, որում պահանջվել է վերջինիս ազատ արձակումը։
Զուգահեռ նշվում է, որ Օզերի փաստաբանների կողմից ներկայացված միջնորդությունը Թուրքիայի հերթապահ առաջին ատյանի քրեական դատարանի կողմից մերժվել է։
Հիշեցնենք, որ Օզերը ձերբակալվել էր հոկտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու մեջ։
Ընդդիմադիր քաղաքական գործիչին ձերբակալելուց հետո Թուրքիայում մի շարք ընդդիմադիր քաղաքապետեր ևս ձերբակալվեցին։ Այս ամենը ընդդիմության կողմից անընդունելի և ապօրինի որակվեց ու գործողությունները համարվեցին ուղղորդված իշխանությունների կողմից։
Նրանց փոխարեն երկրի ՆԳՆ-ի կողմից նշանակվեցին հոգաբարձուներ, ինչն էլ արևելյան հատվածներում բողոքի ցույցերի առիթ դարձավ։
Կարծիքներ