Իրանական տելեգրամյան ալիքը Աբդուլլահ Օջալանին է անդրադարձել

Իրանական տելեգրամյան ալիքը Աբդուլլահ Օջալանին է անդրադարձել

Պանթյուրքիստները ներկայացնում են Օջալանի դիվային դեմքը, բայց գործնականում այս ներկայացուցչությունն ազնիվ չէ:

Գրում է իրանական «Ազարիհա» տելեգրամյան ալիքը՝ անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկված Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ, քաղաքական տեսաբան Աբդուլլահ Օջալանի ձերբակալությանը։

1998 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունն առեւանգել էր Օջալանին և 1999 թվականին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի օդանավակայանում արտահանձնել Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպությանը։

Տելեգրամյան ալիքը գրում է, որ այդ ժամանակ Թուրքիայի կառավարությունը բաղկացած էր կոալիցիոն երեք կուսակցություններից՝ «Հայրենիք» կուսակցություն Մեսութ Յըլմազի գլխավորությամբ, «Ազգայնական շարժում» -ը կամ «Գորշ գայլերը» -ը՝ Դեվլեթ Բահչելիի գլխավորությամբ, և «Քեմալական ձախ դեմոկրատական» կուսակցությունը՝ Բյուլենթ Էջևիթի գլխավորությամբ։ Երեք կուսակցությունները համատեղ վերահսկում էին խորհրդարանը և Օջալանի ձերբակալությունից անմիջապես հետո խորհրդարան էին ներկայացրել մահապատժի վերացման օրինագիծը։ «Ինչու՞ քեմալական և պանթյուրքիստական կուսակցությունները օրինագիծ ընդունեցին կանխելու համար Օջալանի մահապատիժը, ում կոչում էին հազարավոր մարդկանց մարդասպան։ Սա մի հարց է, որի պատասխանը երբևէ չի տրվել»,- հարցադրում է անում «Ազարիհան»։

Տելեգրամյան ալիքը եզրափակելով՝ ևս մեկ հարցադրում է անում. «Այլ բան է, որ նրանք դեռ նրա ծառայությունների կարիքն ունե՞ն` մթնոլորտ ստեղծելու համար»։

Նշենք, որ Իրանն ինքը խնդիրներ ունի քրդական անջատողականության հետ կապված, ինչպես իր հարևաններ՝ Թուրքիան, Սիրիան, Իրաքը։ Իրանի 31 նահանգներից մեկն էլ Քուրդիստանն է։

«Հրապարակի» լրագրողին հայտնած տեղեկության համաձայն՝ 1990-ական թվականներին, երբ հանդիպում էր եղել Օջալանի և հայաստանցի մի մտավորականի միջև, քուրդ քաղաքական գործիչն ասել էր, որ «քրդերն իրենցն են համարում մինչեւ Երևան ընկած տարածքները»։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան ստորագրված կապիտուլյացիայի փաստաթղթի համաձայն՝ նախատեսված է, որ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքով պետք է անցնի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանին միացնող ճանապարհ, որը նոր իրողություններ և ռիսկեր է ստեղծում Հայաստանի և Արցախի համար։