Ի՞նչ ուղերձ է ստացել Լավրովը Բլինքենից և ո՞ւմ միջոցով

Ի՞նչ ուղերձ է ստացել Լավրովը Բլինքենից և ո՞ւմ միջոցով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ «որոշակի ուղերձ» է ստացել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից։
Ռուս դիվանագետի խոսքով՝ ամերիկացի քաղաքական գործիչն իր ուղերձը փոխանցել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի միջոցով, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ 

Լավրովը ներկայացրել է այդ ուղերձի բովանդակությունը, որում Բլինքենը ևս մեկ անգամ պահանջել է Մոսկվայից դադարեցնել ռազմական գործողությունները և լքել Ուկրաինայի տարածքը։

«Պարոն նախարարը (Եգիպտոսի արտաքին գործերի-խմբ․) ասաց, որ ինքը որոշակի ուղերձ է ստացել պետքարտուղար Բլինկենի կողմից, ով վերջերս այցով գտնվում էր Կահիրեում։

...Այս կապակցությամբ մենք եւս մեկ անգամ լսեցինք նախարարի միջոցով ուղարկված ուղերձը, որ Ռուսաստանը պետք է կանգ առնի, Ռուսաստանը պետք է հեռանա, եւ այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Լավրովը։

Նախարարի խոսքով՝ այս ուղերձի երկրորդ մասը ներկայացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, երբ նա այցով գտնվում էր Հարավային Կորեայում։ 

Լավրովն ընդգծել է, որ դաշինքի գլխավոր քարտուղարն իր ելույթի ժամանակ ուղղակիորեն հայտարարել է Ուկրաինայում Ռուսաստանի պարտության անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով Արևմուտքի անխուսափելի փլուզումը, եթե Կիևը պարտվի։