Չինովնիկն ու շեֆը

Չինովնիկն ու շեֆը

Չինովնիկական վարքուբարքերն ու ավանդույթները մի ուրույն աշխարհ են՝ շարքային մահկանացուներիս համար օտար եւ ոչ հասու։ Այստեղ ոչ միայն բամբասանքն ու իրար տակ փորելն են առօրեական երեւույթ, այլեւ կառույցների ներսում տիրող մթնոլորտն է բոլորովին այլ, եւ մարդկային փոխհարաբերություններն են առանձնահատուկ։

Չինովնիկական միջավայրում սովոր են ղեկավարների հարափոփոխ «կոնվեյերին»՝ հին ղեկավարին թեթեւ ճանապարհում են, նորին՝ սիրով ընդունում եւ արագ հարմարվում։ Ողջ ապարատն անմիջապես որսում է նոր ղեկավարի տեսակը։ Արագ վերակառուցվում են՝ նորի ցանկություններին ու պահանջներին համահունչ։ Շուտ նկատում են նոր շեֆի թերություններն ու թուլությունները։ Բայց ամեն գերատեսչությունում կան հին ու անփոխարինելի աշխատողներ, որոնք ավելի վստահ են իրենց զգում, եւ՝ թիթեռնիկներ, որոնց երկարակեցությունը պայմանավորված է օրվա ղեկավարի եւ նրա «սիրելիների» հետ ունեցած հարաբերություններով, ուստի ապարատն անմիջապես հասկանում է, թե ով է շեֆի «ֆավորիտը», որին մոտ լինելը, հաճոյանալը, նվերներ մատուցելը կարող են ամրապնդել իրենց դիրքը կառույցում։ Բայց վայը եկել է, նրան տարել, ով կհայտնվի շեֆի սեւ ցուցակում։

Չինովնիկական միջավայրում այլեւս չեն զարմանում, որ ամեն նոր ղեկավար սկսում է «մինի-կառույց» ձեւավորելուց՝ քարտուղարուհի, օգնական-խորհրդական, խոսնակ։ Նրանք, որպես կանոն, գալիս են նոր ղեկավարի հետ եւ նրա հետ էլ գնում։ Ընդ որում, «հարեմում» ամենածանրակշիռը նրա դիրքն է, ով անարգել ելումուտ ունի ղեկավարի առանձնասենյակ։ Նա դառնում է այն խողովակը, որի միջոցով հարցեր են լուծվում շեֆի մոտ։ Հաճախ այս անձի միջոցով են նաեւ մութ գործարքներն արվում։ Բայց հետագայում այս անձինք առաջինն են «փուռը գնում»՝ անգամ շեֆից առաջ։