Ալիեւը հասե՞լ է նպատակին

Ալիեւը հասե՞լ է նպատակին

 Շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի աշխատանքային այցը Չինաստան` այդ երկրի առաջնորդի հրավերով: Առիթը Պեկինում գումարված Մեկ գոտի` մեկ ճանապարհ միջազգային խորհրդաժողովն էր, որին մասնակցեցին տասնյակ երկրների եւ կառավարությունների ղեկավարներ: Ադրբեջանական կողմի համար, թերեւս, ամենանշանակալին Ալիեւի առանձին հանդիպումն էր Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ, որի ընթացքում վերջինս, ինչպես Բաքվի մամուլն է փոխանցում, լիակատար աջակցություն է հայտնել Ադրբեջանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը: Սա երկկողմ հանդիպման տեղեկատվական ֆոնն է: Իրականում հարցերի ի”նչ շրջանակ է քննարկվել` մնում է վարագույրից այնկողմ: Ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Բաքուն ձգտում է Պակիստանի միջոցով ելք ունենալ դեպի չինական ռազմական տեխնոլոգիաներ:

Ադրբեջանի համար, մասնավորապես, լրջագույն խնդիր է Բելառուսից ձեռք բերված Պոլոնեզ համակարգերի հրթիռային մատակարարման ապահովումը: Բանն այն է, որ այդ հրթիռներն արտադրում եւ Բելառուսին է մատակարարում Չինաստանը: Ըստ երեւույթին, հարկ է ունենալ Պեկինի համաձայնությունը, որպեսզի ադրբեջանական Պոլոնեզները համալրվեն մարտական հրթիռներով, եւ Բելառուսը մեծահոգաբար խնդրի կարգավորումը թողել է Ադրբեջանի վրա: Մեկ գոտի` մեկ ճանապարհ խորհրդաժողովին մասնակցության հրավերն Ալիեւի համար գերազանց հնարավորություն էր` չինական կողմի հետ քննարկելու ռազմական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր:

ԼՂ հարցում, կարելի է ասել, Ալիեւին հաջողվել է ստանալ չինական կողմի քաղաքական աջակցությունը: Այդ համատեքստում կարելի է ենթադրել, որ Չինաստանն Ադրբեջանին Պոլոնեզ  համակարգի հրթիռներ կմատակարարի: Ահա գլխավոր հարցը, որովհետեւ հակառակ դեպքում Պոլոնեզ դադարում է ռազմավարական նշանակություն ունենալ եւ վերածվում մուլյաժի: Ադրբեջանական մամուլում ակնարկ իսկ չկա, թե Ալիեւը չինական կողմի հետ քննարկել է ռազմական ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր: Բայց դա չի նշանակում, թե իրականում նման քննարկումներ չեն եղել: Կողմերը մի շարք համաձայնագրեր են ստորագրել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 800 միլիոն դոլար: Եւ բառաված չէ, որ բարձր տեխնոլոգիաների անվան տակ նկատի է առնվում հենց ռազմական բաղադրիչը: Մի բան չափազանց ակնհայտ է` Ադրբեջանը ձգտում է հասնել չինական կողմի քաղաքական բարեհաճությանը` այն նյութականացնելու նախագծումներով: Եւ թե որքանով է դա հաջողվել Ալիեւին` հասկանալի կդառնա չին-ադրբեջանական համագործակցության առաջիկա դրսեւորումներից: